Առանց Սիլվիո չեն կարող


 

Պախարակեցին, ստիպեցին հեռանալ, հիմա էլ ասում են` «Առանց նրա չենք կարող»: Որպես վարչապետ` նրա վերադարձի պահանջ իտալացի հանրությունը դեռ չի առաջադրում: Բայց Բեռլուսկոնիի ղեկավարած «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամներն էլ նույն հասարակության անդամներ են և իրենց առաջնորդի պաշտոնանկության մի քանի ամիսներում հասկացել են, որ առանց նրա ընտրություններում հաղթելու իրենց շանսը գրեթե զրոյական է: Ու հենց կուսակիցներն էլ մտադիր են Բեռլուսկոնիին իշխանության վերադարձնել` 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Corriere dellΖ SerΖ թերթի տեղեկացմամբ` այսպիսի զարգացման հնարավորության մասին հայտարարվել է կուսակցության ակտիվիստների հանդիպման ժամանակ, որում քննարկվել են վերջին հարցումների արդյունքները: Դրանց համաձայն` կուսակցությունն առանց Բեռլուսկոնիի նույնիսկ քվեների 10 %-ը չի ստանա: Եթե վարչապետի պաշտոնում իրենք առաջադրեն Սիլվիոյի «հաջորդ» Անջելինո Ալֆանոյին, ապա կուսակցությունը կարող է շահել ձայների 18 %-ը: Բայց եթե ընտրացուցակը գլխավորի անձամբ Բեռլուսկոնին, այդ դեպքում իրենց օգտին կլինի քվեների 30 տոկոսը:

Դե, ո՞ր առաջնորդը կհրաժարվի վերադարձից: Եվ արդեն իսկ մամուլը նշում է, որ ամռան վերջին 2 ամիսները էքս-վարչապետը նվիրելու է մեծ քաղաքականություն վերադառնալու նախապատրաստության ու տնտեսության զարգացման նոր ծրագիր կազմելուն: Բնականաբար, հանգստի մասին խոսք լինել չի կարող, և Սարդինիայում գտնվող իր պերճատան փոխարեն նա կմնա մերձմիլանյան տանը: