2013-ը ջրային սև Օձի տարի է


 

Առաջին հայացքից առեղծվածային ու վանող միասնություն` օձ և սև: Սակայն չշտապենք հոռետեսական հետևություններ անել: Պարզվում է` սև գույնը խորհրդանշում է տիեզերքը, գիշերային երկինքը կամ ջրային խորությունների երանգն է:

Արդեն սարերի ետևում չէ Ամանորը: Նոր տարի, նոր սպասումներ, Օձի տարում կյանքը փոխելու, նորանոր բարձունքների հասնելու և «հին մաշկից» հնարավորինս շուտ ազատվելու լավագույն առիթ:

2013-ի հովանավոր ջրային սև Օձի չինական անվանումը Շի է: Նաև ...1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 թթ. հովանավորը չինական աստղագուշակի կենդանակերպի նշաններից 6-րդն է: Օձի տարին իր լիակատար իրավունքների մեջ կմտնի միայն 2013-ի փետրվարի 10-ից և կձգվի մինչև 2014-ի հունվարի 31-ը: Տարվա տիեզերական տարրը ջուրն է, ինչին հատուկ են շարժունությունը, փոփոխականությունը:

Գույնը` սևը: Խորհրդանշող գույներ են նաև կապույտի և կանաչի երանգները: Ջրային սև Օձը մեծ ու էական փոփոխություններ կբերի: Ահա թե ինչու չափազանց կարևոր է նախապես ծրագրել բոլոր անելիքները: Անհրաժեշտ է հեռատես ու զգուշավոր լինել: Նպատակասլաց, վճռական մարդկանց Օձն, անշուշտ, կաջակցի ինքնավստահություն ձեռք բերել և հաղթահարել նրանց ճանապարհին ծառացած բոլոր բարդ խնդիրները: Այս տարի առավել քան երբևէ` սկսած գործը մինչև վերջ հասցնելու կարողությունը կդառնա բարձունքներ նվաճելու պատրաստ անհատների բնավորության կարևորագույն գիծը: Տարին չափազանց կարևոր որոշումներ ընդունելու ամենաբարենպաստ ժամանակահատվածն է:

Օձի տարում են ծնվել այնպիսի մեծություններ, այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Ա. Ռադիշչևը, Ն. Նեկրասովը, Յ. Գյոթեն, Ֆ. Դոստոևսկին, Վ. Մայակովսկին, Հ. Հայնեն, Դ. Դիդրոն, Ա. Լինկոլնը, Կ. Ցետկինը, Մաո Ցզեդունը:

Ինչպե՞ս դիմավորել Ամանորը

Նախևառաջ պետք է հիշել, որ օձի համար անցանկալի, անտանելի են աղմուկը և չափից ավելի շարժումները: Դրանից զատ, բաց տարածություններն ու շեշտակի փոփոխությունները ևս խորթ են տարվա հովանավորին: Այդ իսկ պատճառով ավելի ցանկալի է Ամանորը դիմավորել հարազատների նեղ շրջանակում` տանը:

Ամենալուսավոր ու բոլոր ժամանակներում ամենասպասված այս տոնը դիմավորելու առաջին նախապայմանն անշուշտ մնում է նույնը` լիովին լիցքաթափվել, թոթափել, հեռու վանել մռայլ մտքերը և պարզապես վայելել տոնը:

Ցանկալի է կրել այնպիսի հագուստ, որի վրա կգերակշռեն սևը, արծաթագույնը և մուգ կապույտը: Կարելի է նաև կանաչի երանգներին նախապատվություն տալ: Կանայք ավելի հմայիչ կլինեն օձի կաշի հիշեցնող երիզներով, կամ պարզապես փայլփլուն, մարմինն ընդգրկող հագուստով: Իսկ զարդերից նախընտրելի են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը. հատկապես ադամանդը:

Սեղանի կենտրոնում ցանկալի է սոճենու ճյուղ դնել, ինչն Արևմուտքում համարվում է երկարակեցության նշան: Եվ իհարկե` տոնածառի վրա իր պատվավոր տեղը պետք է զբաղեցնի տարվա խորհրդանիշ օձը: Ամանորյա սեղանն ինչպես միշտ, այս տարի ևս կլինի տանտիրուհիների հիմնական «հոգսը»: Քանի որ բնության մեջ բուսակեր Օձեր գոյություն չունեն, խորհուրդ է տրվում առավելությունը տալ մսային ճաշատեսակներին: Անշուշտ, իրենց տեղը կունենան նաև զանազան աղանդերները: Ամենակարևոր ուտեստը կլինի տարվա հովանավորյալի «սիրելի» ճագարը` տապակած վիճակում: Ջրային օձերն «անտարբեր» չեն նաև զանազան ձկնեղենի նկատմամբ, ուստի ցանկալի է, որ սեղանն առատ լինի նաև ձկնեղենով: Եվս մի կարևոր խորհուրդ. անկախ նրանից, թե ինչ են մեզ հուշում արևելյան աստղագուշակն ու չին իմաստունները, եկեք չմոռանանք, հայեցի դիմավորել Ամանորը ու նաև հայոց ավանդական ուտեստներից գոնե մեկը ընդգրկելով ամանորյա սեղանին: Եվ իհարկե չմոռանաք հեռացող տարվա վերջին վայրկյաններին երազանք պահել` հավատալով որ այն անպայման ի կատար կածվի:

Ի՞նչ նվիրել

Հենց տարեմուտին հոգացեք, որ ձեր բոլոր հարազատները թալիսման ունենան, որը նրանց կպահպանի ամբողջ տարվա ընթացքում: Դա կարող է լինել օձի տեսքով ամենասովորական հուշանվեր- արձանիկ: Այս փոքրիկ, բայց հաճելի նվերը Ամանորին նաև կդառնա տան հարդարանքի գեղեցիկ դետալ:

Ի՞նչ է խոստանում Օձը

Տարվա խորհրդանիշ ջրային Օձը կբերի իմաստուն վճիռներ և արդար, ազնիվ արարքներ: Խորհրդանշում է խելամտություն, իմաստնություն:

Սարսափելի այս սողունը վախ է ներշնչում բոլորին: Այն շատ արագ է շարժվում: Կայծակնային արագությամբ հարձակվում զոհի վրա և սպանում իր թույնով: Բայց հիշեք. դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրան վնասում են: Հետևությունները թողնում ենք ընթերցողին` հիշեցնելով միայն, որ շատ դեպքերում օձի թույնը նաև օգտակար է:

Օձը հաճախակի է դառնում տպավորությունների և զգացողությունների գերի, արագ որոշումներ է ընդունում, հաշվի չառնելով որևէ մեկի խորհուրդը:

Այդուհանդերձ, տարին հաջողակ կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են հետազոտական, գիտական գործունեությամբ: Ի տարբերություն նախորդների` գալիք տարին խիստ «ժլատ» է` հոգեկան վերելքների առումով, այս տարի բոլոր իրավիճակներում գերիշխում է սառը հաշվարկը: Օձը նաև ամբարելու, կուտակելու խորհրդանիշ է, այդ իսկ պատճառով տարին կլինի կապիտալը տնտեսելու և ավելացնելու լավագույն ժամանակահատվածը:

Առանձնահատուկ զգացմունքայնություն, բուռն հույզեր կամ ռոմանտիկա այս տարի մի սպասեք: Քանզի օձը նաև լրջմտության, զգացմունքները թաքցնելու «վարպետ» է: Օձի` չափից ավելի լրջությունն ապացույցն է այն բանի, որ սիրային կապերը անցողիկ չեն լինի: Հազիվ թե 2013-ը հաջողակ լինի այն մարդկանց համար, ովքեր սերը դիտում են որպես զվարճանք: Սիրային կապերը կբնորոշվեն լուրջ նպատակներով ու հեռանկարերով: Հուսալի, ամուր ընտանիք կառուցելու համար Օձի տարին լավագույն շրջանն է:

Օձը զգուշացնում է` պետք չէ անիմաստ խանդի առիթներ ստեղծել:

Տարվա հովանավորն իր էությամբ նաև վտանգավոր է: Հարձակվում է ակնթարթորեն, և դժբախտությունը վրա է հասնում ավելի վաղ, քան կհասցնեք մտածել դրա մասին, ուստի ընտանեկան հարաբերություններում ևս փորձեք յուրաքանչյուր քայլ հնարավորինս վերլուծել, գնահատել, կշռադատել:

2013-ը հիանալի ժամանակահատված է նաև սեփական առողջության մասին հոգալու համար: Այս տարվա ընթացքում հրաժեշտ կտաք նախկինում անհանգստացնող խնդիրներին:

Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր անհրաժեշտության դեպքում համարձակություն կունենան փոխել իրենց գործունեության ուղղությունը: Հարկավոր է արագ և ինքնուրույն որոշումներ կայացնել, զարգացնել փոփոխվող պայմաններում ու իրավիճակներում աշխատանքը ճիշտ կազմակերպելու կարողությունը: Դա կօգնի սեփական ազդեցութ յունը տարածել շրջապատի վրա` չդառնալով խամաճիկ մեկ այլ ձեռքերում: Սպասվում է մրցակցություն, և ոչ միայն գործնական ոլորտում, նաև սիրային հարաբերություններում և կենցաղում: Սեփական կարգավիճակը պահպանելու համար անհրաժեշտ է զգուշավորություն դրսևորել` անգամ ընկերների և մտերիմների հետ հարաբերություններում: Տարին հաջողակ կլինի հատկապես ստեղծագործող անհատների` երաժիշտների, գրողների և նույնիսկ նրանց համար, ովքեր դեռ առաջին քայլերն են անում այս ոլորտում: Հենց Օձի տարում նրանք ճանաչելի դառնալու հնարավորություն կունենան:

Աշխարհաքաղաքական առումով տարին անհանգիստ և բախումնային կլինի: 2013- ի սկզբին արդեն հնարավոր են իշխանափոխություն, էական նշանակություն ունեցող փոփոխություններ և քաղաքական կրքերի բռնկում: Միայն տարվա երկրորդ կեսը խոստանում է առավել հավասարակշռված և հանգիստ մթնոլորտ: Ի դեպ` ներքաղաքական բախումների բռնկման մակարդակն ավելի բարձր կլինի, քան միջպետական: Շատ երկրներում Կառավարությունը կկարողանա քաղաքացիների կյանքի բարելավմանը միտված քայլեր ձեռնարկել:

2013-ին բնությունը ևս իր ծանրակշիռ խոսքը կասի` երկրաշարժներով և հրդեհներով, որոնք առավել ակտիվ կլինեն հիմնականում տարեսկզբին և միջին շրջանում: Դրանց կործանարար ուժը կարղ է անգամ ողբերգական հետևանքների հանգեցնել: Ջրհեղեղները ևս տարվա սկզբում կարող են զգալի վնասներ հասցնել, բայց ոչ այդքան գլոբալ: Կլիմայի շեշտակի փոփոխության արդյունքում սպասվում է անոմալ սառնամանիք, որն իր խստությամբ կգերազանցի բոլոր ռեկորդները:

Արժե՞ ամուսնանալ 2013-ին

Թե՞ անհրաժեշտ է հետաձգել մինչև հաջորդ տարի: Ի դեպ` շատերը զգուշանում են Օձի տարում ամուսնական դաշն կնքել, քանի որ այն ընդունված է եղել անվանել նաև «այրի կնոջ տարի»: Արդյո՞ք այս տարի անհաջող ամուսնություններ են սպասվում, թե գործ ունենք ամենասովորական սնոտիապաշտության հետ: Այս հարցի շուրջ բազմաթիվ կարծիքներ են հնչում, սակայն անհրաժեշտ է հետադարձ հայացք ձգել պատմությանը և պարզել` ինչո՞ւ «այրի կնոջ տարի»: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ մշտապես նահանջ տարիներին հաջորդող տարվա ընթացքում ավելի մեծ թիվ են կազմել ճակատամարտերը, որոնց ընթացքում մեծ թվով տղամարդիկ էին զոհվում, իսկ կանայք մնում էին որբևայրի: Ընդամենը այսքանը:

Այնպես որ` կարելի է առանց ավելորդ անհանգստության և սնահավատության ընտանիք կազմել: 2013-ը համապատասխան ժամանակահատված է երջանիկ ամուսնություն ների համար: Ավելին` քանի որ Օձը իմաստնության և խելքի խորհրդանիշ է, կհովանավորի այն զույգերին, ովքեր հստակ գիտակցում են, որ ամուսնությունը խաղ ու պար չէ: Անհրաժետ է ամեն ինչ հնարավորինս մանրակրկիտ ծրագրել: Օձի տարվա ընթացքում ձևավորված միություններն ավելի ներդաշնակ են, կայուն, բուռն կրքերի համար առիթներ չեն լինի: Փոխարենը նոր ամուսնացող զույգերը ֆինանսապես ապահովված կլինեն ու բարեկեցիկ պայմաններում կապրեն: Օձի համար չափազանց կարևոր է իր բույնը: Այնպես որ սիրահար զույգերին Օձը պարզապես ստիպելու է ստեղծել սեփական օջախը և զավակներ ունենալ: Եթե վճռել եք ամուսնանալ, անհրաժեշտ է մտածել նաև բուն հարսանեկան արարողության մասին: Օձը շքեղության սիրահար է: Պետք է ուշադրություն դարձնել հատկապես սանրվածքին: Հարսանեկան սեղանը ևս պետք է ճոխ լինի, իսկ կենացներն` իմաստուն: Միանշանակորեն` այս տարի կձևավորվեն ամուր և երջանիկ ընտանիքներ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ