ԱՄԵՆԱՄԵԾ ԴԱՍԸ` նաև մեզ համար


Օգոստոսի լույս 8-ի գիշերը, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված էր Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերի բացմանը, Վրաստանի պաշտպանական բանակի կանոնավոր զորամասերը սկսեցին Հարավային Օսիան բռնի ուժով Վրաստանին վերաենթարկեցնելու մի գործողություն, որն իրենք անվանում էին «սահմանադրական կարգի վերականգնում» և «Հարավային Օսիայում տեղակայված զինված ավազակախմբերի վերացում»: Իրականում դա փարիսեցիություն էր: Հարավային Օսիայում «սահմանադրական կարգի վերականգնումը», ինչպես նաև «զինված ավազակախմբերի վերացման գործողութ յունները» չպետք է սկսվեին Ցխինվալի քաղաքի և շրջակա 8 գյուղերի խաղաղ բնակիչների վրա տոտալ ու հանկարծակի կրակային հարձակմամբ: Ով-ով, բայց հարձակման հրաման տվողը իրավունք չուներ ինքն իրեն հաշիվ չտալու, որ հրթիռա-հրետանային զանգվածային հարձակումը չէր կարող մեծաքանակ զոհեր չլափել: Իսկ այն պետությունը, որը «ավազակային զինված կազմավորումների ոչնչացման», «երկրամասում սահմանադրական կարգի վերականգնման» կամ ցանկացած այլ պատրվակով կանոնավոր բանակի ուժերով հարձակվում է խաղաղ բնակիչների` իբրև թե իր քաղաքացիների վրա, կատարում է պետական հանցագործություն: Ժամանակակից բանակների հարձակողական զենքերի կործանարար ուժն առանց այն էլ չափազանց դժվարացրել է պատերազմ վարելու միջազգային կոնվենցիաների պահպանումը…թշնամական երկրների տարածքում: Էլ ուր մնաց` սեփական երկրում: Իսկ Վրաստանը Հարավային Օսիան համարել և համարում է…սեփական տարածք և իրավունք չուներ չհասկանալու, որ բռնություն գործադրելով իր տարածքում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների վրա և պատերազմ սանձազերծելով իր իսկ քաղաքացիների դեմ` կորցնում է այդ ամենը իրենը համարելու բարոյական իրավունքը: Խելագար պետք է լինել` չհասկանալու համար, որ որևէ ժողովրդի անհնար է բռնի ենթարկեցնել ցանկացած պետության կենտրոնական իշխանությանը: Ոչ թե բռնի ենթարկեցնել էր պետք, այլ` տրամադրել, հրապուրել, նախորդ պատերազմի համար ներողություն խնդրել, խոստանալ և ցուցաբերել ամեն կարգի նյութական ու բարոյական օգնություն, լիակատար իրավահավասարություն, այլ ոչ թե հրով ու սրով գետնին հավասարեցնել քաղաքներ ու գյուղեր: Ո՞վ կարող է հավատալ, թե օսերը` լեռնական ու հպարտ մի ժողովուրդ, Վրաստանին երբևէ կներեն այդ վայրագությունը և երբևէ կհամաձայնեն վրացիների հետ ապրել վրացական պետության մեջ: Այնպես որ, եթե այս արկածախնդրությունն սկսելիս Միխայիլ Սահակաշվիլու նպատակն իսկապես «Հարավային Օսիայում Վրաստանի սահմանադրական կարգի վերականգնումն էր», ապա նա կատարելապես ձախողեց այդ խնդրի լուծումը: Ընդսմին, ձախողեց ոչ միայն առաջիկայում, այլև` հեռավոր ապագայում, միգուցե` ընդմիշտ: Անկեղծ ասած` ամենևին համոզված չենք, թե Սահակաշվիլու նպատակը իսկապես իր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն էր: Որոշ դիտարկումներով, Սահակաշվիլին, իսկ նրա հետ միասին ամբողջ Վրաստանն ու վրաց ժողովուրդը աշխարհաքաղաքական մի շատ մեծ ու շատ կեղտոտ խաղի զոհը դարձան: Այն ուժերը, որոնք քուն թե արթուն երազում են Ռուսաստանին դուրս մղել ոչ միայն Հարավկովկասյան երեք երկրներից, այլև ամբողջ Կովկասից, Ռուսաստանից պոկել նրա Հարավային նահանգները, պարզապես օգտագործեցին Սահակաշվիլուն` իրենց այդ հակառուսական վտանգավոր խաղում: Անկասկած, այս արկածախնդրությունը սկսելուց առաջ Սահակաշվիլին չէր կարող ստացած չլինել Արևմուտքի հակառուսական ուժերի հավանությունը, նույնիսկ` թաքուն խրախուսանքը: Որ դա այդպես է` երևաց թեկուզ այն բանից, որ պատերազմի առաջին օրը, օգոստոսի 7-ի գիշերը ամբողջ արևմտյան աշխարհը ջուրը բերանն էր առել: Համաշխարհային ոչ մի լրատվամիջոցով բառացիորեն ոչինչ չէր հաղորդվում Հարավային Օսիա վրացական զորքերի ներխուժման և այնտեղ, այսպես կոչված, «սահմանադ րական կարգի վերականգնման» ռազմական օպերացիա սկսելու մասին: Իսկ երբ վրացիների հարձակումը կասեցնելու համար ռուսական 58-րդ բանակի տանկային շարասյուները Ցխինվալի մտան և այնտեղից դուրս մղեցին վրացական ուժերին, նույն այդ համաշխարհային լրատվամիջոցներով բառացիորեն վայնասուն բարձրացավ, թե բա չե¯ք ասի` ռուսական տանկերը Ցխինվալի են մտել: Ի՞նչ անեին, չմտնեի՞ն, սպասեին, մինչև վրացիները գլխովին բնաջնջեի՞ն օսերին: Բոլորը, հավանաբար, ենթադրում էին, թե այդպես էլ կլինի` ռուսները, պարզապես, չեն համարձակվի հակագործողություն ձեռնարկել, մտնել Վրաստանի տարածք ու դադարեցնել օս բնակչության նկատմամբ իրականացվող բացահայտ ցեղասպանությունը: Հերն էլ անիծած, թե հազարավոր խաղաղ բնակիչ կզոհվի: Փոխարենը Ռուսաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ խայտառակ կլիներ, նրա բարեկամներն անգամ կհիասթափվեին Մոսկվայից ու կհասկանային, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից: Սակայն ամբողջ աշխարհի մանգաղը այս անգամ քարին առավ: Մոսկվան չվարանեց Հարավային Օսիա զորք մտցնել` ցույց տալով աշխարհին, որ Ռուսաստանը «թաղելու», նրան միջազգային քաղաքականության լուսանցքն մղելու բոլոր հաշվարկներն առայժմ անհիմն են: Միգուցե Ռուսաստանն այլևս այն երկիրը չէ, որից մի ժամանակ բոլորը սարսափում էին, սակայն այն երկիրն էլ չէ, որին անպատիժ կարելի լինի փորձության ենաթարկել` այն էլ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ուստի Սահակաշվիլու վերջին արկածախնդրությունը տրամագծորեն հակառակ արդյունքին հանգեցրեց` ոչ թե սկիզբ դրեց Ռուսաստանին Կովկասյան լեռներից անդին քշելուն, այլ առիթ տվեց, որ Ռուսաստանը «վերադառնա» կոնկրետ Հարավային Օսիա, ընդսմին, ամենայն հավանականությամբ, տևական ժամանակով: Ամենացավալին ու վրդովեցուցիչն այն է, որ վրաց և օս ժողովուրդների հեղված արյունը ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Այս աշխարհի հզորները, այս մոլորակում քաղաքական եղանակ ստեղծողները, կոպիտ ասած, թքած ունեն փոքր ժողովուրդների, այդ թվում վրաց և օս ժողովուրդների արյան ու տառապանքների վրա: Նրանց այժմ հետաքրքրում է իրավիճակից անձամբ իրենց համար առավելագույն քաղաքական օգուտ քաղելու հարցը, ուրիշ ոչինչ: Հատկապես այն երկրները, և առաջին հերթին Միացյալ Նահանգները, ովքեր հրահրել էին Վրաստանի նախագահի այս անհեռատես ու խելահեղ քայլը, այժմ փորձում են ու դեռ կփորձեն խաղաղարարի դիմակ հագնել, կողմերին հորդորել վերադառնալու խաղաղ բանակցությունների: Արդեն հորդորում են: Իբր, վերադարձեք օգոստոսի 6-ի ելման վիճակին, ինչպես առաջարկում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 10-ի երեկոյան նիստում: Կարծես թե արտակարգ ոչինչ չէր պատահել, ընդամենը մի քանի հազար վրացի և օս էին զոհվել, «մեծ բան չէր»: Մյուսները, այդ թվում Եվրամիությունը, արդեն օգոստոսի 10-ին, ի դեմս Ֆրանսիայի արտգործնախարարի, հայտարարում էր, թե տարածաշրջանում խաղաղություն ու հանգստություն պահպանելու համար պետք է Հարավային Օսիա մտցնել Եվրամիության խաղաղարար ուժերը: Հազիվ թե Ռուսաստանը դրան համաձայնի: Ռուսներն էլ, բնականաբար, իրենց աշխարհաքաղաքական շահերն են հետապնդում: Հարավօսական վերջին պատերազմը նրանց լիակատար ազատություն է տալիս` աշխարհի ցանկացած անկյունում իրենց աշխարհաքաղաքական շահերը առավել համարձակ պաշտպանելու համար: Որովհետև միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու Եվրոպական Միությունը ցույց տվեցին, որ իրենք կոնֆլիկտային իրավիճակներում միանգամայն անպետք գործիքներ են` արյունահեղությունը կանգնեցնելու և ժողովուրդների երաշխավորված խաղաղությունը պաշտպանելու համար: Օգոստոսի 7-ից հետո աշխարհում քաղաքական եղանակ ստեղծողները դարձան ավելի անբարո և ցինիկ: Իսկ բոլոր ժողովուրդները, այդ թվում մենք, մի առարկայական դաս ստացանք. եթե, Աստված մի արասցե, մեզ նույնպես երբևէ հարկ լինի դիմել միջազգային հանրության աջակցությանը, ապա ոչ մեկից, նույնիսկ ռուսներից, գործուն օգնություն չենք ստանա: Ռուսները հազիվ թե մեզ համար, ինչպես օսերի համար, իրենց զինվորների արյունը թափեն: Ուստի մեր գլխավոր հույսը…մենք պիտի լինենք: Մեր միասնությունը, մեր ժողովրդի հավաքական կամքը, մեր երկրի ու բանակի հզորությունը մեր անվտանգության միակ և անփոխարինելի երաշխիքներն են: Եվ դա վրաց-օսական այս պատերազմից մեր քաղած ամենակենդանի դասը պետք է լինի:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ