Ո՞ւմ է վերապահված անմեղության կանխավարկածը


Աշնանային նստաշրջանի` Կառավարության հետ հարց ու պատասխանի վերջին օրը, թեև բացակայում էր պատգամավորների մեծ մասը, սակայն ոմանց հաջողվեց բառաքարեր նետել իրենց հակակրանքի թիրախում հայտնվածների «բոստանը»: Մինչդեռ, ըստ որոշ նետողների հայտարարության` վաղուց եկել էր քարերը հավաքելու ժամանակը: Թե ում նետած քարերը պետք է հավաքել, առայժմ հայտնի չէ: Չէ, ավելի ճիշտ, ով ում կողմը ուզում` քարեր շպրտում է, շպրտում է ոնց պատահի, առանց մտահոգվելու, որ այդ քարերը պտույտ գործելով դիպչում են ժողովրդի ամենացավոտ տեղին: Ավելին` ժողովրդի աչքին թոզ են փչում, թե քար ենք հավաքում` միաժամանակ ձեռքից վայր չգցելով պարսատիկը: Եվ մոռանում են, որ եթե կա մեկը, ում իրավունք է վերապահված առաջինը քար նետել, դա ժողովուրդն է: Մեծահոգաբար նա առայժմ այդ չի անում, բայց վստահ եղեք, պոպուլիստ ճամարտակող ներ, նաև ձեր բառատարափների խայծը կուլ չի տա, զի` հենց ձեզանից խաբված լինելու մարդկանց տառապանքը մե՜ծ փորձ ունի: