ԽԱՐԻՍԽ ԵՆ ՁԳԵԼ


Հարկային տեսուչներն արդեն տևական ժամանակ հսկողություն են իրականացնում գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում: Քաղաքական շրջանակները «Լֆիկ Սամոյի» հանդեպ հետաքրքրության դրսևորումը պայմանավորում են Դուբայում վերջինիս անցկացրած խրախճանքների և Հայաստանից Էմիրություն ներ մեկնած հին ու նոր պաշտոնյաների կազմակերպած դեռևս անհայտ քննարկումների հետ: Սակայն հավաստիացվում է, որ վերահսկողության ուժեղացումը բոլորովին այլ շարժառիթ ունի: Ս. Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, հիմնականում սննդամթերքի ներկրմամբ ու վաճառքով է զբաղվում, իսկ տարվա այս ամսին վաճառքի ծավալները բազմապատկվում են: Իր հերթին «Ալեքս Գրիգի» կազմի մեջ մտնող ընկերությունների վճարած հարկերը վերջերս սկսել են անկում արձանագրել: Հավաստիացվում է, որ տարին հնարավորինս բարձր ցուցանիշով ամփոփելու պարտավորությունն է հարկայինին մղել` «խարիսխ ձգել» «Ալեքս Գրիգում»` գոնե մասամբ կանխելու նախատոնական առևտրի ստվերային շրջանառությունը: