ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ 


 

Արտահանումների ծավալներն ընդլայնելու համար անհրաժեշտ է տնտեսության պետական քաղաքականություն, ինչի մասին, ցավոք, առայժմ ոչ ոք հստակ դիրքորոշումներ և ծրագրեր չի առաջարկում: Տևական ժամանակ միայն մամուլի էջերից խոսում ենք արդյունաբերության և տնտեսության զարգացման մասին, մինչդեռ, գուցե ոչ միտումնաբար, պատասխանատուները շրջանցում են այս թեման` արդարանալով, թե ազատական տնտեսությունը զարգանում է ինքնուրույնաբար, պետությունը չի կարող ունենալ միջնորդող գործառույթ: Պետությունը պիտի´ ունենա կարգավորող և համակարգող գործառույթ, քանզի բյուջեի պատասխանատուն հենց ինքը` պետությունն է:

Ինչպես վկայում են տնտեսագետները, 2012 թվականի ինն ամիսների հաշվարկով, Հայաստան փոխանցված տրասֆերտները կազմում են 1,186 մլրդ ԱՄՆ դոլար: 2008 թվականին` նախաճգնաժամային տարում, հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է փոխանցվել 1,2 մլրդ դոլար: Հետևաբար, համեմատելով այս երկու ցուցանիշը, կարող ենք ասել, որ տրանսֆերտներն աճել են: Թվում էր, որ ֆինանսիստներն ու տնտեսագետները պիտի ուրախանային այս ցուցանիշով, սակայն, պարզվում է, նրանք մտահոգված են և անհանգստացած:

Մտահոգություններից առաջինն այն է, որ 2011 թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ փոխանցումների ծավալն ավելացել է ընդամենը $94,2 մլն-ով կամ 8,6%-ով, այն դեպքում, երբ անցած տարի` 2010-ի համեմատ, աճը կազմել է $206 մլն կամ 23,3%: Ի՞նչն է մտահոգում: Մտահոգում է փոխանցումների աճն ու ծավալների դանդաղումը: Այսինքն, այս ծավալները չեն կարող ուրախացնող լինել, որովհետև «տրանսֆերտների աղբյուր» հիմնական երկրներում նշված ժամանակահատվածում էական բացասական զարգացումներ չեն արձանագրվել: Իսկ Հայաստան հիմնականում փոխանցումներ կատարվել են Ռուսաստանից, որին բաժին է ընկել ընդհանուր փոխանցումների 85 տոկոսը: Ըստ կատարված ուսումնասիրությունների` դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալների միտումները կապակցված են նավթի գներին, իսկ ՌԴ սոցիալ-տնտեսական վիճակը հիմնականում պայմանավորված է այս գործոնով: Ռուսաստանում նավթի գները մոտ 25 տոկոսով աճել են, իսկ ահա Հայաստան կատարված փոխանցումների աճը դանդաղել է: Ուրեմն, իսկապես մտահոգվելու առիթ ունենք:

Մտահոգությունների հիմքում ընկած է միգրացիան: 2012 թվականի անցած ինն ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 97 հազար մարդ, իսկ 2011-ին` 43,82 հազար: Այսինքն, այսքան մարդու համար եկամտի հիմնական աղբյուր են հանդիսացել տրանսֆերտները: Այս վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել մեր տնտեսագետներին, քանի որ կարող է լինել դրամի չափազանց ակտիվ արժեզրկում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում ներկրումը արտահանմանը գերազանցում է երեք անգամ:

2012 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկելիս, ցավոք, մեր պատգամավորներից ոչ ոք ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին, ոչ ոք չուզեց խոսել այն մասին, որ արտահանման և ներկրման նման բացասական տվյալներ ունեցող երկիրը երբեք չի կարող ապահովել սոցիալական բարելավում և զարգացում: Նման երկիրը միշտ պիտի իր հույսը դնի ներկրման արդյունքում ձևավորված հարկային հոսքերի վրա, ինչն էլ նշանակում է, որ կախվածությունը կարող է տանել պետական բյուջեի քայքայման: