Ապրել, ապրել. ինչպե՞ս ապրել...


Մենք սոցիալական պետությո՞ւն ենք, թե՞... Ըստ էության, պատասխանը թե-ական է: Մինչ կառավարությունը սոցիալական ծառայություն իրականացնելու կարգի մեջ փոփոխություններ է կատարում` աջակցության կարիք ունեցողների սոցիալական վիճակի փոփոխության ուղղորդումներով, թոշակառուների գոյապահպանման դժվարություններն ավելի են խորանում: Թոշակն ավելանում է, թոշակառուն` աղքատանում 2007 թվականի բյուջեով նախատեսվում է միջին կենսաթոշակի մեկ-երկու հազար դրամով ավելացում: Այսպիսի պզտիկ մի «վերաբեր մունք» էլ անցյալ տարի դրսևորվեց թոշակառուների նկատմամբ: Սակայն ոչ անցյալ տարվա, ոչ էլ խոստացված բարձրացումը թոշակառուներին չուրախացրեց: Շատերն ընկան, այսպես ասած, բալային կրճատման տակ, այդպիսով համարվեցին սոցիալապես ապահով և զրկվեցին ընտանեկան նպաստից, որը 3-4 անգամ ավելին էր, քան թոշակին ավելացված գումարը: Այսպիսով, թղթի վրա նրանք հարստացան, կյանքում մնացին աղքատ: Աղքատության նպաստառուների թիվը կրճատվեց, աղքատությունը, հասկանալի է` ոչ: Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը 2007-ին նույնպես նման դրսևորումներ կունենա: Եկող տարի շատ թոշակառուներ ամենայն հավանականությամբ կկանգնեն տխուր փաստի առջև: Իսկ նպաստի վրա կենսաթոշակի նման անհեթեթ ազդեցությանը կարելի է չկասկածել: Եթե կա կասկածելու բան, դա այն է, թե բազային թոշակի ավելացմամբ աղքատությունը կկրճատվի: Պարզապես աղքատներն ավելի կաղքատանան. մեր սոցիալական պետության սոցիալական ուղղվածությունը, ահա, սրան է հանգելու: Թոշակառուներին մնում է ստեպ-ստեպ հարցնել Կառավարությանը. «Ապրել, ապրել. ինչպե՞ս ապրել...»: Համայնքը զորավոր է Կառավարությունն ավելի է զորացնում այն Քաղաքապետերը բազմիցս են իրենց տիրույթների լիարժեք կառավարման լիարժեք լծակների խնդիր դրել: Եթե քաղաքի տերը քաղաքապետն է, սակայն որոշ կառույցներ` ոստիկանությունը, զագսերը, սոցիալական ծառայությունները քաղաքապետարանի ենթակայությունից դուրս են, դժվար է համակարգված և արդյունավետ կառավարում իրականացնել: Արդյո՞ք նման անհրաժեշտությունից ելնելով է որոշում կայացվել քաղաքային համակարգի կառույցները հանձնել քաղաքապետարաններին, հայտնի չէ, սակայն նման գործընթաց արդեն իսկ ուրվագծվում է: Առաջին քայլը զագսերը: Արդարադատության նախարարության պատկանելությունից տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը հանձնելը եղավ: Տեղական ինքնակառավարման մարմինները հասան իրենց բաղձանքին: Ինչի՞ հասան զագսերն ու բնակչությունը` այսինքն սպասարկողն ու սպասարկվողը: Եթե նկատի առնենք, որ յուրաքանչյուր փոփոխություն տեղի է ունենում տվյալ ծառայությունը բարելավելու, մարդկանց համար դրանից օգտվելը հեշտացնելու նպատակով, ապա, օրինակ, զագսերի դեպքում գոնե այս իմաստով ոչինչ չփոխվեց: Նրանք շարունակում են աշխատել նույն գրված ու չգրված օրենքներով, իսկ քաղաքացիները հլու-հնազանդ ենթարկվում են դրանց: Անկախ այն բանից` ձեռ է տալի՞ս, թե՞ չէ, ենթարկվելու հնար ունե՞ն, թե՞ ոչ: Շրջանցելու ճար չկա: «Վիճակը վատ է»,- դիմեցինք Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` նրան հեռվից հեռու մի դրվագ ներկայացնելով: «Ես ժամանակին ասում էի, որ չպետք է դրանք հանվեն համակարգից: Ասում էի, որ վատ է լինելու և վատ է լինելու»,- շտապեց ամփոփել նախարարը: Ինչո՞ւ հիշեցինք զագսի օրինակը: Կառավարության որոշմամբ հանրապետության չորս քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Արարատ, Վեդի) գործող սոցիալական ծառայությունները հանձնվում են քաղաքապետարաններին: Լավ, հանձնեցինք, իսկ ի՞նչ է փոխվելու: Սոցիալապես անապահով, միայնակ և անօգնական մարդկանց նկատմամբ քաղաքապետարաններում ավելի ուշադի՞ր պիտի լինեն: Թե՞ ուզածդ դեպքում նպաստառու համարվելու «կարգը» պիտի փոխվի: Սոցիալական ապահովության փոխնախարար Ֆ. Բերիկյանն ասում է, թե պետության քաղաքականությունն այսուհետ ուղղվելու է մարդու սոցիալական հիմնախնդրի ամբողջական լուծմանը: Մարդը կարի՞ք ունի պետության աջակցության` կազմակերպվում է սոցիալական աշխատողի տնայց` ճշտելու այդ կարիքը: Մնացածը արդեն աջակցողի և աջակցվողի գործն է: Մեկը լավ տիրապետում է համոզել-թլուզելու արվեստին, թե, բա` գիտես, էլի, հո մենակ ինձնով չէ, կարգ է, դու քոնն արա, ես` իմը: Մյուսն էլ լեզու գտնելուց է լավ. թեև ուզած-չուզած: Ճարն ի՞նչ: Թե չէ, մեկ էլ կպարզվի, որ ինքը իսկի էլ սոցիալական աջակցության կարիք չունի, որովհետև իրեն թույլ է տալիս հեռակառավարվող հեռուստացույց դիտել, բջջային հեռախոս ունի կամ էլ քրոջ թոռան մորեղբոր փեսան Ամերիկայում է և իրեն փող է ուղարկում: Շառից-փորձանքից հեռու: Իսկ դու, լրագրող, գրիչ ունես, գրելիքդ գրիր: Ի՞նչ ես երկուսի արանքը մտել:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ