Մարքեթինգի «գուրուն» Բաքվում. Ադրբեջանը նույնիսկ այստեղ էլ նմանակում է hայերին


ՀԱՇՎԻ առնելով Ադրբեջանի` Հայաստանին նմանակելու քաղաքականությունը, մեզ ուղղակի միայն մնում է սպասել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ յան անկախության ճանաչմանը: Մարդ ես, մեկ էլ տեսար, այստեղ ևս ադրբեջանցիները փորձեն նմանակել Հայաստանին և ճանաչեն ԼՂՀ անկախությունը, հրավիրեն օրինակ CNN-ի նկարահանողական խմբին, մի սիրուն ռեպորտաժ նկարեն դրա վերաբերյալ... Բնական է, որ դեպքերի նման զարգացումը, մեղմ ասած, գրեթե անիրական է, սակայն, ինչպես ասում են ռուսները` «ճպՎ փպՐՑ վպ ՔցՑՌՑ!». Շատերդ ձեր կյանքի ընթացքում երևի հանդիպած կլինեք այնպիսի դեպքերի, երբ անճաշակ և անտաղանդ մեկը փորձում է նմանակել իր «կողքի հարևանին» և կրկնել նրա քայլերը. գնում է նույն մակնիշի ավտոմեքենան, բնակարանը վերանորոգում է նույն ոճով, կրում է նույն բրենդների հագուստները` մյուս հարևանների աչքերում դառնալով ծիծաղի առարկա: Այսպիսի իրավիճակում է հայտնվել այսօր մեր արևելյան դրկից Ադրբեջանը, որը փորձում է իր բոլոր գործողություններով նմանվել հայերին: Հայտնի է` նոյեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհում մարքեթինգի հիմնադիր համարվող պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը` ներկայաց նելու հատուկ մեր տարածաշրջանի համար մշակված «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը: Չանցավ նույնիսկ մեկ ամիս, և ադրբեջանական զլմ-ները հաղորդագրություն տարածեցին, որ ադրբեջանցիների հրավերով Բաքու է ժամանում…. ռազմավարական մարքեթինգի «գուրու» Ջեք Թրաութը, որը Բաքվի բիզնես էլիտայի առջև հանդես կգա «Դիրքավորում աշխարհում» (Positioning around the World) մասթեր կլասով: Ադրբեջանցիներին «անտարբեր չէր թողել» նաև ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեի` Հայաստան այցելելու և որոշ հայկական բրենդներ գովազդելու մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնի դառնալուց հետո մի քանի շաբաթ անց էլ ադրբեջանական զլմ-ները հաղորդագրություն տարածեցին, թե Ժերար Դեպարդյեն կնկարահանվի «ադրբեջանական խոհանոցի» գովազդում, որը ցուցադրվելու է միջազգային մեծ հեղինակություն ունեցող հեռուստատեսություններով: Ադրբեջանը չկարողացավ իրեն զսպել նաև Հայաստանում շախմատ մարզաձևի զարգացումը պետական մակարդակով հովանավորելու և որպես պարտադիր առարկա դասավանդելու հարցում: Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբերից շախմատը որպես պարտադիր առարկա ներառվեց դպրոցական ծրագրում և այսօր արդեն դասավանդվում է հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան հետևեց ադրբեջանցիների «պատասխանը». ս.թ. հոկտեմբերի վերջին նրանց կրթության և գիտության նախարարությունը հաղորդեց, թե նիստ է հրավիրել` նվիրված շախմատը երկրի հանրակրթական ուսումնական հաստատություններում որպես առանձին առարկա դասավանդելու վերաբերյալ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ մոտակա տարիներին Ադրբեջանի դպրոցներում շախմատը ևս պարտադիր առարկա կդառնա: Նշենք նաև, որ օգտվելով հարմար առիթից` ադրբեջանցիները շախմատը «կնքեցին ազգային սպորտ» և այդ մասին էլ «ի լուր աշխարհի» հայտնեցին ոչ ավել, ոչ պակաս ամերիկյան հանրահայտ CNN հեռուստատեսությամբ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ