Անդրանիկ եւ Արշակ Հայոցյաններ... անմոռանալի հուշ ամբողջ կյանքի համար


Օգոստոսի 10-ին Կամերային երաժշտության տունը հյուրընկալել էր երկվորյակ եղբայրներ Անդրանիկ եւ Արշակ Հայոցյաններին, ովքեր ներկայացան դաշնամուրային համերգով: Արդեն 7 տարի է, ինչ եղբայրները երաժշտությամբ են զբաղվում: Նրանք բազմաթիվ ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, իսկ այս անգամ էլ նրանք ելույթ ունեցան իրենց հայրենիքում` Հայաստանում: Տղաները շատ հետաքրքիր ծրագիր էին պատրաստել` Բախ, Շուբերտ, Ռախմանինով, Բրամս, Բեթհովեն եւ, անշուշտ նրանք չէին կարող շրջանցել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` Խաչատրյան եւ Բաբաջանյան եւ Հարությունյան: Այս կատարումներով նրանք ապացուցեցին, որ բոլորովին էլ հարկավոր չէ Հայաստանում ծնվել` հայ լինելու համար: Համերգի ընթացքում նրանց կողքին էր հանրահայտ եւ տաղանդաշատ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը, ով արդեն երեք տարի է, ինչ Հայոցյան եղբայրների դաշնամուրի դասատուն է: Ի դեպ, արվեստասերները դաշնամուրային կատարումներ վայելելուց բացի հնարավորություն ունեցան դիտելու նրանց մինի ցուցահանդեսը: Պետք է փաստել, որ տղաները այս ասպարեզում եւս նախապատվությունը տվել են հայկական թեմաներին` եկեղեցիներ, հայկական բնանկարներ եւ նատյուրմորտներ: Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ Անդրանիկ եւ Արշակ Հայոցյանները նաեւ պարի են հաճախում, նրանք 2005 թ-ից «Երազ» պարային համույթում հայկական ժողովրդական պարեր են ուսանում: Այս բոլորը ի շնորհիվ ծնողների` Անուշ եւ Հովհաննես Հայոցյանների, նրանք հեռավոր Նյու-Յորքում ծնված իրենց երկվորյակ որդիներին իսկական հային բնորոշ ոգով ու հոգով են սնել ու մեծացրել, այլապես Անդրանիկ եւ Արշակ Հայոցյանները այսօր Հայաստանում չէին լինի եւ չէին ասի, թե մեր սիրած կոմպոզիտորները Խաչատրյանն ու Բաբաջանյանն են, իսկ աշխարհի ամենագեղեցիկ լեզուն` հայերենը: Երկվորյակ եղբայրներ Անդրանիկ եւ Արշակ Հայոցյանները ծնվել են 1991թ. հունիսի 3-ին Նյու-Յորքում: Հայոցյան եղբայրները սովորել են տեղի Սիամանթոյի անվան կիրակնօրյա հայկական դպրոցում: 2003թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ հանդես են եկել ցուցահանդես ներով Խնկո- Ապոր գրադարանում եւ Արցախում: 2004 թ. նրանց աշխատանքները կրկին անգամ ցուցադրվել են Նյու- Յորքի Սբ. Սարգիս եկեղեցում: 2005թ. եղբայրները մասնակցել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: 2008 թվականը եւս ամրագրվեց Անդրանիկ եւ Արշակ Հայոցյանների կենսագրության մեջ` այցելություն Հայաստան հայրենիք ու մի գեղեցիկ համերգ` մի անմոռանալի հուշ ամբողջ կյանքի համար:

Լուսինե ԱՎԵՏԻՍՅԱՆ