«Թատրոնը տասնմեկ բալանոց երկրաշարժ է սիրում»:


Հովհ. ԹԵՔԳՅՈԶՅԱՆ Սեպտեմբերի 14-ից, Կարինե Խոդիկյանի «Երևանյան սիրավեպ» պիեսի հեղինակային ընթերցմամբ ու հրապարակային քննարկմամբ, մեր մշակութային կյանք է ներմուծվել «ReadingFest-process» (կարծում եմ, օտարամոլության կնիքով հնչեղացված անվանումը խորթ է հետամտած գլխավոր նպատակին) բաց փառատոնը (՞): ՀՀ մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Թատրոն-X» հանրապետական անցյալ ստուգատես-փառատոնում ծնված մտահղացման հեղինակը Վլադիմիր Բադասյանն է, ով հավակնում է իր ակտիվ միջամտությամբ խթանել հրապարակային թատերական քննարկում ների երբեմնի բարի ավանդույթը: Թատերանպաստ այս ձեռնարկի առաջին փուլի գլխավոր նպատակը արդի հայ դրամատուրգիայի վերընձյուղումն է` ասպարեզի խորազնին «պեղումներով»: Բարեկիրթ բանավեճի կորսված մշակույթը վերականգնելու առաջամարտիկն ու առաջնեկը, ըստ նրա, արդի հայ դրամատուրգն է: Խելացի մոտեցում, որի շնորհիվ, հնարավոր է, գտնվի պատասխանը համակողմանի տրտունջների` եղած նորահնար պիեսների թերարժեքությունից: Շարունակական աչառու պրպտումներով գուցե թե հրապարակի վրա եղած ողջ «դրամատուրգիական արտադրանքի» պարունակությունը, վերջապես, լրջմիտ գնահատութ յուն ստանալով, ըստ արժանվույն պատշաճ դասդասվի: Եթե, իհարկե, ի զորու լինենք ազատագրվելու արժևորման ընկերային չափանիշների գերիշխանությունից և չերկնչենք իրերն իրենց անուններով կոչելուց: Հավատացած եմ, ցավոք, մաքրազտման նորասկիզբ գործընթացում դույզն-ինչ ձեռքբերումներ ունենալու գլխավոր այս նախապայմանը հազիվ թե ապահովվի ներկայիս անառողջ մարդկային փոխհարաբերությունների մետաստազների ցանցում: Մշակութային-հասարակական-քաղաքական կյանքն ուղղորդող «դիրիժորական վահանակի» տերն ու տնօրենը դարձած «նորին նազարական մեծություն միջակությանը» «գահընկեց» անելուն ինքներս պատրա՞ստ ենք արդյոք… Որքանո՞վ կարելի է ճշգրիտ որոշել պարբերականի միտում ունեցող այս ընդլայնված բաց քննարկումների արդյունքում ներկայացված գործերի գրական-գեղարվեստական-թատերական արժեքը: Դժվարանում եմ կանխագուշակել` արդեն անցկացված 5 քննարկումներից 20-30 մշտական մասնակիցների ունեցած կոնկրետ տպավորություններով: Ըստ իս, անհամեմատ նպատակահարմար կլիներ բոլոր շահագրգիռ անձանց` դրամատուրգներին, դերասաններին, բեմադրիչներին, լրագրողներին, թատերասերներին նախապես հնարավո րություն ընձեռել ծանոթանալու ընտրված պիեսներին: Մասնակցելով Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճեմասրահում անցկացված երկրորդ քննարկմանը` ուշի-ուշով հետևեցի Հովհաննես Թեքգյոզյանի «Երկկենցաղ մարդը» պիեսին տրված, ինչ-որ առումով միմյանց լրացնող գնահատականներին: Չնայած հավաքվածների մի մասի պասիվությանը, քննարկումը հընթացս աշխուժացավ: Այդուհանդերձ լուրջ մտորումների տեղիք չտվեց ՀԹԳՄ թատերասրահում այս պիեսի բեմադրությունը ձեռնարկած Վահան Խաչատրյանին, ով արդեն հիմնականում ավարտել է իր աշխատանքը «Երկկենցաղ մարդու» ռեժիսորական տարբերակի վրա, հստակեցրել դերաբաշխումը, բեմամիջավայրի նկարչական ու երաժշտական ձևավորումները: Լինելով ինքնատիպ գրիչ ունեցող նվիրյալ թատերագործիչ` Հովհաննես Թեքգյոզյանը յուրովի է անդրադարձնում ապրած օրերի բազմաբարդ շերտերը իր անշփոթելի, իրական կյանքից նկատելիորեն կտրված գրական աշխարհում: Առավելապես ենթագիտակցական ծալքերում փնտրելով մարդկային կեցության հոգեբանական ազդակները` նա միաժամանակ հնարքներ է որոնում դրանց արդիաշունչ թատերագրավչություն հաղորդելու: Կուտակած թատերակենսափորձով կարողանում է սերնդակիցների համար գայթակղիչ դարձնել ժամանակի գեղագիտական պահանջներին գեթ մասամբ հագուրդ տալու հնարավորություն ընձեռող իր հին ու նոր գրական երկերը: Ակնհայտ է նրա ընդվզումը հոգեզրկող համացանցային համաճարակի դեմ, ցավը` երազանքի և իրականության ծայրաբևեռացման, սերունդների անջրպետման, մարդ արարածի, հատկապես` երիտասար դության, անօգնականության, չհասկացվածության համար: Գուցե թե Վահան Խաչատրյանն էլ կարողանա տարասերունդ դերասանախմբով արտահայտել պիեսի ներթաքույց ենթատեքստային բովանդակությունը` հարստացնելով իրական կյանքի իմպուլսներով, սեփական փորձով ու ասելիքով: Ինչպես, ասենք, Նունե Խեչումյանը նույն հեղինակի երկակի «Արտավազդ»-ակիր «Մետաստազը» փորձառու մանկավարժ-հոգեբանի խորագետ կենսահայեցողությամբ թատերայնացնելիս: Ի դեպ` թատերագրի հավակնություն չունեցող Թեքգյոզյանի երկու գործերն էլ տեղ են գտել Կարինե Խոդիկյանի հրատարակած «Դրամատուրգիա» ամսագրում, ինչպես և ժամանակակից գրողներից շատ-շատերինը: Հենց «Դրամատուրգիա»-ի շնորհիվ են բեմական կյանքի ուղեգիր ստացել մեր օրերում ստեղծված մի շարք այլ պիեսներ` տարբեր գրական դավանանքների կոնկրետ, բեմադրական տեսակետից հիմնականում զգալիորեն թերավարտ արտահայտություններ: Ուստի, ըստ իս, արդի հայ դրամատուրգիայի որակական բնութագրության ամբողջական պատկերն ամենից առաջ պետք էր ուրվագծել դրանց մասնագիտական (ոչ կցկտուր հանրային) վերլուծությամբ: Ապա միայն որոնել նոր անուններ ու գործեր: Ինչևէ: Ժամանակից առաջ չընկնելով` ասեմ, որ Վլադիմիր Բադասյանի կարևոր նախաձեռնությունը, ՀՀ մշակույթի նախարարության և ԱԹՍՄ (նախագահ` Արա Խզմալյան) աջակցությամբ, օդի ու ջրի պես անհրաժեշտ էր մեր ոչ միայն թատերական, այլև ընդհանրապես ստեղծագործական ներկայիս կյանքի կենսունակությունը բարձրացնելու տեսակետից: Ինչ-ինչ փորձեր` այս ուղղությամբ արված, ցանկալի տեղաշարժ չեն առաջացրել: Սրա մեղքը ծանրացած է արդի մտավորականների ուսերին: Ստեղծագործական մթնոլորտի առողջացումը ազնվորեն սկսելով ինքներս մեզնից` ի վիճակի կլինենք նպատակասլաց կերպով զարգացնել այս հերթական գործընթացը մշակութանպաստ հունով: Առաջին քայլը ամեն երկուշաբթի երեկոյան տիկնիկայինում անցկացվող բաց քննարկումներին ամենայն լրջությամբ վերաբերվելն է: Գործնական անկեղծությամբ ու սրտացավությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ