Հաշվարկը` մ.թ.ա. 2492թ.-ից


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց բռնակալ Բելի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակի և Հայոց բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառմանը` կազմակերպված «Սերունդ» խմբի նախաձեռնությամբ: Միջոցառումը շարունակությունն էր Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի հարևանությամբ գտնվող Բագեր սրբավայրում հուշաքարի հանդիսավոր բացման, որի տեղում պետք է կառուցվի Ազգային միասնության տաճար: Ս. Օհանյանը Հայկ Նահապետի արձանին նախ ծաղկեպսակ, ապա և ծաղիկներ դրեց Ազատության պուրակում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթող-խաչքարին և այդ պուրակում հանգչող զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նախարարն իր խոսքում ընդգծեց միջոցառման կարևորությունը և հույս հայտնեց, որ սկզբնավորման այս տոնը, հիրավի, կդառնա ավանդական` վայելելով մեծ մասսայականություն: Այնուհետև հանդիսավոր խոսքով հանդես եկավ պատմաբան Արտակ Մովսիսյանը: Համերգային ծրագրով հանդես եկան նաև «Նորք» պարային և դհոլահարների համույթները: Միջոցառման ավարտին Ս.Օհանյանը զրուցեց ազատամարտիկների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների հետ: