ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Լենան, ավելի ամուր փարվելով Անդրեյին, աջ ձեռքը վեր բարձրացրեց ու ասաց. - Հանդիսավոր խոստանում եմ` այլևս հիմարություններ չանել... Խորամանկորեն նայելով Անդրեյին` Մարգարիտան հարցրեց. - Դե, ի՞նչ, Անդրեյ, հավատա՞նք այս անգամ... - Հավատանք,- ժպտալով պատասխանեց Անդրեյը: - Շուտով ընթրիքը պատրաստ կլինի, իսկ առայժմ մի-մի բաժակ շամպայն խմենք,-ասաց Մարգարիտան` սպասուհուն նշան անելով: Մինչ սպասուհին կմատուցեր շամպայնով լի բաժակները, Մարգարիտան մի հաղթական հայացք նետեց երիտասարդներին լարված հետևող Իգորի վրա: Իգորը թեթևացած շունչ քաշելով ժպտաց: Երբ ներկաները վերցրին բաժակները, Մարգարիտան իր բաժակը վեր բարձրացնելով, ասաց. - Հաշտության համար: - Հաշտության համար,-կրկնեցին մյուսները` խփելով իրենց բաժակները նրա բաժակին: Մի կում անելով իր բաժակից, Մարգարիտան ասաց. - Դե լավ, սիրելիներս, ես գնամ տեսնեմ ընթրիքն ի՞նչ եղավ, Իգոր, սիրելիս, դու ինձ չե՞ս օգնի: - Հաճույքով, սիրելիս,-պատասխանեց Իգորը Մարգարիտայի հետ դուրս գալով նախասրահից: Հայացքով ուղեկցելով հեռացողներին` Անդրեյն ասաց. - Լենա, մենք պետք է խոսենք,-ձայնը խիստ էր, հրամայական: - Խոսենք, սիրելիս,-տագնապած պատասխանեց Լենան: - Արի նստենք, ոտքերում Ճշմարտություն չկա,-դեպի բազմոցն ուղղվելով ասաց Անդրեյը: Անդրեյի ձայնը չարագուշակ հնչեց: Լենան տագնապը սրտում, լուռ հետևեց նրան, նստելով Անդրեյի դիմաց այնպես, որ գեղեցիկ ազդրերը երևան: Անդրեյը մի հայացք նետելով նրա ազդրերին քմծիծաղ տվեց, բայց արդեն ավելի մեղմ ասաց. - Լենա, ես սիրում եմ քեզ, բայց այն, ինչ արեցիր այսօր... - Անդրեյ, չէ՞ որ ես ներողություն խնդրեցի...,-մեղավոր տոնով պատասխանեց Լենան: - Սպասիր, Լենա,-անհամբեր ասաց Անդրեյը,- մի ընդհատիր, խոսքը դրա մասին չէ, ես քեզ ներեցի, խոսքը նրա մասին է, որ հետագայում այդպիսի բաներ չկրկնվեն: Լենան սրտնեղած լռեց, Անդրեյը, մատը թափ տալով, շարունակեց. - Մեկընդմիշտ հիշիր` ես դա չեմ հանդուրժի, ես չեմ հանդուրժի խանդ, հիստերիա... երբեք մի մոռացիր, թե ով եմ ես: Անդրեյը խորը շունչ քաշեց ու ձայնը բարձրացնելով շարունակեց. - Քո ընտանիքն էլ է բիզնեսում և դու պիտի իմանաս, որ բիզնեսն ունի իր կանոնները... - Գիտեմ, Անդրեյ, դա երբեք չի կրկնվի, խոստանում եմ,-ուղիղ Անդրեյի աչքերին նայելով, զայրույթը զսպելով ասաց Լենան: - Դու ինձ իմ ենթակաների մոտ խայտառակ արեցիր… - Անդրեյ, այդպես չէ, դու չափազանցնում ես… - Լռի°ր, Լենա, ի՞նչ պիտի նրանք հիմա մտածեն, պատրոնը իր հարսնացուին չի կարողանում ղեկավարել, բայց հավակնում է ղեկավարել մեր հսկա ձեռնարկությունը: Դու ինձ ծիծաղի առարկա դարձրիր… - Անդրեյ, ես սխալվել եմ, ներողություն խնդրեցի, դու ասացիր, որ ներում ես: Էլ ի՞նչ ես ուզում, ծնկի՞ գամ… - Ո°չ, գրողը տանի, ո°չ: Ես ուզում եմ, որ դու իմանաս` ոչ ոք իրավունք չունի խաղալ իմ հեղինակության հետ, ես դա չեմ հանդուրժի, ուզում եմ մեկընդմիշտ հասկանաս, որ ոչ ոք, անգամ դու, չի կարող իր կամքը պարտադրել ինձ: - Անդրե°յ, ես դա գիտեմ, խնդրում եմ չշարունակենք այս խոսակցությունը… Անդրեյը, ուշադրություն չդարձնելով նրա վրա, շարունակեց. - Դու պիտի իմանաս նաև, որ բիզնեսը տքնաջան աշխատանք է, որը հոգնեցնում է ու կուտակում բացասական էներգիա, որից պետք է ազատվել: Այնպես որ, եթե անգամ ժամանակ առ ժամանակ լիցքաթափվեմ ընտանիքից հեռու` չպիտի բողոքես... (Շարունակելի)

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ