Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին


Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին` վերջինիս խնդրանքով` նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին ներկայացնելու նպատակով: Հանդիպման սկզբում Ս. Օհանյանն իր խորին ցավակցությունը հայտնեց դեսպանին` վերջին իրադարձությունների անմեղ զոհերի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ս.թ. օգոստոսի 18-ից 22-ը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերին, որին Վրաստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով: Ռ.Գաչեչիլաձեն իր խոսքում ևս մեկ անգամ փաստեց, որ վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջերս տարածված հայտարարությունը, թե իբր Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը: Իր հերթին Ս. Օհանյանը հավաստիացրեց դեսպանին, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով` հույս հայտնելով, որ ուղիներ կգտնվեն Վրաստանում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ: