Պատի¯վ եմ ասել...


Ամերիկյան մինչ այս եղած լավ ու բարի ավանդույթի համաձայն` երկրի հեռացող նախագահների անվամբ մնայուն ինչ-որ կոթող է ստեղվծում կամ անվանակոչվում: Դիցուք` Վաշինգտոնի ու Լինքոլնի հուշարձանները կամ Քենեդու և Ռեյգանի անունները կրող օդանավակայանները: Շուտով Սպիտակ տնից կհեռանա նաև Բուշ-կրտսերը: Եվ Սան-Ֆրանցիսկո քաղաքի բնակիչները որոշել են նրա հիշատակն այնպես հարգել, որպեսզի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան ամեն օր հիշել նրան: Մի խումբ «նորարարներ», ովքեր իրենց կնքել են նախագահների հիշատակի հավերժացման հանձնաժողով, Նախագահի առաջիկա ընտրություններին որոշել են հանրաքվե անցկացնել: Այն էլ ի¯նչ կարևոր հարցադրմամբ` Բուշի անունը շնորհե՞լ քաղաքի կոյուղային թափոնների վերամշակման գործարանին` որպես գլխավոր աղբահան: Եվ եթե հանրաքվեով որոշվի` ապա գործարանը կկոչվի «Ջորջ Ուոկետ Բուշի անվան ք…-ի վերամշակման գործարան»: «Հաննաժողովի» նախաձեռնությունը լայն աջակցության է արժանացել: Այդ հարցով հանրաքվե անցկացնելու կոլեկտիվ դիմումի ներքո ստորագրողների քանակն աճում է օրեցօր: «Հանձնաժողովի նախագահ Բրայան Մաքքոննելլին ասել է. - Մենք` ամերիկացիներս, հպարտանում ենք քաղաքագետների աչքը հանելու մեր ավանդույթով. նրանց մեծ մասը ինքնասիրահարված էգոմոլագարներ են: Դրա համար էլ` երկրի պատմության մեջ նրանց տեղը ոչ թե իրենք, այլ երգիծաբանները պետք է որոշեն: Գործարանի անվանակոչությունը նախատեսված է 2009 թ. հունվարի 20-ին` նոր Նախագահի երդմնակալության օրը: Հանրաքվեի կողմնակիցները որոշել են` անկախ դրա արդյունքներից, երդմնակալությունը ողջունեն` քաղաքի բոլոր` 700 հազար զուգարաններում միաժամանակ ջուր լցնելով: Հանրաքվեի կողմնակից Սթեսի Ռեյնեկիուսն ասել է, որ` - Ֆիզիկական այդ գործողությունը կվերացնի մեր հոգեկան սթրեսը: Չի° բացառվում: Բայց դժբախտաբար, այն, ինչ թողնում է Բուշը Ամերիկային (իրաքյան պատերազմ, ճգնաժամային տնտեսություն, քաղաքացիական իրավունքների սահմանափակում և այլն), զուգարանակոնքի ջրերով մաքրել-հեռացնել անկարելի է: Նույնիսկ` միաժամանակ 700 հազար զուգարանների ջրով, քանզի չափից ավելի կետոտ է նախագահ Բուշի թողած հետքը: