Ռուս-արևմտյան կտրուկ շրջադարձը


Վերլուծաբանները բազմիցս են անդրադարձել ու թերևս էլի առիթներ կունենան ձեռք մեկնելու 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի թեմային` փորձելով փաստել, թե հենց այդ ժամանակ էլ սկսվեց Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի և ուժերի վերադասավորման գործընթացը: Ոմանք գտնում են, որ հիշյալ հինգ օրերի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում գլոբալ առումով կորուստներ կրեց, իսկ մյուսների կարծիքով` ոչ: Բոլոր դեպքերում, ռուս-վրացական հակադրութ յունն առիթ հանդիսացավ, որպեսզի Հարավային Կովկասում ակտիվանա ևս մի խաղացող` Թուրքիան, որը ԽՍՀՄ տիրապետության տարիներին «քնած էր» և չէր էլ համարձակ վում հայացքը կարմիր գծից այս կողմ հառել: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հետխորհրդային պետությունները տնտեսական անկում էին ապրում, Թուրքիայի տնտեսությունը բուռն վերելք ունեցավ, արթնացան Եվրասիայում նրա քաղաքական հավակնությունները: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններին Թուրքիայի տրամադրած վարկերը 2007-ին կազմում էին շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: Շատերն այսօր էլ հակված են կարծելու, թե Հայաստանի` «ֆուտբոլային» հայտնի դիվանագիտությունը ծնվեց Մոսկվայի անմիջական դրդմամբ, քանի որ Ս. Սարգսյանը Գյուլին Երևան հրավիրելու իր մտադրության մասին խոսեց Ռուսաստանի մայրաքաղաքում: Իրականում առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մոսկվայում խոսելը, թերևս, կարելի է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերություններում խորքային գործընթացների համատեքստում: Խոսքն, իհարկե, ռուս-ամերիկյան երկարաժամկետ ծրագրերի ու համաձայնությունների մասին է: Ռուսաստանի իշխանությունների հրավերով սեպտեմբերին արևմտյան ընկերությունների ներկայացուցիչներ ժամանեցին Հյուսիսային Սիբիր` քննարկելու տեղի գազի պաշարների արդյունահանման հարցը: Սա կտրուկ շրջադարձ էր Ռուսաստանի քաղաքականության մեջ: Ոչ շատ վաղուց Ռուսաստանը դուրս էր մղում արտասահմանյան ընկերություններին իր տնտեսության հատկապես էներգետիկայի և հումքային ոլորտներից: Եվ դարձյալ ոչ շատ վաղուց մի անգամ չէ, որ Եվրոպան և ընդհանրապես Արևմուտքը քննադատում էին Կրեմլին` էներգետիկ ոլորտի դռներն իրենց ընկերությունների առջև փակ պահելու համար: Այս ամենի ֆոնին արևմտյան ընկերությունների ներկայացուցիչ ներին Սիբիր հրավիրելը և նրանց հետ միասին վերոհիշյալ քննարկում կազմակերպելն, իրոք, սենսացիոն էր: Ակնհայտ է, որ Մոսկվան ցանկանում է եվրոպական, արևմտյան ներդրումներ ապահովել իր էներգետիկ, հումքային ոլորտում, ինչպես նաև արտասահմանյան նորագույն տեխնոլոգիաների միջոցով մոդեռնացնել իր տնտեսությունը: Սակայն ամեն ինչ ունի իր գինը, և աշխարհաքաղաքականության մեջ Ռուսաստանը պետք է կամավոր հրաժարվի իր որոշ առաջնահերթություններից: Թերևս այս համատեքստում կարելի է դիտարկել նրա գործողությունները, մասնավորապես Հայաստանում` հայ-թուրքական վերջին զարգացումների առումով: Միևնույն ժամանակ, Թուրքիան որքան խորանում է Հարավային Կովկասում, այնքան մեծանում են նրա վրա թե° Ռուսաստանի, թե° ԱՄՆ-ի ազդեցությունները: Անկարան մտահոգ է Միացյալ Նահանգների ռազմավարության մեջ իր դերի նվազման հեռանկարով: Սպիտակ տունը չի թաքցնում Վրաստանում և Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծելու իր մտադրությունը: Իսկ այդ նոր ստեղծվելիք բազաները կարող են այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի տարածքում առկա` ամերիկյան բազաներին: Որպես հետևանք` Ինջիրլիկում գտնվող ամերիկյան ավիաբազան այլևս չի ունենա իր նախկին նշանակությունը: Թերևս, շատերի հիշողության մեջ դեռ թարմ է, թե Միացյալ Նահանգների հետ ինչ առևտուր սկսեց Թուրքիան Իրաքյան պատերազմի ժամանակ` հիշյալ ռազմաբազան ԱՄՆ զորքերին տրամադրելու համար: Իսկ Վրաստանում և Ադրբեջանում ռազմաբազաների տեղադրումն ու օգտագործումը կհանգեցնի Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության նվազմանը: Վաշինգտոնը, ելնելով վերոհիշյալից, չի ցանկանա և թույլ չի տա Անկարայի ռազմաքաղաքական ինքնուրույնության ու ներկայության ամրապնդումը Հարավային Կովկասում: Հատկապես Ադրբեջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերն ու նպատակները կարող են հակադրվել միմյանց. առաջինը կաշխատի ամեն կերպ թույլ չտալ թուրքամետ քաղաքական ուժերի հզորացումն ու ակտիվացումը, իսկ Թուրքիան չի ցանկանա ամերիկյան ազդեցության մեծացումն իր կրտսեր եղբոր վրա, քանի որ այդ պարագայում կնվազի իր դերը: Միաժամանակ, Միացյալ Նահանգների ներկայության ամրապնդումը կարող է բխել Թուրքիայի շահերից, քանի որ այդպիսով տարածաշրջանից դուրս կմղվի Ռուսաստանը: Սակայն Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտին վերաբերող պայմանագրեր ունի: Եվ ամերիկա-թուրքական հակասություններն առայժմ քողարկված են, ու Անկարան շահագրգռված չէ, որ դրանք բացահայտվեն: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, ապա և° Սպիտակ տունը, և° Կրեմլը զգուշանում են Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում Թուրքիայի ռազմական միջամտությունից` անթույլատրելի համարելով այն: Նման պարագայում հնարավոր չի լինի կանխել պատերազմի բռնկումը ողջ տարածաշրջանում: Ուստի, և° Ռուսաստանը, ևþ ԱՄՆ-ը դեմ են թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքին` զգուշանալով հակամարտությունների շղթայական տարածումից: Սակայն, ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը Անկարային ստիպում է զգուշանալ, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մի գեղեցիկ օր էլ կհասկանան, որ Թուրքիան արդեն իրենց պետք չէ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ