ԶՈՐԱՎԱՐԸ 


Ովքե՞ր են նրանք` Հայոց մեծ ժամանակի մեր օրերի հայտնի ու անհայտ մեծերը: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մեր ժամանակակից մեծ մտավորական, գրող, գրականագետ, հրապարակախոս Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ բեղուն գրիչը բացահայտում, արժևորում ու հանրությանն է ներկայացնում մեր կողքին ապրող մարդկանց, որոնց կյանքն ու գործունեությունը առաջին հայացքից թվում է պարզ: Սակայն դա միայն առաջին անիմաց հայացքից: Ֆ. Բախչինյանի խորատես ու խորագետ հայացքը ներթափանցում է մարդկային էության անտեսանելի խորքերը և ընթերցողի համար տեսանելի դարձնում մարդու առաքելության այնքան կարևոր արժեքներ, այնքան նուրբ շերտեր, որոնք տեսանելի չեն անգամ ամենաուշադիր մարդուն:

«Հայ զորական ուժի ժառանգորդը». այսպես է կոչվում նրա գիրք- դիմանկարը` մեր կողքին ապրող ամենաարժանավոր հերոս հայորդիներից մեկի` Սեյրան Մուշեղի ՕՀԱՆՅԱՆԻ մասին:

Պատահական չէ, որ գրքի շապիկի լուսանկարից Սեյրան Օհանյանը չի նայում մեր աչքերին, որովհետև նա այդ պահին հատուկ չի լուսանկարվել: Պարզապես լուսանկարիչը որսացել է նրա հայացքի ամենաբնորոշ ակնթարթը. ինչպես միշտ նա նայում է հեռուն ու ոչ անորոշ հեռուն: Անընդհատ որոնող, դիտող, հետևող, հսկող, սթափ, զգոն, սիրող, պաշտպանող հայացք է դա: Պարզապես չի նայում, այլ միշտ տեսնում է: Տեսնում է մեր մի ափաչափ հայրենիքի սահմանները, որոնք միշտ ունեն սիրով ու հոգատարութամբ ողողված սրտացավ տիրոջ հայացքի կարիքը, տեսնում է ամենահեռավոր հեռուն, որին դեռ նոր պիտի հասնի իսկական տերերի ոտնահետքը:

Դժվար է գրել անհատի մասին, ով չի սիրում մեծարանքի ու փառաբանության ներբողներ, ով ինքը շատերից շատ լավ գրող է և քաջ գիտի խոսքի կշիռն ու աղը: Նրա մասին գրելու համար պետք է ընտրել կա´մ պատումը ու պարզապես պատմել նրա մասին. կա´մ խոհը ու պարզապես խորհել նրա մասին: Այս երկուսի գեղեցիկ համադրումն է Ֆ. Բախչինյանի դիմանկարը ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին: Այլ կերպ չէր էլ կարելի. գեներալ-գնդապետը սկզբունքային զինվորական է և կարծում է, որ յուրաքանչյուր մեծարանք պետք է ունենա իր չափն ու սահմանը: Թևավոր խոսքի խորություն ու խտություն ունեցող մտքերով նա ինքն ուղղորդում է իր մասին գրողներին ու պատմողներին` պահանջելով ճիշտ իմանալ գովեստի չափն ու ձևը.

- Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ մարդուն չափից ավելի գովաբանելը նրան տանում է դեպի անկում: Եվ երբ նման խոսքեր հնչում են իմ հասցեին, ներքուստ մի պահ ինքս ինձ սաստում եմ. «Զգաստացիր` դա արդեն դու չես»:

Եվ այսպես, էջ առ էջ, տող առ տող մեր առջև ամբողջանում է «մեր ժամանակների կենդանի լեգենդի, արցախյան լեռների իսկական արծվի վեհաշուք թռիչքի բարձրության» վեհ կերպարը: Մեզ համար աննկատ նա դուրս է գալիս զինվորական համազգեստի փոքր-ինչ ճնշող կաղապարից, կոտրում մեզ ծանոթ կարծրատիպերը և մեզ ներկայանում նաև հայ մարդու իր մարդկային անկրկնելի որակներով: Ու դասեր է տալիս` նույնքան աննկատ ու առանց պարտադրանքի: Ելման կետը մեկն է. զինվորական սառը ու խիստ փոխհարաբերությունների մեջ անգամ առաջնային գործոն պիտի լինի մարդկայինը:

Անպարտելի, հզոր ուժ և զգացմունքայնություն, մարդկային խիղճ, բարություն: Առաջին հայացքից այս անհամատեղելի որակները մի ակունք կարող են ունենալ. դա մարդուն ծնունդ տվող բնաշխարհն է` իր ոգեղենությամբ, այն հողը, ջուրը, որտեղ կյանք ու հոգի է առել մարդը: Ֆելիքս Բախչինյանը բացահայտում է այդ ակունքը` Արցախ աշխարհն` իր դաժան ու հերոսական պատմությամբ, մշակույթով, անկրկնելի բնությամբ ու վիթխարի ժառանգությամբ, որը Ս. Օհանյանը ստացել է Շուշիի երկինք մխրճված լեռների բարձունքում ճախրող արծիվների թռիչքից: Նրա ծնունդը պայմանավորված է եղել կարևորագույն առաքելությամբ` «ժառանգել ու հաջորդ սերունդներին փոխանցել դժվարին մի առաքինություն` հայոց զորական ուժի հանճարը», որ, ինչպես նկատում է գրողը, անվերջանալի փորձություններից, այնուամենայնիվ, երբեք չի խաթարվել ու չի ծերացել, մնացել է երիտասարդ ու առողջ:

Հայոց զորական ուժի հանճարի թագն ու պսակը նրա խաղաղասիրությունն է, ինչը Ֆ. Բախչինյանն իր դիմանկարի հերոսի մեջ համարում է ոսկի տառերով գրելու արժանի առաքինություն:

- Հայոց զորական ուժը խաղաղասիրության առաքյալն է և երբեք չի տառապել ռազմատենչության, սպանելու, քանդելու, թալանելու, տիրելու վայրի մոլուցքով:

Նա միշտ խուսափել է արյունահեղությունից, սակայն երբ արյունահեղությունը շատ է ընկել նրա ետևից, պարզապես նա ստիպված է եղել ժամանակ առ ժամանակ շրջվել ու դեմ հանդիման կանգնել, հակահարված տալ նենգ ու բռնակալ թշնամուն:

Այդ կարևոր առաքինության հաստատումն է Ս. Օհանյանի խոսքը.

- Մարտի ժամանակ թշնամու համար սարսափազդու, մեծ դիմացկունությամբ օժտված հայ մարտիկը երբեք արյունարբու չի եղել: Անսանձ զայրույթի մատնվելը համարվել է ստորացուցիչ, որովհետև խախտվում էին փառաբանված զինվորականության պատվիրանները:

Եվ, այնուամենայնիվ, կռվելով այդքան արժանապատվորեն, այդքան քրիստոնեաբար ու մարդասիրաբար, ինչպե՞ս է կարողացել հաղթել հայոց զորական ուժը: Հենց այդ ֆենոմենն է մեր առջև բացահայտում Ֆ. Բախչինյանի կերտած հայ մեծ զինվորի ու հրամանատարի դիմանկարը:

Դիպուկ է նաև Ֆ. Բախչինյանի համեմատությունը.

- Հայոց արքա Տիգրան Երվանդյանի զորքը դեռևս ՔԾԱ 6-րդ դարում կռվում էր այն նույն մարտավարությամբ, ինչով հայոց բանակը 1724 թվականին հաղթեց Հալիձորի ճակատամարտում, իսկ 1992-ին ազատագրեց Շուշին: Այդ հնարամտությունը հայտնի է խուճապ անունով:

Իսկ հայոց զորական ուժի բացառիկ հերոսականության մասին խոսելով, հեղինակը, սակայն, նկատում է մի շատ կարևոր հանգամանք.

- Պետականությունն ու անկախությունը կորցրած մեր ժողովրդի համար ազատագրական կռիվներում, այնուամենայնիվ, պակասել են զինվորական գիտելիքներով հարուստ մտավորական հրամանատարները: Նվիրյալներ, հող-հայրենիքի անձնուրաց պաշտպաններ ունեցել ենք ինչքան ասես, բայց զինվորական մտավորականները շատ հաճախ կռվել են ուրիշ երկրների կանոնավոր բանակներում և հենց նրանց էլ բերել փառք ու հաղթանակ: Իսկ զինվորական ինտելեկտի պակասի պատճառով մեր զոհերի թիվը եղել է շատ, հաղթանակը` թանկ:

Ֆ. Բախչինյանը հիմնավոր կերպով ընդգծում է, որ հայոց մեծերը` հանձին Սեյրան Օհանյանի, ունեցել են նաև պատմության սխալներից դասեր քաղելու խոհեմություն ու խելամտություն:

- Ճիշտ է, երկրի անբարենպաստ աշխարհագրական դիրքն ու թշնամի ցեղերի անվերջանալի ոտնձգություններն են գրել մեր պատմության էջերը, բայց այդ նույն աշխարհագրական անբարենպաստ դիրքն ու թշնամիների հարձակումները ստեղծել են ժողովրդի մի տեսակ, այդ տեսակի մի զարմանալի որակ, մի հավաքականություն, որը կարողացել է դիմադարձ կանգնել բոլոր փորձություններին:

Այդ բացառիկ տեսակն է նա բացահայտել մեր օրերի հերոսի կերպարի մեջ` վստահեցնելով, որ եթե այսօր ողջ լիներ մեծ հայասեր Նանսենը և տեսներ Սեյրան Օհանյանի, Արցախի հերոսական ժողովրդի հավաքական ուժի ու սխրանքի հաղթանակը, հաստատ պիտի զղջար իր «հայերը երբեք չկարողացան հասնել ճշմարիտ համընդհանուր հայրենասիրության» կարծիքի համար:

- Եթե հայերը չեն կարող հասնել ճշմարիտ, համընդհանուր հայրենասիրության, ինչպե՞ս հաջողվեց 150 հազար բնակչություն ունեցող փոքրիկ երկրամասին` ոտքի ելնել մինչև ատամները զինված յոթմիլիոնանոց Ադրբեջանի դեմ և հասնել հաջողության... Ինչպե՞ս հաջողվեց Արցախյան ազատամարտում անփորձ կամավորական ջոկատներին` առանց համապատասխան ռազմական պատրաստության հաղթել իրենց բազմիցս գերազանցող հակառակորդին, - հարցնում է գրողը ու տալիս դրա պատասխանը.

- Այդ պատերազմում հաղթանակ տարան ոգին, գաղափարը, հավաքական ուժը: Արժեքներ, որոնք ունենալով, հայ կամավորականը կռվեց հայրենապաշտորեն և արդյունքում ձեռք բերեց ոչ միայն հաղթանակ, այլ նաև` ռազմական հարուստ փորձ:

Ամփոփելով հայ զորական ուժի իմացականության և հայոց պատմության կերտման մեջ Ս. Օհանյանի ունեցած մեծագույն դերի մասին իր միտքը` Ֆ. Բախչինյանը գրում է.

- Հուրախություն մեզ պետք է ասել, որ այսօրվա հայոց բանակի զորահրամանատարները, սպաները այլևս չեն կռվում օտար բանակներում և զինվորական ինտելեկտի պակաս հայոց բանակում նույնպես չկա:

Այստեղից ծնվում է մյուս կարևոր հարցի պատասխանը. լինելով բացառիկ խաղաղասեր ու մարդասեր` հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, բանակ սիրող ժողովուրդ է:

- Բոլոր խաղաղասեր ժողովուրդները բանակ սիրող ժողովուրդներ են: «Սեփական բանակը չկերակրող ժողովուրդը ստիպված կլինի կերակրել թշնամու բանակը» հայտնի ասույթը փոխակերպելով` կարող ենք ունենալ մեկ այլ իմաստուն ասույթ. «Սեփական բանակը սիրող ժողովուրդը կարող է ունենալ խաղաղ երկիր»:

Ս. Օհանյանի մասին Ֆ. Բախչինյանի գիրքը չի կարելի համարել միայն Ս. Օհանյանի դիմանկարը: Այն ինչ-որ իմաստով հրաշալի դասագիրք է այսօրվա թե´ շարքային զինվորի համար, ով նոր-նոր է հագնում հայ զինվորի համազգեստը, և ում վախն ու տագնապներն ավելի շատ են, քան ինքնավստահությունն ու կամքի ուժը, թե´ սպաների համար, ովքեր ամեն ինչից առաջ և ամեն ինչից հետո նախ ծնող ու եղբայր են իրենց կամքին ու խղճին հանձնված զինվորների համար: Նաև բարձրաստիճան զինվորա կանների համար, որոնց ուսադիրներին շողշողացող աստղերը պատմում են հայոց բանակի հերոսական ուղու մասին: Եվ, իհարկե, այսօրվա դպրոցականների, նրանց ուսուցիչների ու ծնողների համար: Ներկա սերունդը միշտ էլ կարիք ունի իր կողքին տեսնել իրական հերոսների, որոնց նմանվելու, որոնց ընդօրինակելու, որոնցով հպարտանալու պահանջը երբեք էլ ժամանակավրեպ չէ:

Հայաստանի պաշտպանության նախարար, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ գեներալ-գնդապետ Սեյրան Մուշեղի Օհանյանի` գրող- գրականագետ Ֆ. Բախչինյանի դիմանկարի մասին գնահատանքի խոսքը տեղին է ավարտել հետևյալ մեջբերումով.

- Նրա զինվորական սակավաբառ ու զուսպ կենսա-գրության տողերի մեջ կա մի փառահեղ նախադասություն. «Սեյրան Օհանյանը մասնակցել է Արցախի բոլոր ռազմաճակատներում մղվող ռազմական գործողություններին:

Ավելի տարողունակ միտք կամ արտահայտություն պետք չէ փնտրել նրա զինվորական կենսագրության մեջ: Այդ կենսագրությունը Արցախի ազատագրված հողն է, նրա վաղվա խաղաղ օրը, այն շինարարական աղմուկի արձագանքը, որով սկսվում է Արցախի ամեն մի առավոտը…: 

Կարմեն ԱՀԱՐՈՆՅԱՆ