Եզակի հրատարակություն Ի հեճուկս հայ թատրոնի դամբանախոսների


Արդի հայ թատրոնի ամենապայծառ անհատականություններից մեկի` Վահե Շահվերդյանի անցած ստեղծագործական ուղին ինձ համար ամբողջացավ, երբ մանրակրկիտ ծանոթացա 1970 թվականից պարբերական մամուլի էջերում զետեղված հրապարակումներին: Բազմաթիվ հոդվածներից ու ելույթներից առանձնացրեցի Հայաստանի ու արտերկրի ամենատարբեր թերթերում ու ամսագրերում տպագրված մոտ 150-ը, բնութագրականությամբ ուշագրավները: Լրագրական հանրամատչելի անդրադարձներով և թատերագիտական վերլուծական գնահատականներով հստակվեց ու հավատընծա դարձավ վաղ մանկությունից թատրոնի մոգական տիրույթում հայտնված արվեստագետի հաստատուն վերընթացը: Երբ կարդում էի Եպհ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսումը կիսատ թողած և, ծնողների կամքին հակառակ, գեղարվեստաթատերական ինստիտուտում բեմադրական արվեստ սովորող Վահե Շահվերդյանի «Նպատակը և հոգսերը» հոդվածը («Ավանգարդ», 20.10.1970), անմիջապես նկատեցի հայ բեմարվեստի հանդեպ ավագների ունեցած վերաբերմունքի մշտակայուն անբարյացակամությունը: «Արդի մեր թատերական կյանքի վիճակը սկսում է անհանգստացնել շատերին,- գրում էր ավարտական կուրսի ուսանողը:- Կան մարդիկ, ովքեր ոչ մի լավ բան չեն տեսնում և հայտնում են, որ ճգնաժամ է ապրում հայ թատրոնը… Թվով 11-րդ շրջանավարտներն ենք լինելու մեր կուրսի 10 ուսանողներս: Մեզնից և ոչ մեկը, ով պետք է աշխատի տարբեր թատրոններում, չի ուզում հավատալ և համակերպվել այն մտածողության հետ, որ զուր պետք է լինի 5 տարիների ընթացքում մեր կատարած մեծ և դժվար աշխատանքը» : Եվ, գիտե՞ք, ում չէին հավատում. Կառլեն Վարժապետյանին, Լևոն Շարաֆյանին, Արմեն Խանդիկյանին, Սվետլանա Քոչարյանին, Սիրանուշ Ղուկասյանին… Այսինքն հայ թատրոնի դամբարանախոսությունը մշտառկա երևույթ է. իսկապես ավանդապաշտ ժողովուրդ ենք... Չնայած այսօր կառկառուն «ողբասացներից» միայն Հենրիկ Հովհաննիսյանն է մնացել, բայց թատերաողբը նույն ուժգնությամբ է հնչում: 20 տարի որևէ թատրոնում որևէ ներկայացում սկզբունքորեն չնայելով` նա համառորեն պահպանում է հներից ժառանգած մտածողությունը: Միաժամանակ, չզարմանաք, թատերագետների նորանոր սերունդներ է կրթում, որոնք նույնիսկ առանց տեսնելու կարող են գնահատել (ավելի ստույգ` չհավանել) այս կամ այն բեմադրիչին, դերասանին, ներկայացում: Բայց... ամենայն լրջությամբ գովաբանել «Վերվարածների ընտանիքում» անհամ հեռուստասերիալը: Ի հեճուկս ժամանակի «ավանդապաշտների», Վահե Շահվերդյանն ու նրա համակուրսեցիներից ոմանք իրենց մոլի թատերապաշտությամբ ոչ միայն հաղթահարեցին այդ կապանքող բարոյական արգելապատնեշը, այլև շարունակում են ապրեցնել հայ թատրոնը արդեն 4 տասնյակ տարիներ: Կոնկրետ Շահվերդյանն արդի բեմարվեստի կենսունակությունը մինչ այսօր հավաստել է մոտ 20 դերակատարումներով, 60-ից ավելի թատերգությունների ու արվեստամեծար 30 հանդիսությունների ինքնատիպ բեմադրություն ներով, «Արտիստ» հանրապետական թատերատոնի կայացմամբ, աբելյանցիներին ու սունդուկյանցիների նոր սերնդին միջազգային ճանաչման արժանացնելու անհերքելի վաստակով... Թատերաշինական նրա ցայտուն կարողությունները վաղ են դրսևորվել: «Թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը աչքի է ընկել դեռ ուսանողական տարիներից,- գրում է Ռուբեն Զարյանը Աբելյանի անվան թատրոնում առաջին բեմադրություններն արած նորավարտ, անփորձ, բայց բնատուր շնորհների հանդեպ հավատ ներշնչող արվեստագետի մասին:- Հիշում եմ նրա մի ներկայացումը` Անույի «Անտիգոնե»-ն: Երևում էր, որ լավ ռեժիսոր է դառնալու, բայց կարող էր լավ ղեկավար չլինել: Երիտասարդ գեղարվեստական ղեկավարը այժմ անում է մի բան, որ Հայաստանի ո°չ մի թատրոնում, ո°չ մի ռեժիսոր չի կարողացել անել» («Սովետական արվեստ», N 7, 1979): Այն, ինչ կարողացավ անել Շահվերդյանը Կիրովականի (Վանաձորի) Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում 1969-95 թվականներին (և` անձնվիրաբար անում է այժմ) շատերի համակրանքն ու նախանձը շարժեց: Ժամանակի տարալեզու մամուլը հեղեղած հոդվածների մասնակի ընթերցանությունն անգամ հստակ պատկերացում կտա այդ մասին: Ի դեպ, դրանցում կոնկրետ նրա անունը քիչ է շոշափվում: Գնահատվում են արված ներկայացումներն իրենց սինթետիկ տարրերի ներդաշն միասնությամբ, առանձին դերակատարումներ: Սա էլ թատերարվեստի դրամատիկ յուրահատկություններից է: Ներկայացման արարիչներից ոմանք միշտ էլ ստվերում են մնում: Մասամբ` նաև բեմադրիչները: Ժամանակագրական կարգով խմբավորելով աբելյանցիների ներկայացումների մասին որոշակի գաղափար տվող հոդվածները` ուրախությամբ նկատեցի, որ դրանցով պարզորոշ հստակվում է ոչ միայն Վահե Շահվերդյանի, այլև` ողջ թատրոնի 27-ամյա ստեղծագործական կենսագրությունը: Նոդար Դումբաձեի «Մի վշտանա, մայրիկ» և Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Սունդուկյանի «Ամուսիններ» և Շիրվանզադեի «Քաոս», Մետեռլինիկի «Կապույտ թռչուն» և Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը», Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» և Չեխովի «Երեք քույր», Լերմոնտովի «Դիմակահանդես» և Օստրովսկու «Անմեղ մեղավորները»… Տասնյակ ուրիշ շահվերդյանական բեմադրութ յունների ներկայացումների մասին պատմող հոդվածներով, ասես, վերակենդանացավ Աղավնի Հովհաննիսյանի ու Լենա Փաշինյանի, Մարգարիտ Տիրոսյանի ու Էլինե Աղամյանի, Հակոբ Ազիզյանի ու Ալֆրեդ Զաքարյանի, Ռազմիկ Խոսրոևի ու Հասմիկ Ալեքսանյանի, Ավետիս Օհանյանի ու Նաիրա Քալաշյանի, Վոլոդյա Գրիգորյանի ու Գրետա Մեջլումյանի, Սամվել Փիլոյանի ու Վրույր Հարությունյանի… աննկատ չմնացած մյուս բոլոր դերակատարների արտիստական հմայքը: Հաճախակի հյուրախաղերով նրանցից շատերը ճանաչվեցին Արցախում ու Թբիլիսիում, Մոսկվայում, Ուժգորոդում ու Ստրասբուրգում… Փաստագրական հարուստ նյութը, լրացվելով պահպանված լուսանկարներով, բավականին ստվար ծավալ կազմեց: Ինքնաբուխ անհրաժեշտություն դարձավ առանձին հատորներով ներկայացնելու Վահե Շահվերդյանի թատերական տքնանքի 2 կարևորագույն փուլերը` վանաձորյանն ու սունդուկյանականը: Մանավանդ` հայ թատրոնում նշանակալից դերակատարություն ունեցող և միջազգային բարձր համարում ձեռք բերած հասուն արվեստագետի 1995-2007թթ. գործունեությանն առնչվող բազում հրապարակումներով, բամբասանքների գորդյան հանգույցներից անկախ, հավաստվում էր ամոթալի լուծարված վիճակից ազատագրված Մայր թատրոնի վերընձյուղման 12-ամյա ստեղծագործական ընթացքը դեպի որակական մի նոր ուղենիշ, որ այսօր չարանենգորեն արգելափակվում է: «Ավե, Մարիա» երաժշտական միստերիային հաջորդում են Սունդուկ յանի «Կտակ»-ը, Մուրացանի «Ռուզան»-ն ու Շանթի «Հին աստվածներ»-ը, Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»»-ն ու Վարդանյանի «Հավերժի կղզին» (Ախացել»), Չեխովի «Բալի այգի»-ն ու Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները»… Մոտ 2 տասնյակ ուշագրավ բեմադրություններ, նույնքան էլ արդի մշակութային կյանքը աշխուժացնող հոբելյանական թատերայնացումներ: «Մազականների» կողմից անընդմեջ շրջանառվող «Կիրովականի մասնաճյուղ» պիտակավորումը հերքելով` ասեմ, որ ընդամենը 4 աբելյանցիներ են ընդգրկված 55 հոգանոց սունդուկյանական դերասանախմբում (ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանն ու Ռազմիկ Խոսրոևը, «Արտավազդ»-ակիրներ Սամվել Փիլոյանն ու Հասմիկ Ալեքսանյանը), ովքեր ավելի շատ հանդես են գալիս մյուս բեմադրիչների ներկայացումներում: Եթե Շահվերդյանի հետ տասնամյակներ ստեղծագործած 4 դերասան կարողանում է ուրույն ձեռագիր հանդես բերել, ուրեմն պետք է խոնարհվել նրանց առաջ… Վերջին հաջողությունը` Շիրվանզադեի «Պատվի համար»-ի շռնդալից ընդունելությունը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնում, սակայն, մեզանում չարակամության նոր ալիքի բարձրացման անկանխատեսելի խթան հանդիսացավ: Եվ, Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»-ի հրաշալի մտահղացման առաջին տարբերակի հանձնումից (կամ` փակ դիտումից) հետո, զարմանալի պաշտոնական գնահատության արժանացավ: Ազգային ակադեմիական թատրոնի կանոնադրությունից լռելյայն սղվեց «գեղարվեստական ղեկավար» հասկացությունը: Օպերային թատրոնի օրինակով: Այսինքն մո՞տ է խաղացանկային կայացած թատրոնների մայրամուտը: «Օպտիմալացումը» վստահաբար իր հո՞ւնձն է սկսում մշակութի ոլորտում` ցցուն մեկնարկ վերցնելով ազգային ակադեմիական 2 թատրոններից… Մշակութային քաղաքականության այս համարձակ գրոհն, իր բոլոր դառնաղի հետևանքներով, ամենևին չի նսեմացնում ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի արարչագործության նշանակությունը մեր ժամանակների թատերական կյանքում (ներառյալ` Վանաձորի թատրոնի վերակենդանացումն ու թատերակրթությունը): Սրանում, վստահ եմ, թատերասեր ընթերցողը վերստին կհամոզվի` կարդալով «Բեմադրությունը` Վահե Շահվերդյանի» երկհատոր եզակի հրատարակությունը, որով ավարտուն լիարժեքության է հասցվում Լևոն Մութաֆյանի «Վահե Շահվերդյան» մենագրությամբ կենդանացած թատերական դիմանկարը 1969-2007 թթ. ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ` զգալիորեն հարստանում է մեր նորագույն թատրոնի տարեգրությունը: Լույս ընծայվելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կրկնակի օրհնությամբ` հուսանք, որ այն թատրոնապահպան առաքելություն կունենա: Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ Ավստրիական Գրաց քաղաքը, կարծում եմ, արդի հայ երգչախմբային արվեստի պատմության մեջ ոսկեփայլով կդաջվի: Փոքրիկ «տարոնցիների» ոսկե դիպլոմին ու բրոնզե մեդալին առանձնակի արժեք հաղորդող երեք ոսկե մեդալները, որոնք նվաճեց համաշխարհային երգչախմբային նույն 5-րդ մրցախաղերում «Ավետիս» երգչախումբը, ասվածի խոսուն հավաստիքն են: