Շփոթել էին Ռուսաստանն ու Հունաստանը


Իսկապե՞ս շփոթմունք է եղել, թե՞ գույները խտացնելու լրագրողական աճպարարություն, բայց ամերիկյան «Ֆոքս Նյուս» հեռուստաալիքը հունական տեսապատկերներ ցուցադրելով` Ռուսաստանի մասին է պատմել: Հետընտրական Մոսկվայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին խոսելով` ներկայացվել են Հունաստանում կատարված դեպքերը: Աթենքում անարխիստները ոստիկանների վրա քարեր ու շշեր նետելու տեսակադրերը հեռարձակելով, հնչեցվել է հետևյալ տեքստը. - Սա Մոսկվան է, այն մարդկանց ակցիան, ովքեր համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Տեսանյութը նաև տեղադրվել է հեռուստաընկերության կայքում: Շատ չանցած` կայքից այն հանվել է, բայց արդյո՞ք հեռուստադիտողները տեղեկացվել են թյուրիմացության մասին: