Մեր ռուսական թատրոնի... «ոսկե հարսանիքը» 


Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում արտասովոր արարողություն էր: Թատերական 82-ամյա ընտանիքի ներկա սերնդի հումորաշաղախ հանդիսանքով, ճաշակով ձևավորված շքեղ հյուրասիրությամբ նշում էին ՀՀ ժողովրդական արտիստ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի` Հայաստանի միակ ռուսական թատրոնի գեղագիտական առաջնորդության 50-րդ տարեդարձը: Օրվա հերոսի բնորոշմամբ` Հայաստանի ռուսական թատրոնի հետ իր «ամուսնության» ոսկե հարսանիքը: Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի իրադարձություն: Իսկ և իսկ` ոսկե հարսանիք... «Ստանիսլացվի ների» ներկա սերնդի իրարահաջորդ հումորեսկների տոնական տրամադրությամբ էլ «ԱՎԱՆԳԱՐԴԻ» հետ անկեղծացավ բազմաթիվ պատվավոր տիտղոսների և մրցանակների Ասպետ Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը:

- Բաժանումը, անջատումը, հրաժեշտը... Չեմ խոսում հոր, մոր հետ բաժանման մասին: Նրանք բարձրակարգ կրթություն ստացած նրբաճաշակ և հազվադեպ իմաստուն մարդիկ էին: Հենց ծնողներիս եմ պարտական իմ համակողմանի դաստիարակության, բովանդակալից ու անհոգ մանկության, պատանեկության համար: Շա˜տ են եղել անջատումներն իմ կյանքում: Չեմ ուզում թվարկել: Ամենադժվարն ու ցավալին ինձ համար այդ բաժանումներն են: Յուրաքանչյուրի սպին դեռևս անջնջելի է իմ հոգում: Միայն առերևույթ է թվացել, թե ես դրանք թեթև, հումորով եմ ընկալում, շուտով մոռացության մատնում: Բնատուր կենսասիրությանս բերումով անջատումներին հաջորդել են նոր հանդիպումներ, մարդկային լուսավոր փոխհարաբերություններ, որոնց շնորհիվ հաղթահարել եմ սրտմաշուկ ցավս կորստի և կրկին երջանիկ եմ զգացել: 6 երեխա ունեմ: Բոլորին սիրում եմ, իհարկե, բայց ամենաթանկը` դեռևս որոշակի խնամքի կարոտ վերջիններն են: Ես միշտ սիրել եմ կանանց: Գուցե դա իմ ամենամեծ թերությունն է եղել, բայց ինձ թվում է, որ իմ մեծ արժանիքն է նաև եղել` ես նրանց սիրե˜լ եմ: Այդպես էլ` մոտ 140 բեմադրություններս: Գուցե ամենաթանկը վերջիններն են:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Երբեք այդ մասին չեմ մտածել: Ակամա մտաբերեցի, թե Թատրոնի և կինոյի մոսկովյան համամիութենական ինստիտուտում ինձ համար մինչ օրս անհասկանալի մնացած պատճառներով քննություն չբռնելուց հետո ինչպես ներկայացա լենինգրադյան ուսուցչիս` Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեևիչ Վիվյենին` ղարաբաղցի հայ Բաքվից... Արցախյան գողտրիկ Խնձորեստանում են մխրճված արմատներս: Աշխեն տատիցս ու Ալեքսան պապիցս, հորիցս և մորիցս ժառանգած հայկական գեներս միշտ ակտիվ են եղել իմ կյանքի արյան շրջանառություն մեջ: Դեռ մանկուց ինձանում ամրացել է համոզմունքը, որ իմ ժողովուրդը մե˜ծ, հզո˜ր, տաղանդավո˜ր, հնագույն քաղաքակրթության ժողովուրդ է: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր հայրս հպարտանում հայերի բոլոր հաջողություններով: Խնամքով հավաքում էր այդ մասին վկայող բոլոր տպագիր վավերագրերը, եթե նույնիսկ դա վերաբերում էր Խորհրդային Միության որևէ քիչ հայտնի անկյունում հայազգի աշխատավորի սահմանած արտադրական ռեկորդին: Ցավոք սրտի, 3 հաստափոր տետրեր կազմած «Ազգերի գիրքը» խորագրով նրա գրառումները կորստյան մատնվեցին մեզ պատուհասած հայտնի չարաղետ իրադարձությունների օրերին: Համանման երևույթին փայլուն իրազեկված է նաև Բաքվում ծնված հայազգի մեր հանրահայտ էստրադային երգչուհին` Իրինա Ալեգրովան, ում պապն էլ կյանքի ընթացքում միութենական ու հանրապետական թերթերից նշանավոր հայերին վերաբերող վկայություններ է հավաքել: Նույնիսկ, հիշում եմ, բողոքի նամակ էր գրել հորս, որ ժամանակին իրեն չի տեղեկացրել ինձ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին: Իմ պարագայում աներևակայելի է որևէ ուրիշ ազգի պատկանելու շուրջ մտածելն անգամ: Ես հպարտ եմ, որ հայ եմ, չնայած չեմ ճչում այդ մասին:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Երբ առաջին անգամ ոտք պիտի դնեի Երևանի ռուսական թատրոն, մի պահ հապաղեցի մուտքի մոտ: Հայացքս դարձրեցի «Մոսկվա» կինոթատրոնի կողմը: Ազդագրի խոշոր տառերով գրված «Օտարը քաղաքում» բառերը կարդալիս` ներսս փոթորկվեց, զգաստացա: «Դեռ կտեսնենք»,- մարտահրավեր նետեցի, ասես, ինքս ինձ: Չէ՞ որ 10 տարի առաջ էի միակ անգամ եղել Երևանում, երբ հանդես էի գալիս Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում: Արաբական ինչ-որ ֆիլմ էր, չեմ էլ տեսել, բայց նրա վերնագիրը դաջված մնաց հիշողությանս ծալքերում: Գուցե կողմնակի ազդակ եղավ, որ ես կենտրոնացնեմ ամբողջ ներուժս և հարազատացնեմ ինձ իմ Երևանը:

Մեծ եռանդով գործի լծվեցի: Անթաքույց նպատակ ունեի ընդդիմանալու միութենական թատերաժողովում հնչեցված այն կարծիքին, թե իբր, Երևանի ռուսական թատրոնն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում, բացվել է միմիայն այն նպատակով, որ Հայաստանում ծառայող ռուսազգի մեծաթիվ զինվորականների ընտանիքների մշակութային հետաքրքրությունները որոշ չափով բավարարի: Կարծում եմ, իմ 50-ամյա ստեղծագործությամբ կարողացա հերքել այդ թյուր համոզմունքը: Թատրոնը ճանաչում գտավ Հայաստանի սահմաններից դուրս: Ինքս բազմաթիվ բարձր պարգևներ վաստակեցի: Մի շարք մասնագիտական պարգևներից ամենաթանկն ինձ համար Ստանիսլավսկու անվան մրցանակն է: Եվ ոչ թե այն պատճառով, որ այն ամենահեղինակավորն է: Ո´չ: Մենք բոլորս, ուղիղ կամ փոխաբերական իմաստով Ստանիսլավսկու աշակերտներն ենք: Ահա թե ինչու է ինձ համար հատկապես նվիրական Ստանիսլավսկու անվան մրցանակը: Հայաստանի ժողովրդական արտիստը մի բան է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչը` բոլորովին այլ... Ամեն դեպքում, դրանցում որոշակի քաղաքական ենթատեքստ կա: Առավել ևս, որ այդ մրցանակը ամենքին չէ, որ շնորհում են: Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ մինչ օրս ես միակն եմ կովկասյան տարածաշրջանում:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ամենաանվերծանելի առեղծվածը, որն ինձ օր ու գիշեր հանգիստ չի տալիս, պարզապես բզկտում է միտքս, իմ Հայաստանի վաղվա օրն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում անորոշության մշուշը հստակված տեսնել: Սա մի հանելուկ է, որն առայժմ ոչ ոք չի կարող գուշակել: Եվ գուցե հարկավոր էլ չէ: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է անել իրենից կախված ամեն ինչ, որպեսզի վաղվա Հայաստանը լինի ավելի հարուստ, ավելի բարեկեցիկ, ավելի հետաքրքիր, քան երբևէ: Ամեն դեպքում ես լավատես եմ մնում. անկարելի է, որ Հայոց ցեղասպանությունից սթափված, պատմականորեն անհաշիվ կործանարար փորձությունների բովում թրծված մեր ստեղծարար ժողովուրդը չդիմագրավի վերահաս անկանխատեսելի նոր վտանգները:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ` սիրելի անեկդոտը:

- Անեկդո՞տ... Օրվա հնչողությանը հարիր, մի հին անեկդոտ մտաբերեցի: Մեր հարևաններին փոքր-ինչ հեգնում, ծաղրում է, բայց դա իրական դեպք է եղել: Բաքվում ռազմական տագնապ է հայտարարվում: Կանչում է պետը աշխատակիցներին և հայտարարում` «Ընկերներ, հնարավոր է ատոմային պատերազմ սկսվի, ատոմային ռումբ նետվի Բաքվի վրա: Ծանր հետևանքներից խուսափելու համար դուք պետք է անհապաղ ապաստարաններ ստեղծեք, բայց այնպիսի, որ լինեն հարմարավետ, հուսալի, պաշտպանված ամեն կարգի վտանգներից»: Անցնում է որոշ ժամանակ, պետը դիմում է մեկին` Մամեդ, բավական ժամանակ է անցել, ցույց տուր, թե ինչ ես արել մեր ժողովրդի պաշտպանության, ապահովության համար: Մամեդը ուսերն է թոթվում` ոչինչ էլ չի արել, մատը մատին չի խփել: Պետը զայրանում է` Մամեդ, դու պատկերացնու՞մ ես, հանկարծ ու հիմա սկսվի ատոմային պատերազմը, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք փրկվելու: Մամեդը բութ հիացմունքով ձեռքը խփում է ճակատին` մի ասա, է´, նաչալնիկ ջան, ադա, հե´չ մի ասա, խայտառակ կլինենք, հաստա´տ, աշխարհով մեկ, ուղնուծուծով խայտառակ... 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ