ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեում


ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի և Հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռք-հայրենիք գործակցության զարգացմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Հ.Հակոբյանը ներկայացրեց, որ արդեն մշակված Սփյուռք-Հայրենիք գործակցության հայեցակարգի նախագիծը կուղարկվի համահայկական կառույցներին` նրանց կարծիքն ունենալու համար: Պատրաստ է Սփյուռքի նախարարության կանոնադրության նախագիծը, կառուցվածքը, որը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո հնարավորություն կընձեռի նախարարության գործունեությունն սկսելու: Նա նաեւ նշեց, որ այսօրվա կոմիտեի եւ վաղվա նախարարության աշխատանքի հիմքում Հանրապետության Նախագահի հանձնարարականներն են` սփյուռքում հայապահպանության խնդիրներով լրջորեն զբաղվելու, համահայկական ներուժն ի նպաստ Հայաստանի զորացմանը եւ զարգացմանը ներդնելու, նպաստելու Սփյուռքի չկազմակերպված հատվածի ինքնակազմակերպմանը եւ համահայկական ծրագրերի իրականացմանը: