ԲՀԿ-ն կընդգրկվի՞ իշխող կուսակցությունների քաղակումբում


 

Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելու է ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների քաղաքական ակումբ: Ի՞նչ դիրքորոշում կունենա այս առնչությամբ «Բարգավաճ Հայաստանը», որը Պուտինի կուսակցության հետ սերտ կապեր ունի: Այս և նմանատիպ հարցերի պարզաբանման նպատակով զրուցեցինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

Կարծիք կա, որ ԲՀԿ-ն ինչ-որ կերպ կարող է մասնակցություն ունենալ այդ նոր ստեղծվող ակումբին` հաշվի առնելով «Եդինայա Ռոսիա» - ԲՀԿ սերտ կապերը: Թե՞ դրան կխանգարի ԲՀԿ-ի` իշխող կուսակցություն չհամարվելու հանգամանքը. Դուք բազմիցս նշել եք, որ «Բարգավաճ Հայաստանն» այլընտրանք է իշխող կուսակցությանը :

- Ինձ հայտնի չէ նմանատիպ ակումբի ստեղծումը, բայց հայտնի են «Եդինայա Ռոսիայի» հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցության կոնկրետ ձևաչափերը: Ինքս, որպես ԲՀԿ պատվիրակ, հունիսի 28-29-ին Կազանում մասնակցել եմ Եվրասիական միությանը վերաբերող ֆորումին, որտեղ տեղի ունեցավ քննարկում` միջկուսակցական որևէ մարմին ստեղծելու վերաբերյալ: Ես հայտնել եմ, որ մենք ողջունում ենք նման համագործակցության ձևաչափը, որը ճշգրտման կարիք ունի: Գործնական քայլերի անցնելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել, հստակեցնել այս հարցերը: Ավելին ինձ հայտնի չէ: Նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կասաչովի հետ եկանք այն եզրակացության, որ նպատակահարմար է ստեղծել միջկուսակցական որևէ մարմին, որը կարող է նպաստել և´ կուսակցությունների հարաբերությունների բարելավմանը, և´ պետական մակարդակով բարեկամությանը, և´ ընդհանրապես կապերի ամրապնդմանը: Իսկ խնդիրների, գործողությունների հետ կապված հստակություն չկա: Ես առաջարկել եմ մեր հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ և բաց քննարկումների արդյունքում միայն անդրադառնալ նմանատիպ կազմակերպության ստեղծման ու դրան ԲՀԿ-ի անդամակցության նպատակահարմարությանը:

Սպասվում է, որ մոտ ապագայում խնդիրների հստակեցման նպատակով քննարկումներ կլինեն, և ամենայն հավանականությամբ Դուք էլ կմասնակցեք: Կրկնեմ հարցս. ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի անդամակցությունն այդ` իշխող կուսակցությունների ակումբին: Չէ՞ որ ԲՀԿ-ն իշխող կուսակցություն չի համարվում:

- Իմ անձնական կարծիքն եմ հայտնում. մեզ համար ընդունելի չի լինելու իշխող կուսակցություններ ձևակերպումը: Մենք այդպիսի անվանում ունեցող և այդպիսին հանդիսացող միավորման մեջ լինել չենք կարող:

Եվ որքան հասկանում եմ, ԲՀԿ-ը կողմ է Եվրասիական միությա՞նը :

- Վ. Պուտինի առաջ քաշած գաղափարը մենք գնահատել ենք որպես քննարկման արժանի գաղափար: Անշուշտ, մենք մատնանշում ենք այն դրական հանգամանքները, որոնք կարող են մեր երկրի և քաղաքացիների համար գործնականում արդյունավետ լինել: Ես կուզենայի, որ նախաձեռնողների կողմից մենք ունենայինք հիմնավորումներ` և´ ՀԱՊԿ-ի, և´ մաքսային միության, և միասնական տնտեսական ոլորտի, համագործակցության ձևաչափերի առումով:

Դուք իհարկե տեղյակ եք, որ նախատեսվում է աշնանը համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ` ազատ առևտրի մասին: Այդ համաձայնագրին և Եվրասիական միությանը մեր մասնակցությունն արդյո՞ք չեն կարող խնդիրներ առաջացնել:

- Միանշանակ` Եվրասիական միության հետ կապված որևէ գործընթաց, որին մենք մասնակցություն կունենանք, չպետք է հակադրվի այլ միջազգային միավորումների մեջ Հայաստանի դերակատարմանը և դրանց հետ համագործակցության արդյունքում մեր շահերին:

Բայց չէ՞ որ Եվրասիական միությունն ունի դրույթներ, որոնք ուղղակի հակասության մեջ են ԵՄ և ազատ առևտրի դրույթների հետ:

- Մեր բոլոր բանակցությունների ժամանակ մենք պետք է առավելագույնս առաջ քաշենք և պահպանենք մեր շահը` բոլոր ուղղություններում: Այլ ձևաչափերում մեր մասնակցությունը չպետք է ստորադասվի որևէ այլ միջազգային միավորմանը մեր անդամակցությանը:

- Նույնը կարելի է ասել Հայաստանի Եվրաինտեգրման վերաբերյա՞լ :

- Որպես ԱԺ պատգամավոր, իմ դիրքորոշումն է` բոլոր միջազգային միավորումներում Հայաստանի դերակատարման և մասնակցության պարագայում մենք պետք է կարողանանք հասնել նրան, որպեսզի մեր պետական, ազգային շահը չստորադասվի:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ