ՓԱՍՏՈՐԵՆ` ՊԱՐՏԱԿՈՒՄ


 

- Մինչև Եվրոդատարանն այդ հարցը լուծում է, օրենքը համապատասխան փոփոխություն է կրում, և միանշանակ չի կարելի ասել, որ եթե ԵԴ-ն վճիռ է կայացրել, ուրեմն մեղավորը դատավորն է,- նման բացատրություն է տվել արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանը այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Եվրոդատարանը բավարարում է Հայաստանից ստացված բողոքները, տուգանքներ սահմանում, իսկ գումարները վճարում են ոչ թե սխալ թույլ տված դատավորները, այլ` պետբյուջեն:

Մեր թերթը ժամանակ առաջ անդրադարձել էր այս խնդրին` այդպես էլ պատասխան չստանալով Արդարադատության նախարարությունից, որը, սովորաբար, շատ արագ է արձագանքում իր հասցեին հնչած քննադատությանը կամ էլ իրեն վերաբերող հրապարակումներին: Բայց ահա կարևորագույն խնդիրը, երբ դատավորների սխալների համար հատուցում են հարկատուները` «անուշադրության» էր մատնվել: Եվ հիմա խոսնակը պատասխանել է` հավանաբար չկռահելով, որ իրեն դնում է բավական ծանր կացության մեջ: Ավելի ճիշտ` նախարար Հրայր Թովմասյանին, քանի որ ոչ մի խոսնակ առանց նախարարի գիտության ու համաձայնության` պատասխաններ չի գրում: Որևէ դատարան բողոքը չի քննարկում ու վիճարկում փոփոխված օրենքի սահմաններում և առաջնորդվում է այն օրենքով, որը գործել է տվյալ պահին:

Իսկ նոր օրենքները հնարավորություն են տալիս վերաորակավորելու հանցանքը, վերանայելու սահմանված պատիժը: Եվրոդատարան ուղղված բոլոր բողոքները հենվել են ոչ թե ակնկալվող փոփոխություններին, այլ տվյալ պահին գործող օրենքի սխալ կիրառմանը, դատավորների ոչ անաչառությանը, դատավարական սխալներին, օբյեկտիվ փաստերի անտեսմանը, սխալ վճիռների կայացմանը: Խոսնակը միտումնաբար այս ամենի մասին լռում է, որպեսզի մարդիկ չսկսեն հետազոտել ԵԴ-ում կայացված վճիռները և հայտարարել, որ նախարարությունը, մեղմ ասած, սուտ է խոսում, կամենում է խուսափել ճշմարտությունից: Այն, որ այս և այլ հայտարարություններով նախարարությունը հովանավորում է դատավորներին` ակնհայտ փաստ է: Այս կերպ մեկ անգամ ևս կոծկվում է դատավորներից շատերի ոչ պրոֆեսիոնալիզմը, վճիռներ կայացնելիս` կախվածությունն այս կամ այն պաշտոնյայից ու ուժից: Հենց միայն վերջերս ԵԴ-ի կայացրած որոշումը որևէ կապ չունի օրենքի փոփոխության հետ և հաստատում է, որ անմեղ մարդուն հինգ տարի շարունակ պահել են անազատության մեջ, չեն կամեցել լսել նրա բողոքները, ծանոթանալ «նոր ի հայտ եկած հանգամանքներին»: Չի բացառվում, որ մի օր էլ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը հայտնվի Եվրոդատարանում և պարզվի, որ, իսկապես, արդեն 16 տարի անազատության մեջ գտնվող մարդն ուրիշի փոխարեն է պատիժ կրում, իսկ իսկական հանցագործը «խնամքով թաքցվում» է, որովհետև դա ձեռնտու չէ ոմանց:

Արդարադատության նախարարի մամլո խոսնակի այս հայտարարությունը մեր ուշադրությունը գրավեց նաև այն պատճառով, որ մեր մի շարք պաշտոնյաներ անընդհատ փորձում են հասարակությանը դնել անգրագետի ու չհասկացողի տեղ և առաջ մղել սեփական «պարզաբանումները»` իրենց մտքերում համոզված լինելով, որ կարողացան «խոտ» դնել մեր առջև: Սակայն հենց իրենք են ընկնում ծիծաղելի վիճակի մեջ, որովհետև այժմ բարձրացել է մարդկանց իրավագիտակցությունը, որովհետև օրենքներն ու դրանց պարզաբանումները հասանելի են դարձել շատերին: