Սահմանապահ գյուղի փխրուն խաղաղությունը... 


 

Այստեղ ապրում են զարմանալի ուժեղ, ամուր կամքով մարդիկ: Այնքան ուժեղ, որ կարող ես անգամ մի պահ մոռանալ, որ մինչև հակառակորդի գյուղն ընկած տարածքը հաշվվում է ընդամենը մետրերով, որ անզեն աչքով կարող ես նշմարել նրանց դիրքերը: Վերջապես մոռանալ, որ հակառակորդի տեսադաշտում ես: Այստեղ խաղաղություն կոչվածն ավելի փխրուն է, սահման ու սահմանապահ հասկացություններն` առավել շոշափելի: Հենց այստեղ է, որ ավելի առարկայորեն ես պատկերացնում ու գիտակցում` պատերազմը չի´ ավարտվել: Քանի դեռ կրակոցի ձայներ չեն լսվում, գյուղն ապրում է իր առօրյայով, սակայն ողջ էությամբ, հոգեբանությամբ ու անգամ մտածելակերպով սահմանապահ դարձած տեղացիները խիստ զգուշավոր են: Նրանք լավ են ճանաչում հարևաններին. սրանք ամեն րոպե կարող են կրակել: Իսկ հակառակորդը մոտ է, այնքան մոտ, որ երբ Ալիբեյլիում հարսանիք է լինում, երաժշտության ձայնը լսվում է Այգեպարում: Մեր դիրքերից մինչև հակառակորդի դիրքերը 650 մ է, իսկ գյուղավերջի տնից մինչև Ալիբեյլի` ուղիղ գծով 200մ:

Մարիամը նոր էր վերադարձել մանկապարտեզից: Նա ընդամենը 3 տարեկան է ու «Ես իմ անուշ Հայաստանին» սահուն արտասանելուց զատ` նաև պատմում է, որ «թուրքերը վատն են, որ հաճախ են կրակում, և բոլոր երեխաները վախենում են կրակոցի ձայնից ու թաքնվում»:

Սահմանապահ գյուղում այսպես է սկսվում մանկությունը...

Հենց այս մարդիկ են, որ անշահախնդրորեն սիրում են հայրենիքը: Չեն լքում հայրենի տունը: Իսկ պետության կողմից ոչ մի արտոնություն: Տեղին չէ համեմատությունը, սակայն պարզապես փաստենք, որ նույն Ադրբեջանը իր սահմանամերձ բնակավայրերին` դիցուք` Բերքաբերի հարևանությամբ գտնվող Մազամին, հերոս գյուղի կոչում է շնորհել:

- Սովորաբար կրակոցներ լսվում են գիշերային ժամերին և վաղ առավոտյան: Վերջին շրջանում, սակայն, լարվածությունը բավական թուլացել է: Վերջին շաբաթվա ընթացքում ընդհանրապես չեն կրակել, ինչը մեզ համար նույնիսկ անսովոր է: Անկախ բոլոր հանգամանքներից` այստեղ մշտական զգուշավորություն կա: Փողոցում որևէ մեկի հետ երկար զրուցելու դեպքում անպայման առավել ապահով վայրում ենք կանգնում, որ հնարավորինս քիչ տեսանելի լինի հակառակորդի կողմից,- պատմում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ ԱՅԴԻՆՅԱՆԸ:

Տավուշ գետի ձախ ափին ծվարած` նախկինում բավական հարուստ ավանը հիմնադրվել է ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Դարավերջի չարաբաստիկ պատերազմը ողջ խորությամբ ապրեց նաև Այգեպարը: Ավերվեցին ծխախոտի, պահածոների, գինու գործարանները: Իսկ դեռ 1979- ից գործող օդանավակայանից այլևս ոչ մի ինքնաթիռ երկինք չբարձրացավ:

Գյուղը պատերազմ է տեսել ու հետքերը դեռ թարմ են: Բացի տեղացիների դառը հիշողություններից, այդ մասին են պատմում նաև մինչ օրս չվերանորոգված բնակշենքերի կիսավեր տանիքները, բեկորների հետքերը, որոնք թարմացան մի քանի ամիս առաջ:

Պաշտոնական տվյալներով այսօր Այգեպարում ապրում է 179 ընտանիք` 639 բնակիչ: Դպրոցն ունի ընդամենը 56 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24 է: Բնակչության 70 տոկոսը բարձրագույն կրթություն ունի: Համայնքի ղեկավարի հավաստիացմամբ` յուրաքանչյուր դասարանի 5-6 շրջանավարտներից գոնե 4-ն ընդունվում են բուհեր, հետագայում սակայն չեն վերադառնում գյուղ:

Թեև վերջին տարիների ընթացքում հիմնականում բարեգործության շնորհիվ որոշ խնդիրների լուծում է տրվել, մասնավորապես` 2008-ին 7 կմ-անոց ջրագիծ է կառուցվել, 2009-ին գազաֆիկացվել է գյուղը, սակայն անլուծելի խնդիրներն ու հոգսերն այնքան շատ են: Գյուղում աշխատատեղեր գրեթե չկան: Երիտասարդ տղամարդկանց մեծամասնությունը պայմանագրային զինծառայողներ են: Սահմանային հողերը չեն մշակվում, այսինքն` բնակավայրը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չունի, միայն առանձին ընտանիքներ փոքր հողակտորներ են մշակում: Խաղողի բերքը թեև այս տարածքում բավական հաջող է, սակայն մշակումը ձեռնտու չէ գյուղացուն մի պարզ պատճառով. մշակելու միջոցները, դեղերը խիստ թանկ արժեն, իսկ բերքի մեկ կիլոգրամի դիմաց գյուղացին ստանում է ընդամենը 130 դրամ: Անասնապահությամբ զբաղվողները ևս փոքր թիվ են կազմում գյուղում, շուրջ 10 ընտանիք, քանի որ տղամարդիկ հիմնականում պայմանագրային զինծառայողներ են և ամսվա կտրվածքով ընդամենը 15 օր կարող են տրամադրել գյուղատնտեսա կան աշխատանքներին: Ժամանակի սղությունից էլ հավելյալ խնդիրներ են ծագում: Դիցուք` չեն հասցնում ճիշտ ժամանակին խոտը հավաքել:

-Հիմնականում 2-3 օրը մեկ կրակոցներ են լսվում, թեև վերջին շրջանում` ավելի հազվադեպ: Սակայն մարդիկ ամեն դեպքում զգուշանում են: Այս ամենով հանդերձ խնդիրները ևս շատ են: Անասնապահությամբ զբաղվող մի քանի ընտանիքներ կան, սակայն արոտավայրերը ևս հակառակորդի տեսադաշտում են, այնքան մոտ, որ անգամ նրանց ձայներն ենք լսում և տեսնում ենք նրանց անասուններին: Բերքահավաքի շրջանում խնդիրներն ավելի են սրվում, իրենք մեկ ամիս առաջ են իրենց բերքը հավաքում, և մեզ էլ խանգարում են,- պատմում է Այգեպարի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գրիգոր Համբարձումյանը:

Խնդիրներն իսկապես շատ են ու բազմաբնույթ: Համայնքի ղեկավարի խոսքերով.

- Կցանկանայի առանձնացնել բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը: 10 շենքերից միայն մեկի տանիքն է վերանորոգվել Կառավարության ջանքերով, մնացած 9-ը կարելի է ասել` անմխիթար վիճակում են:

Պատերազմի ավարտից ի վեր` շենքերը վերանորոգման են սպասում, տանիքները կաթում են, իսկ 2-ը վթարային են, քանի որ վնասված են հիմնական պատերը:

Սահմանապահ գյուղում, որը ժամանակ առ ժամանակ գնդակոծվում է, կրակմարիչներ չկան, անգամ շտապօգնության մեքենա չի տրամադրվել:

Գյուղի ծայրամասի` հակառակորդի դիրքերից բավական լավ տեսանելի իր տանն ապրող, 50 տարվա բուժքույր Վեներա Ահարոնյանը, ում մեր զրուցակիցները բնորոշեցին «մեր բուժքրոջը ոսկու հետ չենք փոխի» բառերով, պատմում է, որ առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո որևէ մեքենայով հիվանդին Բերդ են տեղափոխում, կամ շտապօգնությանն են դիմում:

Այգեպարցի 34-ամյա Մաքսիմ Պողոսյանը երբեք չի մոռանա 2006-ի չարաբաստիկ նոյեմբերի 3-ը: Քրոջ տղայի հետ ոտքով գնում էր Մովսես, ճանապարհին կանգ էին առել` մեքենայի սպասելով: Ստամոքսի շրջանում սուր ցավ զգալուց հետո անգամ Մաքսիմը չէր գիտակցել, որ հակառակորդի կրակի տակ է: Դիրքայինները բարեբախտաբար նրան ժամանակին դուրս էին բերել վտանգավոր գոտուց: Մաքսիմը 3-րդ կարգի հաշմանդամ է և պետությունից ստանում է ընդամենը 13 հազար դրամ թոշակ:

Այս ամենով հանդերձ գրեթե առաջնագծում ապրող այս մարդիկ այնքան ամուր են կանգնած իրենց հողին.

- Մեր դիրքերում կանգնած են հենց մեր տղաները, այդ առումով պաշտպանվածությունն առավել հուսալի է, քանի որ անմիջապես թիկունքում հարազատ գյուղն է, տունն ու ընտանիքը,- ասում է Ա. Այդինյանը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ