«Նրբանկատ» բրյուսելցիք 


 

կամ` Տոնածառը կարող է վիրավորել մահմեդականներին

Նրբանկատ` ոչ թե ուրախաբեր ավանդույթի, ոչ էլ քրիստոնյաների հանդեպ: Դե, քրիստոնեությունը հանդուրժողականության մարմնացում է, քրիստոնյաներն էլ պարտավոր են զույգ այտերը տրամադրել ապտակողին. երևի այսպես են մտածել այս «նրբանկատության» ճարտարապետները: Ու հավանաբար 2013-ը բելգիացիները կդիմավորեն առանց հավերժ կանաչ եղևնու, որը Ամանորի և Սուրբ Ծնունդի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Տեղի իշխանությունները կարծում են, որ քաղաքի կենտրոնական հրապարակում տոնական ծառ տեղադրելը կարող է վիրավորել մահմեդականներին, որովհետև դա քրիստոնեական տոնի խորհրդանիշ է:

Ամեն տարի քաղաքի Գրանդ-Պլյաս հրապարակում զարդարվող Սուրբ Ծննդյան հսկայական եղևնուն այս անգամ կփոխարինի «էլեկտրոնային ձմեռածառը»: Դա 25 մետրանոց սարք կլինի` բազմաքանակ էկրաններով: Ցերեկային ժամերին հնարավոր կլինի բարձրանալ այդ սարքի վրա և հիանալ քաղաքի տեսարանով, իսկ մութն ընկնելուց հետո այն կվերածվի լուսային ու ձայնային պատկերների, որոնք կփոխվեն յուրաքանչյուր 10 րոպեն մեկ:

Տեղական պաշտոնյա Բիանկա Դեբաէթսի խոսքերով` ի տարբերություն տոնածառի, էլեկտրոնային այդ «քանդակը», ոչնչով չի առնչվում քրիստոնեությանը. ուրեմն` դրա հայտնվելը չի վիրավորի ոչ մեկի զգացմունքները: Ավելին, այս տարի կարգելվի նաև ավանդական Սուրբծննդյան բրյուսելյան շուկան և կվերանվանվի «Ձմեռային հաճույքներ»: Գուցե նշվի՞ «ոչ քրիստոնեական հաճույքներ»:

Հետաքրքիր է, բրյուսելցի քրիստոնյաներին և՞ս չի վիրավորի այս վերաբերմունքը:

Հետաքրքիր է նաև, թե Բրյուսելի իշխանություններն ինչո՞ւ ընդհանրապես չեն հրաժարվում քրիստոնեական Սուրբ Ծնունդից ու Ամանորից. չէ՞ որ մուսուլմանների Նոր տարին գարնանն է: Բա որ նեղանա՞ն` իրենցից առաջ տարեմուտ նշելու համար:

***

Տարակուսանքը` տարակուսանք, բայց այդ «նրբանկատությունը», գուցեև զգուշավորություն է (չշտապենք դա «վախ» անվանել): Բելգիական շատ քաղաքներում նշանակալի տոկոս են կազմում իսլամի հետևորդները: 2008 թ. սոցհետազոտությունների արդյունքներով` Բրյուսելի բնակչության 25 %-ն իրեն մահմեդական է համարում: Ավելին, այս հոկտեմբերին քաղաքային խորհրդում ընտրված 2 քաղաքական գործիչները հայտարարել են, որ մտադիր են երկրում հաստատել շարիաթի օրենքները:

Ընդգծենք` բնակչության 25 %-ը և 2 քաղգործիչ: Ուրեմն մնացյալ 75 %-ին և քաղխորհրդում ժողովրդի բազմաքանակ մյուս ընտրյալներին կարելի՞ է կոչել կրոնական խտրականության ենթարկվող մեծամասնություն…

Բարեբախտաբար այդ մեծամասնությունը պատրաստվում է բողոքարկել հենց կրոնական անհանդուրժողականություն սերմանող այդ որոշումը: Ի դեպ` երկրի ոչ բոլոր իշխանավորներն են համամիտ նման «տոնական ճնշումներին»: Ասել է թե` չի բացառվում, որ տխրահռչակ որոշումը վերանայվի: