Հայաստանում` առաջինը


«Միջազգային որակի թագ» լոնդոնյան մրցանակը` ոսկեկուռ թագի տեսքով, առաջին անգամ հանգրվանեց Հայաստանում` «ԱԼՄ հոլդինգում»: Եվ, ինչպես նշվում է հավաստագրում` «ԱԼՄ հոլդինգը» պարգևատրվում է որակի COLD կարգի միջազգային Թագով` ի գնահատումն կատարելության ձգտման, առաջնայնության, առաջադիմական տեխնոլոգիաների և ինովացիաների: «ԱԼՄ հոլդինգը» գործարար աշխարհում հաջողություն է ապահովում Հայաստանի համար»: Ի դեպ, մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աշխարհի տարբեր երկրների 900 կազմակերպություններից «ԱԼՄ»-ն 67 գնահատվածների շարքում է: Իսկ մրցանակի հետ մեր գործընկեր լրատվամիջոցին է հանձնվել նաև անկետային ձևանմուշը, որը 2006-ի թագակիրը, որպես երաշխավորություն, կարող է հանձնել գալիքում նույն մրցույթին մասնակցել ցանկացող հայաստանյան այլ կազմակերպության: Միջազգային մրցանակաբաշխությունում հաղթանակն ապահովել են հեռուստաընկերության ներկայացրած տեսանյութերը (և, իհարկե, այստեղ հեռարձակված) «ծՈ րՈՎՏՎ Պպսպ» (զրույց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Սաշկո Բոժկոյի հետ), «Զարմանադարան», «Հարցի արժեքը» հաղորդաշարերից, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի տեսաժապավենները: Ինչպես «ԱԼՄ հոլդինգի» հիմնադիր նախագահ Տիգրան Կարապետյանն է փաստում` - Մրցանակը մեր աշխատանքի գնահատականն է, որը անչափ ուրախացրել և օրինական հպարտության զգացումով է համակել մեր բոլոր աշխատակիցներին` անկախ նրանից, թե ով ինչ չափով է նպաստել բարձրագույն այս հաջողությանը: Եվ, ընդհանրապես, եթե նկատել եք` մեր եթերում էլ չկա առանձին հեղինակային որևէ հաղորդում: Բոլոր տեսանյութերի հեղինակային իրավունքը հեռուստաընկերությանն է. հանգամանք, որը մեծապես նպաստում է կոլեկտիվի համերաշխությանը, հոգսերի ու մտահոգությունների միատեղմանը: Դե, եթե հոգսերն ընդհանուր են, հաջողություններն էլ բոլորինն են` հավասարաչափ: Ոգևորվելը` ոգևորվել, բայց այս հաղթանակն ավելի շատ պարտավորեցնում է մեծացնել կատարելության հասնելու ձգտումը և պահպանել չափանիշները: Որո՞նք են այդ չափանիշները` հեռուստաընկերության բարձր վարկանիշը, տեխնիկական հագեցվածությունը, հանրության տարբեր խավերին մատչելի լինելը, կոլեկտիվի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, հաղորդումների որակի մշտական կատարելագործումը, հրատապ թեմաներին արագ արձագանքը... Շնորհավորելով մեր գործընկերների հաջողությունը` մաղթում ենք անխափան եթեր և վերելք:

Տաթև ԱՎԵՏՅԱՆ