ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ 


 

Վրաստանում գործում է մոտ 28 հազար թուրքական ընկերություն, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդ դոլարից: Սա, բնականաբար, չափազանց ձեռնտու վիճակ է Թուրքիայի համար, որը վաղուց Վրաստանում իրականացնում է թրքացման քաղաքականություն:

Նոր վարչապետ Իվանիշվիլին, պարզվում է, դեմ է այս քաղաքականությանը և Սահակաշվիլուն քննադատում էր հենց սրա համար` պնդելով, որ Վրաստանն աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույնությունը: Այդ ինքնուրույնությունը պահելու և թուրքական գործոնից ազատվելու համար էլ նախկին ընդդիմադիր գործիչն այսօր մեծ ջանքեր է գործադրում աբխազական երկաթուղին վերագործարկելու համար: Ժամանակին Ռուսաստանը շահագրգռված չէր երկաթուղու գործարկմամբ` այդպիսով նպաստելով Աբխազիայի անկախացմա նը: Իսկ այսօր նույն Ռուսաստանը չափազանց ոգևորվել է վրացական կողմի նախաձեռնությամբ: Նշենք, որ աբխազական երկաթուղու գործարկումը տնտեսական մեծ օգուտ կապահովի նաև Հայաստանի համար, և մեր երկիրը որոշակիորեն դուրս կբերի շրջափակումից:

Հայաստանն իր բեռնափոխադրումների համար գլխավորապես օգտագործում է Փոթիի նավահանգիստը, մինչդեռ երկաթուղու գործարկմամբ հնարավոր կլինի կապ հաստատել Ռուսաստանի և այլ երկրների հետ` միաժամանակ տնտեսապես շահավետ դարձնելով «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը: Չափազանց բարենպաստ վիճակ է ստեղծվել Հայաստանի համար` Վրաստանի հետ տնտեսական համագործակցություն սկսելու և շահագրգիռ վերաբերմունք դրսևորելու աբխազական երակաթուղու բացման հարցում: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի կառավարությունը շտապ կերպով բանակցություններ սկսի Վրաստանի հետ` քանի դեռ թուրքական կողմը չի փորձել վիժեցնել Իվանիշվիլու մտադրությունները: