«Համատեղ լուծման ուղիներ ենք որոնելու»


Կազմավորման գործընթացում է Հանրային խորհուրդը` Խոսրով Հարությունյանի ղեկավարությամբ: Ինչպես արդեն ծանուցվել է` խորհրդի հիմնական խնդիրը հասարակութ յան ու պետական կառույցների միջև գործուն կապ ստեղծելն է, և այդ կերպ հանրային պահանջները բավարարելուն նպաստելը: Ինչ խոսք, դյուրին չի լինելու այդ նպատակի իրագործումը, եթե իհարկե, դրա անդամները պատրաստ են ու պատրաստակամ` պատվախնդրորեն ձեռնամուխ լինել հասարակության տարբեր խավերի առջև կուտակված բազմամարդ խնդիրների լուծմանը: Խնդիրներ` սոցիալականից մինչև հոգևոր: Ասել է թե` մասնագիտական հմտություններից զատ, կարևոր է այդ խորհրդի անդամների մարդկային նկարագիրը, հասարակության շրջանում նրանց վարկանիշը, այլոց անշահախնդրորեն օգտակար լինելու առաքինությունը: ՀԽ-ի անդամության թեկնածու, տնտեսագիտության դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ Իրինա ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ լավատես է. - Խորհրդի կազմում ընդգրկվելը կամավորականության սկզբունքով է, և շուրջ 300-310 քաղաքացիներ են ընդգրկվել դրա կազմում: Կազմավորվել են աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, եղել են քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելու գործնական առաջարկություններ: Սեպտեմբերից, կարծում եմ, արդեն կգործի հասարակական-քաղաքացիական այս ինստիտուտը, որի գերխնդիրները հիմնականում 2-ն են. ապահովվել փոխադարձ կապ ՀՀ իշխանությունների ու հանրության միջև և, ինչ խոսք, ակտիվորեն նպաստել կառավարության որոշումների ու օրենքների կատարմանը: Իհարկե` նաև հանդես գալ հիմնավոր առաջարկություններով, մասնակցել այդ որոշումների ընդունմանը: Հասարակական վերահսկողություն սահմանել գերատեսչությունների գործունեության նկատմամբ, ապահովել երկխոսություն` ընդդիմադիր կազմակերպությունների և իշխանական կառույցների միջև: Իսկապես հավակնոտ ու խոստումնալից են նորաստեղծ խորհրդի ծրագրերը: Սակայն` արդյո՞ք իրագործելի են: Ինքնաառաջադրումն, իհարկե, ժողովրդավարության դրսևորումն է, բայց արդյո՞ք սեփական ուժերի գերագնահատումը չի հանգեցնի այդ ծրագրերի տապալմանը: Ավելին, մեզանում չի° հաղթահարված թերահավատությունը` թե հասարակության յուրաքանչյուր անդամի (այսպես կոչված` շարքային, «կարճաձեռն» քաղաքացու) հոգսաշատ ձայնը կարող է հասնել իշխանավորներին: Կարո°ղ է, թերևս. պատահական չէ, որ երկրիս նորընտիր Նախագահի առաջին ձեռնարկումներից մեկն էլ Հանրային խորհուրդ ստեղծելու որոշումն էր: Տա° Աստված, որ դրան ինքնակամ անդամակցողները լիարժեքորեն գիտակցեն իրենց իսկ ստանձնած պատասխանատվության չափը: Դիցուք, մեզանում արմատավորված, թերևս ամենաարատավոր պրակտիկան այն է, որ հաճախ իշխանավորներին հասնող տեղեկատվությունը թերի է լինում կամ` սխալ: Այսինքն` «առաջին ձեռքից» ու ճիշտ տեղեկատվությունը վերին ատյաններին հասցնող օղակի անհրաժեշտությունն էլ զգացվում է: Եվ ՀԽ-ն կարող է ստանձնել նաև ա°յս առաքելությունը: Իրինա Հովակիմյանը չի հերքում, որ դժվար է լինելու, բայց նաև վստահ է, որ կարողանալու են հաղթահարել դժվարությունները: - Դուք ճիշտ նկատեցիք` այսպիսի կառույցներ գործում են եվրոպական շատ երկրներում և ունեն հաջողություններ: Օրինակ, Ֆրանսիայում քաղաքացիական հասարակութ յանը վերաբերող օրենքները ձևավորվում են հասարակական պալատում: Մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Գյուղատնտեսության զարգացմանը, արդյունաբերության վերականգնմանը, տեխնոլոգիական նորագույն համակարգերի ներդրմանը նպաստելու ուղղությամբ արդեն եղել են առաջարկություններ: Վերջին հաշվով` բարեկեցության նախապայմանը մարդկանց աշխատանքով ապահովելն է, իսկ արդյունաբերության զարգացմամբ աշխատատեղեր են ստեղծվում. մասնագետը ոչ միայն գործազուրկ չի լինի, այլև ընտրության հնարավորություն կունենա: Իսկ զարգացած արդյունաբերություն ունեցող երկիրը ներմուծողից արտահանող կդառնա: Մեր աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու առումով նույնպես ծրագրեր ունենք: Ավելին, ձևավորում ենք նաև կրոնի և քրիստոնեական հավատքի հանձնաժողով, որովհետև աղանդավորական որոշ ուղղություններ լուրջ սպառնալիք են մեր դավանանքին: Ուսուցման որակի, հիմնավոր կրթության, մշակույթի ու գիտության առաջընթացին զարկ տալու հարցերը նույնպես մեր մտահոգությունների շրջանակում են: - Դուք վստա՞հ եք, որ Հանրային խորհուրդը կատարելու է իր առաքելությունը. այսինքն` նպաստելու է քաղաքացիական հասարակության կայացմանն ու բնակչութ յան բարեկեցության ապահովմանը: - Հակառակ պարագայում` անձամբ ինքս չէի ընդգրկվի դրա կազմում: Մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ ականջալուր ենք լինելու իրենց հոգսերին և համատեղ դրանց լուծման ուղիներ ենք որոնելու: Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ