«ՓՈՍԻ» թատրոն-երկո՞ւ...


Կարծես թե` ամեն ինչ սկսվեց նրանից, որ թատրոնները դարձրեցին պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ): Եվ այդ ՊՈԱԿ-ների ճակատագիրը տնօրինելու մենաշնորհը տվեցին դրանց տնօրեններին, ովքեր, ի դեպ, կարող են թատերարվեստի հետ երբևէ որևէ առնչություն ունեցած չլինել: Դեռ լավ է, որ նրանց մի մասը չի արգելակում թատերախմբերի ստեղծագործական աշխատանքը, զբաղվում է իր վարչատնտեսական գործունեությամբ: Ըստ երևույթին, սա է ճանապարհը, որ տանում է դեպի թատրոնների (առհասարակ մշակութային օջախների) մասնավորեցում, դրանց պետական ցանցի աստիճանական կազմալուծում: Աղքատիկ բյուջեով մեր պետությունը ի զորու չէ հավուր պատշաճին հոգ տանել այս հոգևոր-մշակութային հզոր լծակի անխափան գործունեությունը չնչին դոտացիաներով, ապահովել գեղարվեստական բարձր արժեքների ծնունդը «պետպատվեր» կոչված ողորմելի հատկացումներով: Զուր չեն ասում` աղքատ երկրում արվեստը չի ծաղկում: Փառք Աստծո, արդի թատրոնի մշակներից շատերը, չխնայելով իրենց ստեղծագործական կարողություններն ու եռանդը, խենթ նվիրումով դեռ պահպանում են Մելպոմենայի ճրագի առկայծումները տարբեր թատերաբեմերում` երբեմն հրաշքներ գործելով: Թատրոնի նրբազգաց ու խոցելի մշակները: Շատ անգամ կարոտ արարչական բարենպաստ միջավայրի, կոլեկտիվ ստեղծագործական տքնանքի անխաթար բերկրանքի: Հիանալի հասկանալով մեր հասարակական կեցության այլազան մետամորֆոզները` վհատ փորձեր են անում դրանց հակադրվելու, գեթ մասամբ հարմարվելու: Ենթադրում են, որ ի վերջո կհայտնվեն մշակութասեր մեկենասներ` սավամորոզովներ, մանթաշովներ և կազատեն իրենց սոցիալական խղճուկ գոյատևումից, առաջին հերթին իրենց իսկ, ապա ողջ հասարակության բարձրաճաշակ գեղագիտական հաճույքի համար շռայլ հնարավորություններ կընձեռեն արվեստագետներին լիարժեք ներկայանալու բնատուր ունակությունների վարպետությամբ` հոգևոր-բարոյական հուժկու լիցքեր հաղորդելու քաղաքական խաղերից բզկտված ժողովրդական զանգվածնե րին, կազմավորելու ազգային պարծանք մտավորականների նոր հզոր բանակ, որի մտավոր ներուժի մեկտեղմամբ կարելի կլինի ոգեթափությունից, վերջնական դիմազրկումից ազատագրել ոչ միայն հասարակ մահկանացուներին, այլև ազգը, երկիրը, նաև` մշակույթը: Շենք առ շենք, թիզ առ թիզ զրկվում ենք մեր պետական-հասարակական ունեցվածքից, լուռումունջ կամ բամբասասեր ԶԼՄ-ների սպոնտան ելույթներով հասնելով համազգային ընչազրկության մի մակարդակի, որն իր սրընթաց աճով միանգամայն «վաստակել» է Գինեսի գրքում գրանցվելու «պատիվը»: Քանդվում են այգիները, որպես խոպանից` նվաճվում է յուրաքանչյուր թիզ հողը (հատկապես Փոքր Կենտրոնում): Մայրաքաղաքը վերածվել է համատարած շինարարական հրապարակի (քիչ է մնում հավատաս տնտեսական կյանքի զարթոնքին): Հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, էլիտար շենքեր, խանութներ (առավելապես օտարալեզու վերտառությամբ, ասես, անգլոհպատակներ լինենք...): Մշակութային և ոչ մի շինություն: Ընդհակառակը: Դրանք «գլոբալ օպտիմալացնելու» տենդենց է նկատվում: Հիշո՞ւմ եք «Փոսի» թատրոնի շենքի պատմությունը: Շատերն են մոռացել: Նույնիսկ նրանք, ովքեր երիտասարդական փորձարարական կոչվող այդ պետական թատրոնի կիսորոշ կարգավիճակով պատսպարվել են Գրողների տանը: Գուցե բիլիարդանոցներն ավելի անհրաժե՞շտ են... Այդպես էլ չհրապարակվեցին մեղսակիցների անունները, որևէ մեկը չպատժվեց: Շենքը վերադարձնելու մասին վաղուց չեն էլ անհանգստանում: Հիմա էլ հերթը հասել է Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնի շենքի՞ն: Մշակույթի նախարարի հրամանով աշխատանքից ազատված տնօրեն Լևոն Աբրահամյանը մամուլի ասուլիսներով, տնօրենի պաշտոնակատար նշանակված Դավիթ Հակոբյանի մուտքը թատրոն բոյկոտելով, հեռուստաելույթներով համառ ջանքեր է գործադրում իր մենաշնորհը վերականգնելու մինչև իսկ դատարանով: Իր շուրջը համախմբած վարչատնտեսական և հատուկենտ ստեղծագործական աշխատողների ջերմեռանդությամբ ձևավորելով նպաստավոր հասարակական կարծիք հօգուտ արդի արվեստի զարգացմանը միտված իր անուրանալի ծառայությունների գնահատման` 800 հազար դրամի ֆինանսական ներդրումներ (մաս-մաս վերադարձվելու են), վերանորոգման ինչ-ինչ աշխատանքներ, ստեղծագործական խումբը երիտասարդացնելու և լճացումից դուրս բերելու վարչական կոնկրետ քայլեր (այդ թվում` թատերաշրջանը, իբր, ձախողած գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյա նին, ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող բեմադրիչ-ադմինիստրատոր Լուսինե Մելիքսեթյանին, ՀՀ վաստակավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանին աշխատանքից ազատելը): Գուցե էլի ինչ-որ գործնական «խիզախումներ», որոնցից խանդավառված նրա համակիրները խոսում են «ALFAEL» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Լևոն Աբրահամյանի մասին որպես հզոր կազմակերպչի` բարձրաձայն ընդդիմանալով Մշակույթի նախարարի հրամանի ձևակերպմանը. «Մենք էլ անվստահություն ենք հայտնում նախարարին»: Անբացատրելի համերաշխությամբ մոռացության է մատնվում Արմեն Մելիքսեթյանի մասնակցությունը Կամերայինի կայացմանը` 1997-ին Դ. Զալյանի արտասահման մեկնելու կապակցությամբ լուծարված մանկական երաժշտական թատրոնի հիման վրա, իր իսկ առաջարկով, կամերային երաժշտական թատրոն ստեղծելը, կինոթատրոնի խարխուլ շենքի հարմարեցումը, թատերականի ուսանողներից ստեղծագործական կորիզի կազմավորումը, մոտ մեկ տասնյակ բեմադրությունների գեղարվեստական արժանիքները («Կատուներ», «Էսմերալդա և Քվազիմոդո», «Լիլիթ», «Բրոդվեյ, Բրոդվեյ» և այլն): Անիմաստ եմ գտնում նախկին տնօրենի և գեղարվեստական ղեկավարի մեղքերի ու ծառայությունների համադրումն ու հակադրումը. նրանք տարբեր հարթությունների վրա են գտնվում կյանքում` իրենց մարդկային խառնվածքներով, արվեստում` ժանրային գեղագիտության պատկերացումներով ու հստակ գիտելիքներով, փորձով ու հմտությամբ: Նրանց հետ ունեցած առանձնազրույցներից, կոնֆլիկտի նախապատմությանը քաջատեղյակ նախարարության պատասխանատու աշխատողների մանրակրկիտ պարզաբանումներից, իր` նախարարի հրապարակային ելույթներից աղբյուրի ջրի պես պարզ է, որ այս թատրոնը վերակազմավորման ակնհայտ կարիք ունի: Գուցե բոլոր հիմքերը նկատի առնելով է, որ «վերևներում» մտածում են փոխել թատրոնի ուղղվածությունը: Համոզված չեմ, որ հայտարարված բաց դատի արդյունքում Լևոն Աբրահամյանի հրեշտակային կեցվածքը նույնքան ամպոտ կմնա: Չեմ արդարացնում նաև Արմեն Մելիքսեթյանի համբերատարությունը, որով նա հանդուրժում է իր անձին ու գործին պարբերաբար ուղղվող արտառոց մեղադրանքները: Քննչական հետաքննությունը չէ գլխավոր նպատակս: Դրանով թող զբաղվեն իրավասու մարմինները: Ինձ համար կարևոր է, որ հերթական թատրոնը որպես առևտրական շահավետ գործարքի օբյեկտ չփոշիանա ծածուկ կամ բացահայտ հերթական աճուրդի արդյունքում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ