Լքված երեխաներ… 


 

Ընտանիք, երեխա հասկացությունները միշտ էլ գերակա արժեք են, բայց, փաստորեն, կարող են լինել դեպքեր, երբ ծնողի անտարբերության, անպատասխանատվության, թեթևամտության պատճառով երեխան շրջանցում է մանկության ոսկե հասակը: Ուրեմն, եթե զավակ ես ծնել, պարտավոր ես չափազանց զգույշ, ուշադիր լինել նրա առօրյայի, հետաքրքրությունների հանդեպ, ամենազբաղված պահին անգամ ժամանակ գտնել նրա համար, որ չկործանվի ապագան...

Մանկատներից մեկի տնօրենը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ 13-ամյա Քրիստինե Մ.-ն, նախորդ օրը, ժամը 16-ի սահմաններում, դուրս է եկել մանկատնից ու չի վերադարձել:

Աղջիկը մանկատուն վերադարձավ ինքնակամ: Սակայն բացակայությունն աննկատ ու անաղմուկ չէր կարող անցնել, և նա ոստիկանությունում ստիպված էր պատմել իր «մեծական» գործերի մասին...

Իսկ պատմածը վեր էր ցանկացած երևակայությունից: Տասներեքամյա աղջիկը ոմն Արտակի հետ «սեր էր արել» ռեստորան-հյուրանոցներից մեկում...

Ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում աղջիկն անկաշկանդ պատմում է իր սիրային արկածը, իսկ նրա փոխարեն կարմրում են լսողները:

Մինչ այս դեպքը` Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը ութամսյա ազատազրկման էր դատապարտել Նոր Հաճընի մի բնակչի: Ամիսներ առաջ նա սեռական հարաբերություն էր ունեցել այս նույն անչափահասի հետ: Տասներեքը նոր բոլորած աղջիկը կամավոր, կարելի է ասել` սեփական նախաձեռնությամբ էր կենակցել 21-ամյա երիտասարդի հետ…

Իսկ հիմա դատապարտվելու հերթը Արտակինն է, ով ամուսնացած է, և ամիսներ առաջ հայր է դարձել: Այս անգամ էլ ամեն ինչ կամավոր է եղել` ոչ մի բռնություն, ոչ մի համոզել:

- Ես եմ ուզել,- ասում է անչափահաս աղջիկը,- իսկ ամոթահար երիտասարդը զղջում է կատարվածի համար և մեղադրում միայն իրեն...

Դեպքի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, և կատարվածի իրավական գնահատականը կտրվի նախաքննության ավարտին: Բայց մենք պարտավոր ենք արձանագրել մի կարևոր հանգամանք. անչափահասի շեղված վարքի մեղավորը գերազանցապես ընտանիքն է: Մասնավորապես` մոր մեղքով է աղջիկը սուզվել «մեծական» պատմությունների մեջ և ընկել մանկատուն: Դաստիարակության առումով նա նույնիսկ տարրական գիտելիք չի ստացել: Փոխարենը` ծնողներն իրենց վարքով բացասաբար են ազդել երեխայի հոգեկերտվածքի, պատկերացումների, հայացքների վրա: Եվ եթե այս ու նմանօրինակ մյուս ընտանիքները տիրություն չեն անում իրենց զավակներին, ապա այդ ուղղությամբ լուրջ ծրագրեր է իրականացնում ոստիկանությունը:

Չանդրադառնալով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից մշտապես իրականացվող բազմաբնույթ, համալիր միջոցառումներին` նշենք, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից առաջարկություն է ներկայացվել` «Երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016 ազգային ծրագրում» ընդգրկելու վարքի շեղում ունեցող 12-18 տարեկան աղջիկների համար վերականգնողական հատուկ հաստատություն ստեղծելու հարցը: Այդ հաստատություններում շեղված վարքագծով աղջիկների հետ ամենօրյա աշխատանք կտանեն համապատասխան մասնագետներ` հոգեբաններ, մանկավարժներ, նաև` Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ: Աղջիկներն, ըստ իրենց նախասիրությունների, ձեռք կբերեն մասնագիտություն: Դա է իրական ճանապարհը, որի օգնությամբ նրանք կգիտակցեն իրենց վարքագծի վտանգավորությունը նախևառաջ հենց իրենց ապագայի տեսանկյունից: