ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ է


1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց հայերեն առաջին պարբերականը` «Ազդարար» ամսագիրը, որի Հիմնադիր խմբագիրն իր ժամանակի ամենաուսյալ հայ մտավորականներից մեկն էր` Հարություն քահանա ՇՄԱՎՈՆՅԱՆԸ «Ազդարարը» հետապնդում էր իր հայրենակիցների մեջ բարձրացնել մարդու քաղաքական, իրավական, տնտեսական ինքնագիտակցությունը` հասցնելով իր ժամանակի ամենաքաղաքակրթված երկրների մակարդակին և մտավոր աստիճանին: Ամսագրի հրատարակման երևույթը Շմավոնյանը համարել է «նորոգ ոգուածք» և խորապես համոզված էր իր գործի օգտակարության մեջ` վստահ, որ իր գործունեությունը ազգօգուտ և պայծառ ձեռնարկում է: Ուստի, կոչ էր անում հայ գործիչներին, հարուստներին` աջակցել, օժանդակել իրեն` իր սկսած գործը առաջ տանելու և կատարելագործելու համար: Եվ, թեև, բոլորը խանդավառորեն ողջունում են «Ազդարարի» երկունքը, սակայն ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Տեղի հայ հարուստները չեն օգնում նրան` խմբագրության ծախսերը փակելու գործում, և այդքան չարչարանքով լույս աշխարհ եկած հայ առաջին ավետաբերը վաղամեռիկ վախճան է ունենում. ընդամենը 18 համար հրատարակելուց հետո Շմավոնյանը ստիիպված է լինում դադարեցնել այն: «Ազդարարի» միջոցով Շմավոնյանը լուսաբանում էր բարոյական, դաստիարակչական, լուսավորչական, քաղաքական և շատ այլ խնդիրներ: Առհասարակ, իր ծրագրի հիմքում նա դրել էր գիտության և լուսավորության տարածումը: Պատահական չէ, որ «Ազդարար»-ի ծննդյան օրը մեզանում նշվում է որպես Հայ մամուլի օր: Ի դեպ` հնդկահայ մամուլի նախակարապետի կենսագրությունը վերակենդանացնելու նպատակով ու նրա լավագույն ավանդույթները պահպանելու միտումով 2008 թվականից վերահրատարակվում է պատմամշակութային նույնանուն հանդեսը (վերահիմնադիր և գլխավոր խմբագիր` Մարտիկ ՍԱՐԳՍՅԱՆ), որը նույնպես հիմնադրվել է և առաջին համարները տպագրվել են Կալկաթայում: