Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ուղերձը ԵԿՄ 7-րդ համագումարին


Թանկագին երկրապահներ, սովորաբար ազատամարտիկներն իրար գլխի են հավաքվում այն ժամանակ, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում: Ուրախ եմ, որ այսօրվա հավաքի նպատակն այլ է: Ինձ համար դժվար է գերագնահատել հայ հասարակության մեջ երկրապահի դերն ու նշանակությունը, որովհետեւ ես ձեզանից մեկն եմ: Ձեզանով է ծնունդ առել մեր բանակը, ձեր ըմբոստ, խիզախ ջոկատները եղան այն հիմքը, որի վրա բարձրացավ հայոց բանակի հաղթասյունը: Մենք միասին ստանձնեցինք մեր երկրի պաշտպանությունը եւ միասին էլ հաղթանակ նվաճեցինք: Մեր ընկերներից շատերն այսօր չկան: Շատ ծանր բեռ է դրված մեր, ապրողներիս ուսերին` հզորացնել եւ ծաղկեցնել այն երկիրը, որի ազատագրության եւ անկախության համար նահատակվեցին նրանք: Չկա զոհվածների հիշատակը պանծացնելու ավելի գեղեցիկ եւ դրվատելի ձեւ, քան նրանց երազանքներն իրականության վերածելը: Կկարողանա՞նք կառուցել զոհվածների երազած երկիրը, ուր իրենց սերունդներն ու հարազատները պաշտպանված են եւ ապրում են բարեկեցիկ կյանքով. այս է խնդիրը: ԵԿՄ բոլոր ձեռնարկություններում պետք է այս հարցադրումը հնչի: Հիշում եմ, երբ բարձրագույն ատյաններում հստակեցվում էր այն որոշումը, թե ովքեր կարող են արժանանալ Ազգային հերոսի կոչման, Վազգեն Սարգսյանը պնդեց, որ այն տրվի հետմահու: «Ազգային հերոսի կոչումը տրվում է ապրած ամբողջ կյանքի համար եւ ոչ թե կոնկրետ հերոսության համար»,. ասաց նա: Նա ուզում էր, որ երկրապահը խաղաղության մեջ լինի նույնքան քաջարի, ողջամիտ, անձնվեր եւ բարոյական, որքան պատերազմի դաշտում էր: Մենք պիտի պահենք ու պահպանենք երկրապահի տեսակը մեր մեջ: Դա մեզ շատ-շատ է անհրաժեշտ հասարակական եւ մարդկային խնդիրներ լուծելու համար: ԵԿՄ 7-րդ համագումարի կարևորագույն խնդիրներից մեկն էլ երկրապահի միասնականության պահպանումը պետք է լինի: Ոչ մի քաղաքական ելեւէջ չպետք է խարխլի այն եղբայրությունը, որ ձեռք է բերվել պատերազմի դաշտում: Արյամբ ցողված եղբայրությունն ամեն ինչից թանկ է: Բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ԵԿՄ 7-րդ համագումարի առթիվ, ցանկանում եմ նոր եւ հետաքրքիր մտահղացումներ, նախաձեռնություններ` ի շահ մեր պետության զարգացման, մեր ժողովրդի բարօրության: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ