Հիտլերի տունն «օրակարգում» 


 

Վայրագության խորհրդանիշ դարձած ֆյուրերի անունը չի մոռացվում: Իհարկե, քչերը կկամենան այդպես հիշվել, բայց Հիտլերը հիշվում է: Նաև` Ռուսաստանում: Պետդումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիա») Ֆրանց Կլինցևիչը ցանկանում է գնել ավստրիական Բրաունաու-Ինե քաղաքում գտնվող այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆը: Կամենում է գնել և քանդել այն (տեղեկացրել է Der StΖndΖrd-ը): Ու որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ գումարը` մոտավորապես 2 միլիոն եվրո, պատգամավորը պատրաստվում է դրամահավաք հայտարարել:

Այս գաղափարին հավանություն է տվել և կոմունիստ պատգամավոր Վադիմ Սոլովյովը:

Իսկ այդ տունը, պարզվում է մոռացված չի եղել: Նախկինում այն օգտագործվել է որպես գրադարան, դպրոց, բանկ և հաշմանդամների տուն: Այս սեպտեմբերին աշխույժ բանավեճեր սկսվեցին` դրա հետագա ճակատագրի վերաբերյալ: Բրաունաուի քաղաքապետ Հաննե Վայդբահերը ցանկացել է այն հաշվառել քաղաքի բնակֆոնդում: «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչները և սոցիալ-դեմոկրատները, սակայն, պահանջել են, որ տունը գնվի պետության կողմից և դառնա «Պատասխանատվության հուշատուն»:

Տեսակետների բախման կիզակետում հայտնված կացարանը բնակֆոնդում հաշվառելու դեպքում դառնում է գնման ու վաճառքի ենթակա: Ու սոցիալ-դեմոկրատների կարծիքով` դրանում բնակարանների վաճառքը կարող է հրապուրել կասկածելի գնորդների: Երևի թե ճիշտ են նրանք. եթե ոչ արկածախնդիրները, ուրիշ ո՞վ կկարողանա հանգիստ ապրել ֆաշիզմի հիմնադրի օրրան-տանը: