ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


n ԵՐԵԿ, Մոսկվայում կայացած նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ համալիրին և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլ հարցերի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու առանձին գործընթացներին, տարբեր ոլորտներում հեռանկարային ներդրումային նախագծերին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին և Արագ արձագանքման հավաքական ուժերին` օրերս Ղազախստանում մեկնարկելիք «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում: n ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա պարապմունքները` հանրապետության գերատեսչությունների, մարզպետարան ների պաշտոնատար անձանց հետ: Պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զորահավաքային նախապատրաստության հարցերում համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց տեսական և գործնական գիտելիքների, ունակությունների կատարելագործումը և բարձրացումն է: Ողջունելով պարապմունքների մասնակիցներին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ գերատեսչությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ նման միջոցառում հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Նա կարևորեց նաև, որ զորահավաքային նախապատրաստության և անցկացման խնդիրն ընդհանուր է, պարապմունքները նպատակ ունեն կատարելագործել պաշտոնատար անձանց տեսական գիտելիքները, հնարավորություն կտան փորձի փոխանակման միջոցով վերհանել կարևորագույնը: «Պետության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հիմունքները» թեմայով դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց տարածքային պաշտպանության հիմունքները, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի սահմանման հիմնական հասկացությունները, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի սկզբունքները, խնդիրները և միջոցառումները, կանգ առավ ներկա փուլում զորահավաքի նախապատրաստության վրա ազդող գործոնների և պայմանների վրա: