«ԱՐՄԱՎԻԱՆ» ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ


 

Դժգոհության նոր ալիք է բարձրանում ուղևորների շրջանում, ովքեր այլևս չեն ուզում համակերպվել այն քմահաճությունների հետ, որոնք իր համար գործելաձև է հռչակել ազգային փոխադրող համարվող «Արմավիա» ընկերությունը:

Այս օրերին ինքնաթիռների տոմսերի թանկացումները խոչընդոտներ են ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել հանգստի Հայաստանից դուրս: Լուրջ դժգոհություններ ունեն նաև սիրիահայերը, որոնց դժբախտությունից կամենում է օգտվել ընկերությունը` թանկացնելով ծառայությունները:

Զարմանալին այն է, որ, չնայած բազմաթիվ դժգոհությունների առկայությանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կրավորական կեցվածք է ընդունել և չի կամենում կանխել «Արմավիայի» ապօրինություններն ու այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի քաղաքացիներին: Ուղևորներից շատերը մեզ հետ զրույցում ասացին, որ հիմա ստիպված են հատել սահմանն ու հասնել Վրաստան, որտեղ շատ ավելի լավ պայմաններ են ստեղծված օդային ուղևորափոխադրումների համար:

Մնում է հուսալ, որ Հայաստանի կառավարությունը վերջապես քննարկման նյութ կդարձնի Միխայիլ Բաղդասարովի ընկերության գործունեությունը, որն առայժմ ի վնաս Հայաստանի է, ի վնաս հայաստանցու: