Շինարարնե՞րը, թե՞ շինաղբը


Վարդանանց-Խանջյան հատույթի ստորգետնյա ավտոճանապարհը շաբաթ օրը երեկոյան անձրևից հետո դարձել էր անանցանելի: Հավաքված բազմությունն անկարող էր օգնելու կեղտաջրում անշարժացած «կուլ գնացող» ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, ովքեր մինչև ծնկները ջրի մեջ, փորձում էին մեքենան դուրս հրել ջրափոսից: Թերահավատորեն ենթադրությունները հիմքեր ունեին. Գետառի հունի խողովակավորո՞ւմը չի հաջողվում, թե՞ շինարարական լուրջ սխալ է թույլ տրվել: Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ. - Հավանաբար այդ վայրում չի ապահովվել ջրի թողունակությունը, իսկ անձրևը բավական երկար է տեղացել: Ըստ երևույթին կոյուղու անցքերն էին փակվել. կամ շինարարական աղբ էր դեմ առել, կամ էլ ասենք ինչ-որ մի բան: Ավելի լավ կլինի այդ հարցով զբաղվողներից ճշտեիք: Պարզվեց, որ հարցով զբաղվողը` Ծրագրերի իրականացման գրասենյակը, իսկ պատասխանատուն Քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանն է: Վերջինս ևս պատասխանեց թեականով` հնարավոր է շինարարական աղբ եղած լինի: Ջրի մեծ կուտակում է եղել, թողունակությունը` փոքր: Նախագծով ջրահեռացումը նախատեսված և ապահովված է եղել: Հնարավոր է, որ շինարարական աղբ եղած լինի: Հանձնարարել ենք, որ այդ տեղը մաքրվի, որպեսզի հաջորդ անգամ նման դեպք չկրկնվի: Հուսանք, որ նման տխուր կրկնողություն այլևս չի լինի: Ավելին` ոլորտի պատասխանատուներն իրենք պետք է շահագրգիռ լինեն բացառելու նման դեպքերը, չէ՞ որ բացասական այս երևույթները ստվերում են նաև այն լավը, որ իրականացվում է մայրաքաղաքում: Այս պարագայում` արդեն դեպի Վարդանանց փողոց ձգվող մայթի վրա իջվածքներ են գոյացել: Որա¯կ եմ ասել

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ