ՍՈՎԵՏՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՒԴԱՅԻԿԸ»


1879 թ. նոյեմբերի 7-ին հրեա գաղութաբնակ հարուստ հողատերերից մեկի ընտանիքում է ծնվել Լև Դավիդովիչ Տրոցկին. իսկական ազգանունը` Բրոնշտեյն: Իր մանկության տարիների մասին Տրոցկին հիշում էր. - Իմ մանկությունը ցրտի ու քաղցի մանկություն չէր: Իմ ծնվելու ժամանակ ծնողներիս ընտանիքն արդեն առատության մեջ էր ապրում: Սակայն դաժան էր այդ մարդկանց բարեկեցությունը, ովքեր կարիքից վեր էին բարձրանում և ոչ մի կերպ կանգ առնել չէին ուզում կես ճանապարհին: Բոլոր մկանները պրկված էին, բոլոր մտքերն` ուղղված աշխատելուն և կուտակելուն: 1888-ին Տրոցկին ընդունվում է Օդեսայի Սուրբ Պավելի ծխական ուսումնարանի նախապատրաստական դասարան: Այստեղ նա շատ արագ ցույց տվեց իր պատվասիրական ձգտումները. սովորելու ընթացքում մեծ ջանասիրություն դրսևորելով, նա միշտ առաջինն էր: Մանկությունից նա շատ էր կարդում: - Ոչ միայն դպրոցական, այլև պատանեկության հետագա տարիներին բնությունն ու մարդիկ ավելի քիչ տեղ են զբաղեցրել իմ հոգևոր կյանքում, քան գրքերն ու մտքերը,- հիշում է նա «Իմ կյանքը: Ինքնակենսագրության փորձ» գրքում: Ուսումնարանում հազվադեպ չէին բախումները դասախոսների հետ, ինչի համար մի անգամ նա նույնիսկ հեռացվել է (հաջորդ տարի` նորից ընդունվել): Ավարտելուց հետո յոթնամյա կրթություն է ստացել Նիկոլաևում: 1896-ը բեկումնային եղավ Լև Բրոնշտեյնի համար: Գիտելիքներով առաջին աշակերտը լինելով` նա թողեց ուսումնարանը. նրան ձգում էր հասարակական կյանքը: Եվ ակտիվ մասնակիցը դարձավ սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպություններից մեկի` «Հարավռուսական բանվորական միության» ստեղծման ու գործունեության, որի նպատակն աշխատավորության կրթությունն ու նրանց տնտեսական հետաքրքրությունների պաշտպանությունն էր: Կազմակերպության այլ անդամների հետ նա բանվորներին քաղաքական գրագիտություն էր դասավանդում, ակտիվորեն մասնակցում թռուցիկներ գրելու, թերթեր հրատարակելու աշխատանքներին, որպես հռետոր հանդես գալիս հանրահավաքներում` առաջ քաշելով տնտեսական բնույթի պահանջներ: Ու ահա 1896-ի հունվարին նա ձերբակալվում է իր համախոհների հետ: Հետաքննության ընթացքում հասցնում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու իտալերեն ուսումնասիրել և կարդալ Մարքսի աշխատությունները` դառնալով նրա ուսմունքի մոլեռանդ հետևորդը: - Մարքսին ուսումնասիրում էի` ուտիճներին քշելով գրքի էջերից,- հիշում է նա հետագայում: Լենինի երկերից առաջինը ծանոթանում է «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատությանը: Դատապարտվելով չորսամյա աքսորի` Արևելյան Սիբիր, Բուտիրյան բանտում ամուսնանում է հեղափոխական գործունեությամբ իր զինակից Ալեքսանդրա Սոկոլովսկայայի հետ: 1900 թ. աշնանից երիտասարդ ընտանիքը տարագրվում է Իրկուտսկի նահանգ: Բրոնշտեյնը վաճառական միլիոնատիրոջ մոտ կառավարիչ է աշխատում, հետո աշխատակցում է «Արևելյան տեսություն» թերթին, որտեղ գրական-քննադատական հոդվածներ և սիբիրյան կյանքից ակնարկներ էր տպագրում: Կնոջ համաձայնությամբ, վերջինիս խնամքին թողնելով երկու փոքր դուստրերին (Զինային և Նինային), 1902 թ. Բրոնշտեյնը միայնակ փախչում է Լոնդոն: Փախուստի ժամանակ նա կեղծ անձնագրում գրանցում է օդեսյան բանտի վերահսկիչից փոխառած Տրոցկի ազգանունը: Հենց Լոնդոնում էլ նա ծանոթանում է Լենինի հետ և նրա հանձնարարությամբ աշխատանքի անցնում «Իսկրա»-ի խմբագրությունում: Մեկ տարի անց ամուսնանում է Նատալյա Սեդովայի հետ, ով էլ դառնում է նրա կյանքի հավատարիմ ընկերը` կիսելով բոլոր թռիչքներն ու անկումները, որոնցով լի էր Տրոցկու կյանքը: *** Ծրագրային հարցերում Տրոցկին պաշտպանում էր Պլեխանովին ու Լենինին, բայց կուսակցության կանոնադրության առնչությամբ վեճերում ընդունելի համարեց Յու. Մարտովի տեսակետը: Լենինյան «հեղափոխական ցենտրալիզմի» կոշտ պահանջներում նա տեսնում էր զանգվածներից կուսակցության խզման և անհատական դիկտատուրայի հաստատման վտանգ: Շուտով նա հեռանում է մենշևիկներից, բայց և չի հարում բոլշևիկներին. սկսում է հանդես գալ երկու խմբավորումների միավորման անհրաժեշտության օգտին: 1905-ին, իմանալով Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին, Տրոցկին ծպտյալ վերադառնում է հայրենիք և դառնում Պետերբուրգի պատգամավորների աշխատավորական խորհրդի նախագահի տեղակալ, ապա` նախագահ: Դեկտեմբերին խորհրդի հետ էլ ձերբակալվում է: Բանտում գրում է «Արդյունքներ և հեռանկարներ» աշխատությունը, ուր ձևակերպում է «պերմանենտ հեղափոխություն» հասկացությունը: Տրոցկին հիմնվում էր Ռուսաստանի անցած պատմական ինքնատիպ ուղու վրա, ուր ցարիզմը չպետք է հերթափոխվեր ոչ բուրժուական ժողովրդավարությամբ և ոչ էլ պրոլետարիատի հեղափոխա -դեմոկրատական դիկտատուրայով, այլ` աշխատավորության իշխանությամբ, որն իր կամքը պետք է պարտադրեր երկրի բնակչությանը` հիմնվելով համաշխար հային հեղափոխության վրա: 1906 թ. վերջին Տրոցկին քաղաքացիական բոլոր իրավունքների զրկումով դատապարտվում է ցմահ աքսորի` Սիբիր: Աքսորի ճանապարհին, սակայն, կրկին փախչում է: 1907-ին ՌՍԴԲԿ 5-րդ` Լոնդոնյան կոնֆերանսում նա ղեկավարում էր կենտրոնամետների խումբը` չհարելով ո°չ բոլշևիկներին, ո°չ մենշևիկներին. Լենինն այդ համագումարում նշել է, որ նրա հայացքները մոտենում են բոլշևիկյանին: 1908-1912-ին Տրոցկին Վինայում հրատարակում է «կՐՈՉՊՈ» թերթը (որի անունը հետագայում փոխառավ Լենինը), ձգտում էր ստեղծել սոցիալ-դեմոկրատների «Օգոստոսյան դաշինք»: Այդ ընթացքում էին նրա ամենասուր բանավեճերը Լենինի հետ, որը նրան «հուդայիկ» անվանեց` երբ ՌՍԴԲԿ-ն բոլշևիկների և մենշևիկների միջև պառակտվելով, Տրոցկին իրեն անկախ հայտարարելով` թշնամացած կողմերին հորդորում էր հաշտվել: 1912-ին Տրոցկին Բալկաններում, ապա` Ֆրանսիայում «ԽՌպՉրՍՈÿ ՎօրսՖ»-ի զինվորական թղթակիցն էր: 1916-ին Ֆրանսիայից տարագրվում է Իսպանիա, ուր կրկին ձերբակալվում և ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ. այստեղ էլ շարունակում է ելույթներ ունենալ մամուլում: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո վերադառնում է Ռուսաստան և սուր քննադատում է ժամանակավոր կառավարությանը` ելույթներ ունենալով գործարաններում, ուսումնական հաստատություններում, թատրոններում, հրապարակներում: Հուլիսին բանտարկվում է: Սեպտեմբերին ազատ արձակվելով, արմատական իր հայացքների համար դառնում է բալթյան նավաստիների և քաղաքային կայազորի զինվորների կուռքը և ընտրվում Պետրոգրադի խորհրդի, ինչպես նաև ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ: Նա հոկտեմբերյան զինված ապստամբության փաստացի ղեկավարն էր: Բոլշևիկյան իշխանության հաստատմամբ, Տրոցկին դառնում է արտաքին գործերի ժողկոմ, հետագայում նշանակվում է ռազմածովային և հանրապետության ռազմական հեղափոխական խորհրդի նախագահ` վճռական և խիստ միջոցներ ձեռնարկելով մարտունակ բանակ ստեղծելու համար: Նրա և Լենինի միջև այդ ընթացքում սերտ էր համագործակցությունը, չնայած քաղաքական և ռազմավարական մի շարք հարցերում նրանք լուրջ տարաձայնություններ ունեին: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո` 1920-ականների սկզբին հանրաճանաչությունն ու ազդեցիկ լինելը Տրոցկուն փառքի գագաթնակետին` հասցրին` նրա անձի շուրջ պաշտամունք ստեղծելով: Խորհրդային Ռուսաստանում երկու առաջնորդ էին ճանաչում` «հեղափոխության առաջնորդ ընկեր Լենինին» և «Կարմիր բանակի առաջնորդ ընկեր Տրոցկուն»: Լենինի մահից առաջ և հատկապես դրանից հետո բոլշևիկյան ղեկավարների միջև թեժացել էր պայքարն իշխանության համար: Քաղբյուրոյի անդամները գաղտնի պայմանավորվածություն ունեին` իրար հետ երբևէ չվիճել Տրոցկու ներկայությամբ և համերաշխորեն չընդունել նրա ցանկացած առաջարկ: Այդպիսով Տրոցկին հայտնվել էր մեկուսացման մեջ: Լենինի հուղարկավորությունը նշանակված էր կիրակի օրը, բայց դրան մասնակցել պատրաստվող «Կարմիր բանակի առաջնորդը» հանկարծ հեռագիր է ստանում. «Հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը. դուք չեք հասցնի ժամանակին տեղ հասնել: Ձեր առողջական վիճակից ելնելով, Քաղբյուրոն գտնում է, որ անհրաժեշտ է մեկնել Սուխումի: Ստալին»: Դիկտատական ձգտումների կասկածանքով Տրոցկուն դեմ էր երկրի ղեկավարությունը` Զինովևի, Կամենևի և Ստալինի ղեկավարությամբ: Իր հոդվածներով նա փորձում էր բանավիճել հակառակորդների հետ, ովքեր շարունակում էին հալածանքները: 1925-ին Տրոցկին հեռացվում է Ռազմահեղափոխական խորհրդից, 1926-ին` Քաղբյուրոյից, 1927-ին` Կենտկոմից: Իսկ 1927-ի նոյեմբերին նրան վտարում են կուսակցությունից, այնուհետև Մոսկվայից արտաքսում Ալմա Աթա, ապա` Թուրքիա (Մարմարա ծովի Պրինկիպո կղզի)… 1933-ի օգոստոսին տարագրյալը մեկնում է Ֆրանսիա, ուր նույնպես հաստատվել չի կարողանում` իշխանությունների հետ բախումների պատճառով. 1935-ին հեռանում է Նորվեգիա` ամենուր շարունակելով վերլուծություններ գրել: *** 1936-ին Տրոցկին լքում է Եվրոպան և ապաստանում Մեքսիկայում. սկզբում` նկարիչ Դիեգո Ռիվերայի տանը, ապա` Կոյոկան քաղաքի մի առանձնատանը: Զգուշանալով ստալինականների և տեղացիների ու մոսկվացների մշտական սպառնալիքներից, նա ամրացնել է տալիս տան պատերն ու դարպասները, որոնք հսկում էին զինված պահակախմբերը: Փոքրիկ ամրոցի վերածված նրա տուն ապրում էր լարված և տագնապալի կյանքով: Գոյատևման պայքար էր, և շրջապատում վաղուց էին նկատել, որ շնորհազրկված հեղափոխականի ապաստարանի շուրջը հաճախ են անծանոթ մարդիկ հայտնվում: 1938 թ., հանելուկային հանգամանքներում, Փարիզի հիվանդանոցներից մեկում վախճանվում է նրա ամենամտերիմ, անփոխարինելի զինակիցը` ավագ որդին (Լև Սեդով): Խորհմիությունից լուրեր են հասնում «տրոցկիստների» դեմ աննախադեպ դաժան ճնշումների մասին: Ձերբակալվում և գնդակահարվում են նրա առաջին կինն ու կրտսեր որդին` Սերգեյ Սեդովը: Տրոցկիզմի մեղադրանքը ԽՍՀՄ-ում այդ ժամանակ ամենասարսափելին ու ամենավտանգավորն էր: 1940-ի մայիսի 24-ին հարձակում են գործում նրա տան վրա. կնոջ հետ նա հրաշքով է փրկվում: Սակայն Ստալինը վերջնականապես որոշել էր վերջ տալ նրա կյանքին: Օգոստոսի 20-ին Ներքին գործերի ժողկոմի կողմից վարձված իսպանացի Ռամոն դել Ռիո Մերկադերը սառցակացինով մահացու հարված է հասցնում Տրոցկու գլխին. հաջորդ օրը նա վախճանվում է: Օգոստոսի 24-ին «Պրավդան» «ազդարարում» է` «Գերեզման իջավ այն մարդը, ում անունն արհամարհանքով և անեծքով են արտասանում ամբողջ աշխարհի աշխատավորները. այն մարդը, ով բազում տարիներ պայքարել է բանվոր դասակարգի ու նրա ավանգարդ բոլշիկյան կուսակցության դեմ»: