ԴՈՒՐՍ ԳԱԼ ՍՏՎԵՐԻՑ, ԲԱՅՑ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ


Մեր իրականությունն այնքան հարուստ է անակնկալներով, որ շատ հաճախ, հիրավի, բարդանում է կողմնորոշվելը` մեզ մատուցվող այս կամ այն «սյուրպրիզը» հաճելի՞, թե՞ տհաճ համարենք: Ահավասիկ, օրերս հայտնի դարձավ, որ տոնավաճառներում նույնպես ՀԴՄ-ներ պետք է տեղադրվեն… Առաջին հայացքից կառավարության սույն նախաձեռնությունը վաղուց էր հասունացել, և, ինչպես ասում են, մնում էր միայն վաղօրոք մշակված այս ծրագրին գործնական ընթացք հաղորդել: Այստեղ անակնկալներ փնտրելը մինչև անգամ անիմաստ է, քանի որ տոնավաճառները հաշվիչ «դրամարկղիկներով զարդարելու» ծրագիրն աշխարհ է եկել այդ մեքենաների ծննդից անմիջապես հետո: Եվ եթե հարկային դաշտ «տեղափոխվելու» ճանապարհն արդեն բոլորն են բռնել, ապա զարմանալին ավելի շատ տոնավաճառների շրջանցումը կլիներ: Հայրենի պաշտոնյաները հավաստիացնում են, թե առևտրային դրամաշրջանառության շուրջ 80 տոկոսն այստեղ է իրականացվում: Իսկ այսքանն արդեն լիուլի բավական է հասկանալու, որ ստվերից դուրս գալու թափ առած գործընթացի շրջանակներում շուկաներն իբրև յուղոտ պատառ, բնականաբար, չէին շրջանցվելու: Ինչ-որ գումարներ մինչև այսօր էլ նրանք, իհարկե, վճարել են, բայց հենց վճարաչափերը բազմապատկելու առաջարկի արդյունքում է դժգոհության լրջագույն ալիք բարձրացրել: Տոնավաճառային քաոսը վերացնելը որքան էլ կարևոր լինի, միևնույն է, հեռավոր դուբայներից ու թուրքիաներից, ասենք, գուլպա ներկրող մանր առևտրականների աշխատանքային ապագան ՀԴՄ-ների հետ պարզապես չի կարող համատեղվել: Վերջիններս հավաստիացնում են, թե նման բիզնեսի հետագա գոյությունն իրենց համար արդեն անիմաստ է դառնալու: Այլ կերպ ասած` անակնկալը հենց այստեղ պետք է փնտրել` դրան հետևող բարդ հարցադրման անհայտ պատասխանով հանդերձ. ի վերջո, տոնավաճառներում ՀԴՄ-ների ներդրման վնա՞սն է շատ լինելու, թե՞ օգուտը: Համենայն դեպս, ժամանակից առաջ չընկնելով, տեղին է հիշել այն «հայտնագործությունը», թե. «Ավելի լավ է ապրել առողջ և հարուստ, քան թե աղքատ և հիվանդ»: Տվյալ դեպքում էլ, ինչ խոսք, լավ կլիներ, որ մարդը վաճառվող գուլպեղենի մանր եկամուտների հույսին չմնար ու, ասենք, մաքսային համակարգում աշխատեր, շատ ավելի բարեկեցիկ կենցաղ ունենար: Այդ նույն մաքսայինը հիմա Հայաստան ներկրվող գուլպեղենը սեփական խոշորացույցի տակով է անցկացնում, և, ինչպես հայտնի է, մեկեն «անբախտ» (՞) դարձած վաճառականներից գանձվող վճարները վերջին շրջանում զգալիորեն աճել են: Մաքսայինում համակարգի առողջացման խնդիրն է դրված, և, կարծես անցել են զարտուղի ճանապարհներով ապրանքներ ներկրելու ժամանակները: Ու բոլորովին էլ նշանակություն չունի, որ ստվերից դուրս գալը և ոչ մի տնտեսվարողի այնքան էլ հաճելի չէ, որ բոլոր պարագաներում արևի (հիմա` հարկերի) ուժգին ճառագայթները ստվերը նախընտրելի են դարձնում: Այսուհանդերձ` հարուստ ու է°լ ավելի հզոր երկիր դառնալու գերխնդիրը ենթադրում է թեկուզև ուշացումով, բայցև վաղուց գրված ու շատ պարզ օրենքների պահանջները կյանքի կոչել: Խնդիրը, ինչն այս դեպքում արդեն հասցրել է վաճառականների դժգոհությունը բորբոքել, ավելի շատ կիրառվելիք նորարարությունների համաչափության պահպանմանն է առնչվում: Եթե շուկան ու տոնավաճառն ավանդաբար միջին և աղքատ խավի առևտրի վայր է համարվում, ապա գրեթե կասկածից վեր է, որ ՀԴՄ-ների ներդրումը ինքնաբերաբար հանգեցնելու է գների զգալի աճի: Արդյունքում այստեղ վաճառվող ապրանքների արժեքները հավասարվելու են խոշոր խանութների առաջարկած ամրագրված գներին: Մինչդեռ, շուկա կամ տոնավաճառ կոչվածի գլխավոր առանձ-նահատկությունը (ինչու չէ` հենց առավելությունը) գնային հիրավի ճկուն փոխհամաձայնությունն է` սակարկութ յունը: ՀԴՄ-ների գոյության պարագայում ինչպե՞ս է գործելու սակարկության «մեխանիզմը»: Կամ, գյուղմթերքների շուկաներում «ի՞նչ են անելու» այսպես կոչված վերահսկիչ այդ դրամարկղիկները: Խանութներում վաճառողները գումար չեն վճարում տեղի համար և վաճառում ոչ իրենց սեփական միջոցներով ձեռք բերված ապրանքը: Շուկան ուրիշ է, և նման կոպիտ ու կտրուկ համահարթեցումը կարող է էապես նվազեցնել նաև տոնավաճառների ապրանքաշրջանառության ծավալները` իսկապես հարցականի տակ դնելով նման տնտեսվարողների լինել-չլինելու խնդիրը: Այնպես որ, ստվերից կարելի է ու անհրաժեշտ է դուրս գալ, բայց տարբերակված մոտեցումներով և սպառողներին նոր երկընտրանքների առջև չկանգնեցնելով: