Հացադուլավոր քաղաքապետը


 

Բողոքի այս ծայրահեղ միջոցին վերջերս դիմել է Ֆրանսիայի Սևրանի քաղաքագլուխ Ստեփան Գատինյոնը` հացադուլի նստելով երկրի Ազգային ժողովի պատի տակ: Պահանջն էլ անձնական չէ. նրա ղեկավարած քաղաքը հայտնվել է սնանկացման եզրին, և Գատինյոնը բյուջետային լրավճարներ է պահանջում:

Ուրբաթ երեկոյան ինքնազոհ քաղաքապետը վրան է տեղադրել Բուրբոնյան պալատի առջև, ուր գումարվում են Ֆրանսիո խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները: Այսօր նրանք պետք է քվեարկեն տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող լրավճարներն ավելացնելու հարցի առնչությամբ:

Կսխալվեն նրանք, ովքեր քաղաքապետի այս քայլը հանդուգն արարք կորակեն ու կմտածեն, թե այս պաշտոնյան բարձրաստիճան համակիրներ չի ունենա: Շաբաթ օրը նրա հետ հանդիպել է ՆԳ նախարար Մանյուել Վալսը` գնահատանքի խոսքեր ուղղելով հացադուլավորին.

- Ես այստեղ եմ եկել, որպեսզի նրան դիմեմ համերաշխության ու բարեկամական խոսքերով, որովհետև նա քաջարի պայքար է մղում,- նշել է նախարարը` հիշեցնելով, որ Գատինյոնի հետ ծանոթ է վաղուց:

Տեղական ինքնակառավարությանն այս տարի հատկացվել է 1,37 մլրդ եվրո, և սպասվում է, այն կավելացվի ևս 120 միլիոնով: Միաժամանակ, երկրի ամենաաղքատ 100 կոմունաների համար նախատեսված «քաղաքային զարգացման լրավճարները» կավելացվեն մինչև 50 մլն եվրոյով:

Հանուն իր քաղաքի քաղցող Գատինյոնը պահանջում է 180 մլն եվրո` գումարած «քաղաքային զարգացման լրավճարի» կրկնապատկում` 100 մլն:

- Կոլեկտիվ դիմումներն ու բարձրագոչ խոսքերն արդեն բավական չեն: Ես կմնամ այստեղ մինչև երեքշաբթի և նույնիսկ ավելի` եթե պետք լինի,- ընդգծել է Սևրանի քաղաքապետը: