Չխմե´լ, տորթ չկտրե´լ 


Չեչնիայի մայրաքաղաքի իշխանություններն արգելել են հարսանիքներում ոգելից խմիչք օգտագործել և տորթ կտրել: Այս մասին տեղեկացրել է Գրոզնիի մշակույթի դեպարտամենտի պաշտոնական կայքը:

Քաղաքապետարանն արդեն չեչենական հարսանիքներում վարքի հատուկ կանոններ է մշակել: Մասնավորապես, արարողության մասնակիցներին արգելվում է կրակել ցանկացած տեսակի զենքով (հետաքրքիր է, իսկ կողմնակի անձինք ունե՞ն այդ իրավունքը): Բացի այդ, տեղական իշխանությունները սահմանափակել են հարսի պարը, իսկ նրա ընկերուհիներին չի թույլատրվում իրենց պարային ունակություններով մրցել տղամարդկանց հետ: Ավելին, արգելվում է մեկ պարի ընթացքում 3 պարային շրջանից ավելին կատարել: Երիտասարդ տղաներն իրավունք չունեն պարի հրավիրել աղջիկներին, պարընկերուհիներ փոխանակել, ինչպես նաև` պարահրապարակից հեռացող աղջկա ճամփան փակել:

Եվ այս կանոնների պահպանման պատասխանատուն նաև այն ռեստորանի ղեկավարներն են, որտեղ անցկացվում է հարսանյաց հանդեսը: Վերջիններս պարտավոր են անհապաղ ոստիկանություն կանչել, եթե կանոններից մեկնումեկը հանկարծ խախտվի: