ԼՍՈ՞ՒՄ ԵՔ, ՄԱՐԶՊԵՏ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ


«Օպտիմալացում» խաղը շարունակվում է քմահաճությունների տեսքով Անկոտրում «դոնյա» Արմինեն Ես` թշվառս, որ դարձել եմ բարձրաճաշակ «դոնյա» Արմինեի քմահաճության ու անբարեհաճ վերաբերմունքի զոհը, երեսունհինգ տարվա ծանրաբեռ մանկավարժական վաստակով ապրում և աշխատում եմ Չարենցավանում, դասավանդում N 6 դպրոցում: Տարիքս այնքան չէ, որ ահաբեկվեմ օպտիմալացում ասված ցունամիի նահատակը դառնալուց, կրթությունս, մանկավարժական փորձս ու հմտությունս իրավունք տալիս են` շարունակելու դասվարական աշխատանքս: Բայց ահա պատահեց անսպասելին: Սեպտեմբերին տեղեկացա, որ տնօրեն օրիորդ Փանոսյանը նախադպրոցական ֆակուլտետն ավարտած նոր ուսուցչուհի է ընդունել, իսկ ինձ, դպրոցի ելքը միանգամից ցույց չտալու համար, ութ ժամ երգեցողության դասեր է տվել: Հրաշալի տակտիկական քայլ, մյուս տարի էլ ցավակցական հնչերանգով պիտի ասեր, որ ութ ժամով ուսուցիչ պահել չի կարող, ցտեսություն: Ո՞վ կմտածեր, որ սուսիկ-փուսիկ, խեղճուկրակ երևացող Անահիտը կհանդգներ ըմբոստանալ: Հանկարծ զգացի, որ «դոնյա» Արմինեի պլանտացիայում աշխատող ստրկուհի եմ. մանավանդ որ «տիրուհիս» շամփրեց ինձ` ասելով. «Դու իմ ճաշակով չես, ես հակակրանք ունեմ քո նկատմամբ»: Այս ահեղադղորդ խարազանից հետո ես երևի բրազիլական սերիալի` անարդարության զոհը դարձած հերոսուհու պես հեկեկալով հեռանայի, բայց, ի հեճուկս իմ տիրուհու, հիշեցի, որ ապրում եմ իրավական երկրում և իրավունք ունեմ պաշտպանելու ինձ ու իմ աշխատանքը, և օրիորդ Փանոսյանի անբարեհաճ վերաբերմունքն իրավական հիմք չէ ինձ դպրոցից անփառունակ վռնդելու: Նախ դիմեցի Կոտայքի մարզպետարան` արդարությունը վերականգնելու խնդրանքով, բայց այնտեղից եկած պատասխանը եգիպտական դիմակի սառնություն բուրող անհամ ու անհոտ գրվածք էր: Դիմեցի ՀՀ գիտության և կրթության նախարարություն: Շնորհակալություն, արձագանքեցին: Եկավ մասնագետը, համաձայնեց, որ ոտնահարվել եմ իրավունքներս, գործել է սուբյեկտիվ գործոնի մեխանիզմը: Թվաց, թե կարող եմ խորը շունչ քաշել. կընդունեմ առաջին դասարանը և կշարունակեմ իմ սիրած գործը: Տնօրենը, սակայն, համառում էր: Առաջարկեց ինչ-որ ժամեր տալ ինձ: Չհամաձայնեցի. ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է: Բոլորովին չցանկանալով նսեմացնել կոլեգաներիս` պիտի հարցնեմ, «Ինչո՞ւ, օրիո°րդ Փանոսյան, նախադպրոցական կամ մաթեմատիկայի ֆակուլտետ ավարտած մասնագետները կարող են դասվար աշխատել, իսկ ես ոչ մասնագիտական ինչ-որ դասեր պիտի պարապեմ, որ հետո էլ ասեք, թե վատ եմ աշխատում: Գուցե դա թակա՞րդ է` ինձանից ավելի հեշտ ազատվելու համար»: Տեսնելով, որ իր կամ, ի՞նչ իմանամ, գուցե ուրիշների գրած սցենարը չի բեմադրվում ինձ պես ապաշնորհ ու չհասկացող դերասանի պատճառով, «դոնյա» Արմինեն կրկին ձեռքն առավ խարազանը` սեփական պլանտացիայից հեռանալ չցանկացող ստրկուհուն մտրակելու համար: - Միևնույն է, դու չես աշխատելու այստեղ: Եթե նույնիսկ Կարինեն էլ չաշխատի, դու այս դպրոցում չե°ս աշխատելու: Այ, հիմա արդեն ես բարկանում եմ և ինքնակոչ տիրուհուն պիտի բացատրեմ: Օրիո°րդ, աչքերդ լա°յն բաց արա: Դպրոցը քո պլանտացիան չէ և ոչ էլ քո բոստանը: Եթե ինձ մերժեն իմ աշակերտներն ու նրանց ծնողները, ես ինքնակամ կհեռանամ, բայց եթե հենց այնպես դու ինձ զրկում ես իմ սիրած աշխատանքից և խլում ընտանիքիս հանապազօրյա հացը, ես այն խայծը կդառնամ, որին կուլ տալ քեզ չի° հաջողվի: - Կաշա՞ռք ես կերել,- գոռում էիր երեսիս: Աշխարհն, այո, շուռ է եկել: Այդ ե՞ս եմ կաշառք կերել, թե՞... Ուրեմն այսպես: Առանց չարախնդության պիտի ասեմ` ցավում եմ, որ չգիտես` ինչ ասել է ուսանող երեխա պահելը, առավել ևս` այդ ուսանողի վարձավճար տալը, ծեր ու հիվանդ սկեսուրի խնամելը, կիսահաշմանդամ ամուսնուն սատար կանգնելը: Դու բիրտ ոտնահարեցիր աշխատելու, ընտանիքիս կերակրողը լինելու իմ իրավունքը: Եվ ես` քո քմահաճության կամ ինչ-որ մութ գործարքների զոհ դարձած ուսուցչուհիս, թշվառության գիրկն եմ նետվել, բայց չեմ հանձնվելու: Վիճակը գցված է: Ես անցել եմ Ռուբիկոնը, և եթե դու այդ ջրում չխեղդվես ու անխաթար հասնես ինձ, մենք կհանդիպենք դատարանի դահլիճում: Այնտեղ արդեն կպարզենք, թե բարոյական ու իրավական ի՞նչ հիմունքներով, փքուն գոռոզությամբ ու դաժանությամբ դու խլեցիր ընտանիքիս գոյատևման այդ խղճուկ միջոցը` առաթուր անելով սիրած մասնագիտությամբ աշխատելու իմ իրավունքը: Անահիտ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Նամակի գրագիտությունն էլ հուշում է, որ հեղինակը, հիրավի, արժանի է մանկավարժի կոչմանը: Ավելին, խմբագրություն դիմելուց առաջ նա իր իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղից ստացված սպառիչ պատասխանը պետք է որ կարգի հրավիրեր ուսուցչուհու իրավունքների դեմ ոտնձգություն կատարողներին. «Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարին հասցեագրված 05.10.06 թ. N Ա-2562 դիմումի հայտնում եմ, որ Ձեր նշած փաստարկներն ուսումնասիրվել են Չարենցավանի N 6 դպրոցում և պարզվել է, որ Ձեր աշխատանքի բովանդակության և ծավալի փոփոխման հարցում տնօրինությունը թույլ է տվել օրինախախտում` աշխատանքի պայմանները փոփոխելիս չունենալով Ձեր գրավոր համաձայնությունը: Ընթացիկ ուսումնական տարվա առաջին դասարաններից մեկը տրվել է նախադպրոցական բարձրագույն կրթությամբ, նախադպրոցա կան դաստիարակ-մեթոդիստի որակավորում ունեցող Կ. Խեդոյանին, ինչը հակասում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2003 թ. հուլիսի 23-ի «ՀՀ հանրակրթական հաստատություններում մանկավարժական կադրերի աշխատանքի նշանակման կարգը» հաստատելու մասին N 516-Ն (Ք) հրամանի պահանջներին: Նշված հարցի կապակցությամբ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին»: Ավաղ` «մինչև այսօր նույն տեղն են դեռ թե° սայլ, թե° բեռ»: Մարզպետը չի՞ հարգում ԿԳ նախարարության հիմնավոր միջնորդությունը, թե՞ տնօրինուհու քմահաճույքներն են ավելի ազդեցիկ...