ՆՐԱ ԱՄԵՆ ԾԻԾԱՂԻ ՄԵՋ ԱՐՑՈՒՆՔ ԿԱՐ,

ԱՄԵՆ ԱՐՑՈՒՆՔԻ ՄԵՋ` ԾԻԾԱՂ


Մեկ գավաթ սուրճի շուրջ զրուցելու այդ օրվա առիթը հայ բեմարվեստի երախտավոր Մհեր Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող` «Է˜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրումն էր «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը դիտելուց հետո համահեղինակներ Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԻ և Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԻ հետ կինոթատրոնի ճեմասրահի սրճարանում մեր զրույցի թեման Արտիստն էր, նրա ապրած կյանքը, կերպաորված դերերը:

- Դուք մեզ ներկայացրիք բոլորովին ուրիշ` մեզ անծանոթ Արտիստին: Այդ իմաստով ֆիլմը նորություն էր: Կարելի է ասել` էկրանից մեզ ներկայացավ բոլորորվին ուրիշ Ֆրունզիկ` շատ բնորոշ կինոնկարի խորագրին:

Հ. ՊԱՊԻԿՅԱՆ.- Մեր նպատակը հենց դա է եղել, և, կարծում ենք, հիմնականում հաջողվել է: Այս ֆիլմում մեր որոնած ու գտած Արտիստն է: Մինչ այս ֆիլմը, մենք էլ, դուք էլ Մհեր Մկրտչյանին գիտեինք ֆիլմերում, հեռուստաթատրոնում և Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կերպավորած իր դերերով: Մենք Արտիստին որոնել ենք այդ ամենից դուրս, փնտրել ու նրան գտել ենք իր ընկերների միջավայրում, բուհերում, տարբեր քաղաքների, գյուղերի մշակութային օջախներում ունեցած նրա մասնավոր զրույցներում, Նկարիչների տան հարևանությամբ գործող այն երանելի սրճարանում, ուր սիրում էր լինել Արտիստը` արտերկրում հյուրախաղերից կամ նկարահանումերից վերադառնալով: Նրան ամենուր ենք փնտրել... Եվ ներկայացնում ենք խելացի, դատող, մտածող Արտիստին` հեռու մնալով նրա կենցաղի մանրամասներից: Մանրամասներ, որոնք ճակատագրով իրեն բաժին հասածի ա´յն մասն էր, որ ինքն էլ երբևէ չէր բարձրաձայնում` լռությամբ կրում էր որպես իր բաժին խաչ:

Երիտասարդ սերունդը նրան պիտի ճանաչի նաև ա´յս կերպարով, որովհետև շատ քիչ է` նրան ճանաչել միայն իր ֆիլմերը դիտելով:

- Ինչպե՞ս մտահղացաք Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ նկարել:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ.- Մտահղացումը մեր համահեղինակությամբ հրատարակված` «Լույս» գրքի և «Ո՞ւմ համար ես վառվում, լույս…» շաբաթագրքի տպագրությունից հետո ծնվեց: Դրանցից դուրս մեծածավալ նյութ կար դեռևս ձեռքի տակ` ուստի որոշեցինք դա էլ ներկայացնել վավերագրական կինոժապավենի տեսքով: Այսօր արդեն պատրաստ է նաև դրա ռուսերեն տարբերակը:

Ֆիլմը պատմում է թատրոնում ու կինոյում մեծ Արտիստի անցած ուղին, մատնանշում ձեռքբերումները, մատուցում նրա ասելիքը` մարդկանց, բնության, հավերժության մասին, կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ նրա խոհերը, մտորումները, տագնապները, հորդորները: 53 րոպե տևողությամբ վավերագրական կինոնկարը դիտողին տանում է նրա անցած ստեղծագործական ուղիով. գերդաստանի ակունքներ, դժվարին մանկություն, տեքստիլ կոմբինատում եւ կինոմեխանիկի աշակերտ աշխատած տարիների դժվարություններ, Նիկոլի ակումբում բեմական առաջին թոթովանքներ` հասցնելով արդեն մեկ ուրիշ` կինոյի ու թատրոնի աշխարհ, այլեւս տաղանդավոր դերասանի, հմուտ բեմադրիչի, համաշխարհային ճանաչում ունեցող Արտիստի կերպարով:

Ընդհանրապես Ֆրունզիկ Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք որևէ ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Այս ֆիլմը միտված է նաև այդ կարծրատիպերը ինչ-որ չափով կոտրելուն:

- Բեմական և մարդկային ո՞ր որակներն եք կարևորել հատկապես:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ.- Ֆիլմում նկատելիորեն շեշտադրվում և հատկապես կարևորվում է Ֆրունզիկ Մկրտչյանի տաղանդի ուժը, նրա անկրկնելի հմայքն ու ինքնատիպ, անսպասելի լուծումները, նրա հանճարեղ իմպրովիզները, որոնք վեր են մարդկային սովորական պատկերացումներից:

Իմ պատկերացմամբ` Ֆրունզիկ Մկրտչյան Արտիստն իր կենդանության օրոք չկարողացավ սպառել այն, ինչն ինքն ուներ, ինչն ուզում էր և կարող էր: Այս ֆիլմով, որը նրա մենախոսությունն է, Ֆրունզիկը շարունակում է սպառել իր ներսում կուտակվածը: Այսպիսով փորձել ենք բացել նրա բազմաշերտ տաղանդի ծալքերը, նրա ներքին երկվությունը: Փորձել ենք էկրանին պահ տալ է˜ն Ֆրունզիկին, ով փիլիսոփայության, մտածողության մեկ ուրիշ, բոլորից տարբերվող բանաձև ունի: Օգտագործելով նրա լուսանկարները որպես լեյթմոտիվ` փորձել ենք դրանց վրա իր մտքերը ներկայացնել` նպատակ ունենալով բացել Ֆրունզիկ Մկրտչյան անհատի ներաշխարհը:

Հ. ՊԱՊԻԿՅԱՆ.-Մեծ կարևորություն ենք տվել, և հատկապես առանձնացրել ենք դերի պատրաստման նրա կերպը, որը համարում ենք Արտիստի հաջողությունների բանալին: Սա մի ամբողջ դասագիրք է սկսնակ դերասանների և ռեժիսորների համար:

- Հայտնի է, որ Մհեր Մկրտչյանին շատերը փորձում են ներկայացնել որպես կոմիկ դերասան:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ.- Նա խորապես գիտակցում էր դերասանի երկվությունը. «Թերություն է, երբ մեկը միայն կոմիկ է. նման բան չկա, ինչպես և չկա միայն տրագիկ դերասան»: Մենք ջանացել ենք Մհեր Մկրտչյան Արտիստին ներկայացնել և´ որպես կատակերգու, և´ որպես ողբերգակ դերասան, քանի որ երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ էին իրեն: Երկու դեպքում էլ նրա կերպարները ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ:

Մեր պատկերացմամբ Ֆրունզիկն ամենևին էլ կատակերգու չէր, նա մեծ ողբերգակ էր: Մինչև իսկ կատակերգական իրավիճակներում նա խաղում էր ողբերգություն: Նրա ամեն ծիծաղի մեջ արցունք կար, ամեն արցունքի մեջ` ծիծաղ:

Հ. ՊԱՊԻԿՅԱՆ.- Ես միայն մեկ օրինակ բերեմ, որում Ձեր հարցի պատասխանը կա: «Լուսանկարը» կարճամետրաժ ֆիլմում զինվոր որդին ռազմաճակատից խնդրել է ընտանյոք լուսանկարվել և ուղարկել: Նաև պայման է դրել, որ անպայման ուրախ դեմքերով լուսանկար լինի: Բոլորը հավաքվում են լուսանկարվելու այդ տրամադրութ յամբ, բայց փոստատարը վերջին պահին Մհեր Մկրտչյան դերասանին հայտնում է «սև թղթի» մասին: Ուրախ-ուրախ դեպի լուսանկարիչը գնացող Մհեր Մկրտչյանը նեքուստ փլվում է` այդ սոսկալի լուրը ստանալով, բայց անհոգ և ուրախ պիտի մոտենա մյուսներին, ովքեր ժպիտները դեմքերին պատրաստ կանգնած են լուսանկարվելու: Մհերի ներսն այդ պահին արդեն ավեր է, սակայն նա դեմքին պիտի պահի ժպիտը: Այդպես` ներսը փլված, բայց ժպիտը դեմքին մոտենում-նստում է լուսանկարչի առաջ: Հեռվից վազում է երեխան` «Սպասե˜ք, ես էլ հասնեմ»: Եվ Մհեր Մկրտչյանը, որդեկորույս հայրը, փորձում է ժպտալ: Ստացվում է այդ ժպիտը, բայց ներսը փլված է, հոգին ավեր է, ու այդ ներսի փլվածքից արցունքի կաթիլ է գլոր-գլոր հոսում ժպտացող այտի վրայով: Աներևակայելի կերպավորում է` Ժպիտ ու արցունք, վիշտն ու երեխայի գոյության ուրախությունը խառնվում են իրար: Ի˜նչ կերպար է, ապշելու բան է: Այսպես միայն Մհերը կարող էր անել:

- Ի՞նչն էր ամենադժվարը ձեր այս մեծածավալ շխատանքում:

Շ. ՍԱՀԱԿՅԱՆ. - Ամենադժվարը նրան հասկանալն էր: Երբեմն ասում էր. «Ես ուզում եմ ժպիտով մարդկանց լուրջ բաներ ասել»:

Մհեր Մկրտչյանի կերպարը հակասական է, անկանխատեսելի, անվերծանելի: Արտաքուստ պարզ նրա խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կա կյանքի խորիմացութ յուն ու փիլիսոփայական հայացք: Հիրավի, մեծ դերասանի էքսցենտրիկ, երբեմն նույնիսկ պաթետիկ խաղաոճն իր ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում նաեւ` բանահյուսական հերոսի գծեր: Վստահ ենք, որ էլի շատ գրքեր են գրվելու նրա մասին, ֆիլմեր են նկարահանվելու, ռադիո և հեռուստահաղորդումներ են պատրաստվելու, քանզի Մհեր Մկրտչյան թեման անսահման է, Մհեր Մկրտչյան երեւույթը` տիեզերքի պես անվերծանելի: Ուստի, Հովհաննես Պապիկյանի հետ համատեղ պատրաստած մեր ֆիլմերն ու գրքերն ընդամենը վեհերոտ մի փորձ ենք համարում` նրա հանճարի բացահայտման ճանապարհին: Հավելեմ միայն, որ մեծ սիրով ու նվիրումով ենք աշխատել այս գործերի վրա, քանզի մեզ համար երանություն է եղել Մհեր Մկրտչյան Արտիստի արվեստին հաղորդվելը: 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ