Մեկը` հարազատ պապից,  մյուսը` սկեսրայրից 


 

Օրերս ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 18-ամյա Արտաշես Մ.-ին: Երիտասարդը ստիպված էր խոստովանել, որ 2011 թ. նոյեմբերին, օգտվելով իրենց տան 2-րդ հարկում առանձին ապրող պապի` տնից բացակայելու և դուռը բաց թողնելու հանգամանքից, մուտք է գործել սենյակ և անկողնու տակից գողացել նրան պատկանող 15.000 դրամ գումարը: Նույն եղանակով 2012 թ. սկզբներին գողացել է 55.000, իսկ մայիսին` 60.000 դրամ:

Հետաքրքիր է, որ կատարված գողությունների մասին տղամարդը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Իսկ երբ նրան կանչեցին բաժին և պատմեցին եղելությունը` շփոթահար պապն ինքը ամաչեց աներախտագետ թոռան արարքներից ու կարմրեց, որովհետև թոշակից հավաքած գումարներով նրա համար էր նվերներ առնում…

Որքան էլ պապը ոստիկաններին փորձել է խնդրել ու համոզել` ներել թոռանը և չպատժել նրան, օրենքի պահապանները այս դեպքով արդեն հետաքննություն են իրականացնում և հարազատից գողություն կատարած երիտասարդը կստանա օրենքով նախատեսված իր պատիժը:

***

Վերջերս մի քաղաքացի ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտարարություն էր տվել, որ անհայտ անձն իր բնակարանից կանխիկ գումար և տարբեր ոսկյա զարդեր է գողացել:

Տարաբնույթ միջոցառումներ իրականացնելով` ոստիկաններին հաջողվեց պարզել, որ 27-ամյա Լիանա Հ.-ն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկեսրայրի բնակարանից հափշտակել է 60.000 դրամ արժողության ոսկյա մատանի, 36.000 դրամ ընդհանուր արժողության 3 ոսկյա խաչ և 100 եվրո` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս…

Հարսի այս «անխոհեմ» արարքի կապակցությամբ նույնպես հետաքննություն է իրականացվում: