Շնորհավոր տոնդ, սիրելի° Երևան


«Էրեբունի-Երևան» ավանդական տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 13-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա տարածքում տեղակայված հ.91 դպրոցում անցկացվեց մի հանդիսություն: Յուրօրինակ, անակնկալության չափ գեղեցիկ բեմականացումը, որը կայացավ դպրոցի բակում, մեծ խորհրդով էր հագեցած` ոչ միայն ներկայացնելու Երևանի հիմնադրումը, այլև մասնակիցներին մտքի թևերով հասցնելու մինչև հայ ժողովրդի կազմավորման հեռավորագույն ժամանակները, որոնք գալիս են դեռևս աստվածների ծննդից շատ առաջ: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, իրոք, ջերմ, արժանավայել արձագանք էր գտել հայրենաշունչ այս կրթօջախում, ուր դպրոցականների ու ուսուցիչների ջանքերով իր շքեղ լրումին հասցվեց ամենայն հայոց մայրաքաղաքի ծննդյան յուրօրինակ պանծացումը: Բեմի վերածված դպրոցում և բակում թևածում էր ուրարտական հաղթական ժամանակների, նրա աշխարհաշեն արքաների շունչը: Դարերի սեպագիր վավերագրությունը,դարերի փոշին դեռևս պահպանած պարսպի մի հատվածի դրվագումը, մասնակիցների գունագեղ հագուստ-կապուստը, մանրամասն մտածված գեղազարդող բազմապիսի պարագաները, կարծես թե մի պահ, իրոք հանդիսության մասնակիցներին տեղափոխել էին Հայաստան աշխարհի վաղնջական ժամանակները` հատկապես, երբ թմբուկների հոգեցունց որոտմունքը` պարախմբի ուղեկցությամբ, Հայաստան աշխարհին, հայ ժողովրդին ազդարարեց Վահագն Վիշապաքաղի ծնունդը: Այնուհետև բեմահարթակում շողշողացին հեթանոսական մյուս հզորահզոր աստվածները: Այսպես հանդիսության կազմակերպիչները ընդգծում էին հին աստվածների իրողությունը` «Էրեբունի-Երևան», հայ ժողովրդի, հայոց աշխարհի իսկապես որ աստվածաշնորհ ծնունդն ու կազմավորումը: Հրաշալի էր մտածված արքայի փառահեղ մուտքը, լուսահորդ ամրոցի հիմնադրումը, բերք ու բարիքի արարումը, ինչը խորհրդանշում էր հայ ժողովրդի խաղաղ,ստեղ ծարար աշխատանքով ապրելու ձգտումը, արարչական անսպառ կորովն ու կամքը: - Նման միջոցառումներն ինքնանպատակ չեն: Դպրոցականներին նույն նպատակի շուրջ համախմբելուց զատ, դրանք նպաստում են երեխաների աշխարհայացքի ընդարձակմանը և, ամենակարևորը` առարկայական են դարձնում նրանց պատկերացումներն երկրի, պատմության, ազգային նկարագրի վերաբերյալ: Այսօր տոն է մեր դպրոցում. նշում ենք մեր սիրասուն, մեր հին ու նոր, մեր շենշող քաղաքամայր Երևանի տոնը: Տոն, որը հագեցած է մորն ուղղված զավակի սիրով ու երախտագիտությամբ, ջերմ ու սիրալիր վերաբերմունքով: Ինչպես ամեն մի հայ, մենք ևս` թիվ 91 դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը, նույնպես հպարտանում է ողջ հայությանը տուն կանչող անմար փարոս Երևանով: Աշխատում ենք մեր սրտի խոսքով, գեղագիտական հաճույք պատճառելով պանծացնել քեզ, սիրելի ոստան` քաղաքամայր Երևան: Շնորհավոր տոնդ, սիրելի° Երևան,- ասում է դպրոցի բազմափորձ տնօրեն Էլյա ՂԱԼՈՒՄՅԱՆԸ: Հանդիսությանը ներկա մասնակիցներն ու բազում հյուրերը հաղորդվելով դպրոցականների ոգևորությամբ` մեկ անգամ ևս համոզվեցին` հայ մարդու, հայ ժողովրդի, նրա մշտարթուն ոգու հավերժությանը: