Ի գիտություն Թերի Դևիսի...


Անցյալ շաբաթ Երևան էր ժամանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը: Նա հաշտության պատգամ էր բերել հայ և ազերի ժողովուրդներին, գտնում էր, թե «աշխարհում կան ավելի կարևոր բաներ, քան ղարաբաղյան հակամարտությունն է», կոչ էր անում մտածել կյանքի որակի բարելավման, տնտեսական համագործակցության զարգացման և համանման այլ բաների մասին` մեզ հորդորելով հասկանալ, որ «անջատողականությունը վատ բան է»: Իմ տպավորությամբ, սակայն, պարոն Դևիսը այդպես էլ չէր հասկացել (կամ ձևացնում էր, թե չի հասկացել), որ հակամարտությունը ոչ թե «Լեռնային Ղարաբաղի անջատողականների» հրահրումների հետևանքն է, այլ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների կողմից իրեն բռնակցված այդ հայկական հողում իրականացված հայահալած քաղաքականության բնական պատասխանը: Կարծես թե Ադրբեջանը, որպես գերիշխող պետություն, իրավու¯նք ուներ բռնանալու իր հայազգի քաղաքացիների վրա, իսկ հայերը իրավունք չունե¯ին հարց բարձրացնել այդ բռնակալ պետության կազմից դուրս գալու, իրենց անկախությունը հռչակելու մասին, որպեսզի…«անջատողականներ» չկոչվեին: Այս էր մե¯ծ ժողովրդավար, ժողովրդավարության ջերմեռա¯նդ պաշտպան Թերի Դևիսի հասկացած` ժողովուրդների իրավահավասարությունը: Դրանից ելնելով էլ այս ողբացյալ «ժողովրդավարը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին անվանում էր «անջատողական ռեժիմ», և ոչ թե, ասենք, կառավարություն, ինչպիսին համարում էր…Կոսովոյի կառավարությանը: Նա պնդում էր, թե Կոսովոյի ալբանների ինքնորոշման իրավունքի ու արցախահայության ինքնորոշման պահանջների մեջ «մե¯ծ տարբերություն կա»: Եվ գիտե՞ք որն է այդ խի¯ստ կասկածելի «տարբերությունը»: Այն, որ Կոսովոյում… «գործում է ՄԱԿ-ի առաքելությունը, այնտեղ խաղաղարար գործունեություն են իրականացնում Եվրամիության զինվորները, իսկ Ղարաբաղում` ոչ»: Ա¯յ քեզ տրամաբանություն: Պարոն Դևիսին կուզենայի հարց ուղղել. Եվրամիության կողմից Կոսովո գործուղված միջազգային խաղաղարարները կարողացե՞լ են ապահովել…. Կոսովոյի սերբերի° անվտանգությունը, թույլ չտալ 600 հազարանոց սերբական համայնքի գրեթե լիակատար ոչնչացումն ու դուրսմղումը իր բնօրրանից: Ոչ, չեն կարողացել: Է, շնորհակալ չե՞ք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ինքնապաշտպանական Բանակը, առանց Եվրամիությանը մեկ ցենտի վնաս տալու և նրա խաղաղապահների կողմից իր տարածքում այդպիսի առաքելություն կատարելու նեղության` փայլո¯ւն կերպով լուծել է երկրամասի հայ բնակչության անվտանգության ապահովման խնդիրը: Թե՞ Դևիսը հենց դրանից է հիասթափված, որ արցախահայությունը կարողացել է ինքն իրեն պաշտպանել Ադրբեջանի ագրեսիայից: Նրա համար, երևի, ավելի լավ կլիներ, որ այդպես չլիներ, որ արցախահայությունն ապավիներ եվրոպական խաղաղապահների աջակցությանը և ո°չ իր հերոս զավակների հաղթական բազուկներին: Պարոն Դևիսը կատարյալ հավկուրություն էր ցուցաբերում` Կոսովոյի ալբանական կառավարությանը անջատողականներ չհամարելով: Ըստ նրա` Կոսովոյում Սերբիայից անկախանալու տրամադրությունները, իբր, «չեն գալիս կառավարությունից»: Բայց եթե նույնիսկ դա այդպես լիներ և Կոսովոն ձևականորեն մնար Սերբիայի կազմում (ինչին խի¯ստ կասկածում եմ), Սերբիայի ինչի՞ն է պետք իր «տարածքայի¯ն ամբողջականության» այդ կարգի ձևական պաշտպանությունը, երբ Կոսովոյում համարյա արդեն ոչ մի սերբ չի մնացել: Սերբերին քարտե՞զ է պետք, թե՞ բնապատմական հայրենիք, այդ հայրենիքում ազատորեն ապրելու իրավունք: Մեր պարագայում, նույնիսկ անցած պատերազմում կերած փառահեղ քոթակից հետո, Ադրբեջանը լսել անգամ չի ուզում Լեռնային Ղարաբաղում ազատ ու ինքնիշխան ապրելու արցախահայության իրավունքի մասին: Առավելագույնը, որ նա «խոստանո¯ւմ» է արցախահայությանը` «Ադրբեջանի կազմում ամենաբա¯րձր ինքնավարությունն է»: Իսկ թե իրականում ի՞նչ է նշանակում «ինքնավարությունն Ադրբեջանի¯ կազմում»` արցախահայությունը սեփական մաշկի վրա զգացել է 7 դառն ու դաժան տասնամյակ: Մենք, իհարկե, միամիտ չենք և հրաշալի հասկանում ենք, թե ինչու՞ է պարոն Դևիսը ակնհայտ ազերիամետ դիրքորոշում հանդես բերում: Դևիսը բրիտանացի է, իսկ ցանկացած բրիտանացի գիտի, որ այն ամենը, ինչ լավ է անգլիական «Բրիթիշ փեթրոլեում» նավթային ընկերության համար, լավ է նաև Մեծ Բրիտանիայի համար: Իսկ «Բրիթիշ փեթրոլեումը» ադրբեջանական նավթի 33 տոկոսի սեփականատերն է: Չար լեզուներն ասում են, թե անձամբ պարոն Դևիսն էլ «Բրիթիշ փեթրոլեումի» բաժնետերերի թվին է պատկանում: Ահա, թե որտե°ղ է թաղված շան գլուխը, ահա, թե ինչու՞ է ազերիներին այդքա¯ն «սիրում» Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը: Բայց թող անտեղի հույսեր չփայփայի և իր ազերի բարեկամներին էլ իզուր չոգևորի. Լեռնային Ղարաբաղը այլևս երբեք չի կարող որևէ կարգավիճակով մնալ Ադրբեջանի կազմում: Դա նրա համար ուղղակի ինքնասպանություն կլիներ: Քանզի ազերիների պատկերացմամբ` դա իրե¯նց հողն է, և արցախահայությունը դեռ մի բան էլ շնորհակա¯լ պիտի լինի, որ իրենք` ազերիները, հայերին «թու¯յլ են տալիս ապրելու…Ադրբեջանի¯ հողում»: Իբրև այդ «թույլտվության» փոխհատուցում` նրանք տասնամյակներ շարունակ շա¯տ «օյիններ» են խաղացել արցախահայության գլխին: Անշուշտ` նորից կխաղան, եթե…ատամնե¯րը կտրի: Եվ դարձյալ լկտիաբար կհայտարարեն, ինչպես տասնամյակներով ասել ու այսօր էլ դեռ ասում են, թե եթե հայերը չե¯ն ուզում այդ օյինների հետ համակերպվել` թող կորչեն-գնան…«Ադրբեջանի¯» հողից: Չեմ կարծում, թե պարոն Դևիսն այս տարրական ճշմարտությունը չի հասկանում: Նա ուղղակի վարակված է մեծապետական շովինիզմի նեխած գաղափարներով, ահա և, փաստորեն, հանդես է գալիս այդ մեծապետական շովինիզմը պաշտպանողի դիրքերից, ինչը տվյալ պարագայում լիովին համընկնում է Ադրբեջանի շահերին: Մնում է փառք տալ Աստծուն, որ ժողովուրդներին «իշխելու իրավունք ունեցողների» և «իրավազուրկ հպատակների» բաժանելու այս նեխահոտ մեծապետական շովինիզմի դարն արդեն անցել է կամ անցնում է: Ազատությունը մեծագույն բարիք է, և այդ բարիքից օգտվելու լիակատար ու հավասար իրավունք ունեն այս մոլորակի վրա ապրող բոլո°ր ժողովուրդները, անկախ նրանից, թե այդ ժողովուրդներից ո՞վ է դուր գալիս Թերի Դևիսի նրբաճաշա¯կ քիմքին և ով` դուր չի գալիս: Ի դեպ, պարոն Դևիսը լրջորեն վիրավորվել էր իր երևանյան այցին նվիրված հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներից: Այդ առթիվ նա նույնիսկ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, պնդելով, թե «իր տեսակետները սխալ մեկնաբանություններ են ստացել» և իրենից, իբր, «աղավաղված մեջբերումներ են արվել»: Ի՞նչ աղավաղված մեջբերումների մասին է խոսքը, եթե նա իրո°ք ճամարտակում էր «ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա» Կոսովոյում ստեղծված կառավարության «օրինականությա¯ն» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված կառավարության իբրև թե «ո¯չ-օրինականության» մասին: ՄԱԿ-ը, ի գիտություն Թերի Դևիսի, այս կամ այն ժողովրդին ազատության ինդուլգենցիաներ կամ շնորհագրեր բաժանող կառույց չէ°: Ժողովուրդները ազատությունը չե¯ն մուրում և ոչ էլ «շնո¯րհ» են ստանում այս կամ այն միջազգային կառույցից, այդ թվում ՄԱԿ-ից: Ժողովուրդները ազատությունը նվաճո°ւմ են, և միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ին, մնում է միայն բարոյականություն ունենալ ճանաչելու¯ ժողովուրդների նվաճած ազատությունը, ուրիշ ոչինչ: Այնպես որ, եթե միջազգային կառույցները, որոնցից մեկի ղեկավարն էլ Թերի Դևիսն է, իրոք շահագրգռված են որևէ, այդ թվում Արցախյան հակամարտության խաղաղ ու արդարացի լուծմամբ, ապա նրանք բարոյականություն պիտի ունենան որքան հնարավոր է շո°ւտ ճանաչելու արցախահայության նվաճած ազատությունը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ