Հա՞ որ...


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ է հայտնի. մեր հացը միշտ էլ քարից և այն էլ մեծ դժվարությամբ ենք քամել: Հայոց արտերը հացահատիկի առատությամբ ոչ միայն աչքի չեն ընկել, այլ նաև հայկական լեռնաշխարհում անքար դաշտերն այնքան քիչ են եղել, որ քարից հաց քամելու դժվարությունը մեր ժողովրդի տարիքն ունի: Նոր ժամանակներում նույնպես հարցն իր հրատապությամբ առաջնայիններից է, քանի որ մեր երկրում գյուղատնտեսության գոյությունն առայժմ խորհրդարանական մակարդակի վրա է, և հացի խնդիրը գերազանցապես ներմուծման շնորհիվ է լուծվում: Եվ ինչպես բոլոր կարևոր ապրանքատեսակները, այնպես էլ հացահատիկը մեր հանրապետությունը հյուսիսային հարևան Ռուսաստանից է գնում: Ու պարզվում է, որ այս երկրից ներկրվող ամեն ինչը չէ, որ պարբերաբար թանկանում է: Գոնե տեղում և արդեն տևական ժամանակ ցորենի գինը շուրջ 40 տոկոսով նվազել է, ինչից կարելի էր ենթադրել, որ հացի գինը մեր հանրապետությունում էլ կնվազի: Ինչպես հայտնի է, Հայաստանում սպառվող հացահատիկի շուրջ 75 տոկոսը հենց այս երկրից է ներկրվում, ու կարող է թվալ, թե գնանկումն առաջիկայում պարզապես անխուսափելի է դառնալու: Եթե հաշվի առնենք, որ հացի պատրաստման ընթացքում ծախսվող գազի կամ էլեկտրաէներգիայի գինը նույնպես ցածր չէ, տեղափոխման ծախսերն էլ են բարձր, ապա եթե հացամթերքի գինը գոնե քսան տոկոսով էլ նվազի, այնուամենայնիվ հայկական միջին վիճակագրական ընտանիքի բյուջեն դրանից էապես կշահի: ՄԻՆՉԴԵՌ միշտ էլ կարելի է հազար ու մի պատճառ մոգոնել` տվյալ դեպքում հացի գինն իջեցնելուց խուսափելու համար: Ընդ որում, այս մեխանիզմը մեզանում այնպիսի կատարելության է հասել, որ անգամ առաջիկայում գործելիք սցենարն է հնարավոր այս պահին ամենայն ճշգրտությամբ ներկայացնել: Նախ վերհիշենք, որ հացահատիկի ներմուծումը մեզանում մի քանի մարդու պատկանող մենաշնորհ է: Պարզ է, որ գնի բարձրացումն էլ, նվազեցումն էլ, որքան կամայականորեն, նույնքան էլ հեշտությամբ է կարգավորվում: Այս մարդիկ բնականաբար լռելու են սովորականի նման` ձև անելով, թե ոչնչից տեղյակ չեն: Անտարբերությունը շարունակվելու է մինչև այն պահը, մինչև փորձ արվի նրանցից ճշտել, թե ինչ են մտածում ցորենի-ալյուրի-հացի գինը նվազեցնելու մասին: Այդ ժամանակ էլ հանրահայտ ցորենակիրները հավատացնելու են, թե հայոց ամբարները բերնեբերան լիքն են եղել նախկին գնով ձեռք բերված ցորենով, չնայած մեծագույն ցանկությանը` (՞) իրենք ի վիճակի չեն հացահատիկի գինը վերանայել: Մի փոքր անց էլ, ոնց էլ լինի, արտարժույթի կուրսն է տատանվելու, և ամեն ինչ, ինչպես բոլոր նախորդ դեպքերում, իր տեղն է ընկնելու` հօգուտ գործարար գրպանների: Ի ՎԵՐՋՈ, նման հարցերն այնքան «անկարևոր» են, որ միայն սովորական մահկանացուներին են հուզում: Եվ հակառակ ամենին, հացի քաշն ու ծավալը միգուցե էլի փոքրանան: Չէ՞ որ ճգնաժամ լինի, թե մի այլ իրավիճակ, հացամթերքի գնողունակությունը, միևնույն է, չի նվազի: Նույն ներկրողները սա իհարկե լավ գիտեն, քանի որ ամեն ինչ վաղուց և բազմիցս գործնականում է ապացուցվել: Նույնիսկ ուրիշ պարենատեսակների համը մոռացողները, հացից չեն հրաժարվելու` անկախ դրա որակից, քաշից ու անգամ` գնից: