Վոշի հերթական այցը


Նախորդ այցելությունից երկու տարի անց այս տարվա հոկտեմբերին Վոշը կրկին Հայաստանում էր և կրկին` նույն բարեգործական առաքելությամբ: Ամերիկացի ութ բժիշկներ, որոնցից միայն մեկն էր ազգությամբ հայ, իրենց անձնական ծախսերով եկել էին Հայաստան: Ոչ կառավարությունը և ոչ էլ որևիցե դրամաշնորհ չէր ֆինանսավորել այս այցելությունը: Խմբի անդամները Հայաստանի Հանրապետության հյուրերն էին և աշխատում էին Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ, գնալով այնպիսի գյուղեր, որտեղ առավելապես մեծ էր աչքի բժիշկների օգնության անհրաժեշտութ յունը: «Ամարաս» մշակութային միությունը, որի նախագահը Արաքս Բադալյանն է, հյուրընկալել է բժիշկներին Հայաստանում` նրանց հնարավորություն տալով այցելել հայաստանյան տեսարժան վայրեր: Դա բավականին կարևոր էր բժիշկների համար, առավել ևս, որ նրանց գերակշռող մեծամասնությունը հայազգի չէին: Նրանց համար հրաշալի հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու Հայաստանի պատմության, մշակույթի, աշխարհագրական, քաղաքական խնդիրների հետ: Լուսինե Անանյանը բարեգործական նպատակով Հայաստան եկած հյուրերին ծանոթացրեց ոչ միայն Երևան քաղաքի, այլև քաղաքից ոչ շատ հեռու գտնվող մի շարք տեսարժան վայրերի հետ, այնպես որ, վերջիններս հնարավորություն ունեցան ստանալու շատ ավելի մեծ ու բազմաբնույթ տպավորություններ, քան այն շրջանների կարիքներն ու հոգսերը, որտեղ նրանք մատուցեցին իրենց ծառայությունները: Երկու հայտնի ակումբներ` Rotary Club և Lions Club US _ը ֆինանսավորել էին ամերիկացի բժշկական ինստիտուտի մի ուսանողի, որպեսզի վերջինս կարողանար միանալ այս խմբին: Խմբի կազմում կային նաև կամավորներ, ովքեր օգնում էին իրականացնել տեսողության սրության ստուգումը, հատուկ զննման էին ենթարկում երեխաների տեսողությունը և կատարում բժիշկների տարբեր հանձնարարություններ: Ծրագրի ղեկավարը Ջոան Հարությունյանն էր, որին օգնում էր Փեգգի Հովհաննիսյանը: Ջոանը հայաստանյան տարբեր ծրագրերի հետ աշխատել է 1994 թ-ից սկսած: Նա Ամերիկայում ծնված հայուհի է և համարում է, որ «Սփյուռքում գտնվող բոլոր հայերի պարտականությունն է օգնել իրենց հայրենիքին, և չմոռանալ այն մարդկանց, որոնք սերունդներով ապրում են այնտեղ` մեզ համար ապահովելով վերադառնալու հնարավորությունը: Ես այս ծրագրում աշխատում եմ մեծ հաճույքով: Մենք շատ ուրախ ենք, որ աշխատում ենք երիտասարդ կամավոր թարգմանիչների հետ: Նրանք ևս մտածում են իրենց երկրի մասին: Հրաշալի է տեսնել այս փայլուն երիտասարդներին, որոնք մնում են Հայաստանում` նպաստելու իրենց հայրենիքի առաջընթացին: Սփյուռքում ապրող հայերը մեղավոր չեն, որ ծնվել են Հայաստանից դուրս: Ցեղասպանության պատճառով մենք ցրվել ենք աշխարհով մեկ: Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է վերադառնա և հնարավորինս աջակցի հայրենիքին»: Կլինիկաներ անցկացվեցին Թթու ջրում, Վայոց ձորի Գլաձոր գյուղում, Ուշիում, Լեռնանիստում և Մարալիկում: Արթիկից, Թալինից և Գյումրիից ավտոբուսով եկել էին նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ: Այն վայրերը, որտեղ բժիշկները պետք է զննումներ կատարեին, ընտրվել էր Հայաստանի դեսպանատան հետ համագործակցության արդյունքում, որը փորձել էր ընդգրկել այնպիսի վայրեր, որոնք տեսողության բուժման հետ կապված այլ կազմակերպությունների կողմից անտեսվել էին: Ընդհանուր առմամբ Վոշի կամավորները եղան Հայաստանի 5 տարբեր վայրերում` զննելով 947 հիվանդների: Տեսողության խնդիրներ ունեցողներին բաժանվել են անվճար ակնոցներ: Վոշ` Volunteer Optometric Services for Humanity կազմակերպությունը հոգացել էր թե Ամերիկայում և թե Հայաստանում պատրաստված ակնոցների ծախսերը: Սա բժիշկների թիմի ղեկավար Լինդա Բեննեթթի երկրորդ այցն էր Հայաստան միևնույն առաքելությամբ: Վոշը նորից գալու է 2009թ. հոկտեմբերին: Ինչպես հավաստիացրեց Ջոանը, նրանք ուրախությամբ կարձագանքեն այլ գյուղերի և հեռավոր քաղաքների հրավերներին` հետագա այցելություններ ծրագրավորելով այնտեղ, որտեղ Առողջապահության նախարարությունը առաջնահերթ կհամարի Վոշի ծառայությունների համար: Քանի որ բժիշկները հայերեն չէին խոսում, Լեոյի անվան թիվ 65 դպրոցի (տնօրեն` Նորայր Խարիմյան) շրջանավարտները իրենց գերազանց անգլերենով կամավորական սկզբունքով որպես թարգմանիչներ էին աշխատում` ամեն օր Հայաստանի տարբեր վայրեր մեկնելով բժիշկների հետ: Այս երիտասարդներն էլ այս ձևով էին օգնում իրենց երկրին:

Լուսինե ԱՆԱՆՅԱՆ (ՀՀ) Ջոան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱՄՆ)