Դու մենակ չես, հայ զինվոր. մենք քեզ հետ ենք` մեր աղոթքներով...


 

Գալիք տոների կապակցությամբ մեր զրուցակիցները մեծագույն սիրով ու ջերմությամբ իրենց մաղթանքները հղեցին հայրենիքի պաշտպաններին: Միանալով նրանց սրտաբուխ ու անկեղծ խոսքերին` մեր բարեմաղթանքներն ենք հղում ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին, սպայակազմին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին: Շնորհավորում ենք հատկապես Ամանորի գիշերը մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին: Թող Աստծո աջը հովանի լինի ձեզ: Իսկ Զինված ուժերի համար 2013-ը թող նշանավորվի նոր վերելքներով ու ձեռքբերումներով:

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ, լրագրող, 20 տ.

- Որպես նախկին զինծառայող` շնորհավորում եմ ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ի ողջ սպայական ու ժամկետային անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մեր բանակին մաղթում եմ տոկունություն, կատարելագործում, մարտունակություն: Սպայական ու ժամկետային զինծառայողներին ցանկանում եմ հարգանք ու պատիվ միմյանց նկատմամբ, նվիրում ազգին ու պետությանը: Միայն միմյանց թիկունքը պահելու և փոխըմբռնման շնորհիվ մենք կկարողանանք թշնամուն հեռու պահել մեր Մայր հայրենիքից: Առաջ, Հայաստան, առաջ Հայկական հաղթանակած բանակ:

Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մանկավարժ, 35 տ.

- Հայոց բանակի` մեր սիրելի, քաջարի զինվորներ, շնորհավոր ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2013-ը լինի անփորձանք ծառայության ու զինվորական նվաճումների տարի: Իսկ ձեր կարոտած օջախներում սպասման հույսով, սրտի թրթիռով ու մեծ հպարտությամբ բաժակ բարձրացնեն ձեր` հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու հայրենանվեր գործի համար, ձեր բարի ծառայության, բարի վերադարձի համար: Մենք միշտ ձեզ հետ ենք` հոգով ու մտքով, քանզի մեր խաղաղ ու ապահով կյանքի համար ձեզ ենք պարտական:

Մարիետա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, դպրոցական, 15 տ.

- Սրտանց շնորհավորում եմ մեր հայ զինվորների, մեր հերոսների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջ առողջություն, որպեսզի կարողանաք պատվով իրականացնել ձեր առաքելությունը: Ձեզնից է կախված մեր ներկան ու ապագան: Հայոց բանակում ունեմ թանկագին ու հարազատ եղբայրներ, ովքեր իրենց ծառայութ յամբ ամեն ինչ անում են, որ խաղաղ քնենք և արթնանանք: Իմ եղբայրներ Արտակի ու Հայկի գլխավորությամբ` մեր բոլոր զինվորներին մաղթում եմ խաղաղ և անփորձանք ծառայություն: Եղեք առողջ ու երջանիկ, մեր ազգի պարծանքներ:

Սիրանուշ Մելիքյան, քաղաքագետ, 20 տ.

- Շնորհավոր Ամանորդ, հայ զինվոր: Թող բազուկդ միշտ հաղթական զարկի, ճակատդ միշտ բարձր, գլուխդ միշտ վեր` Հայոց սեգ սարերի պես: Թող հայեցի միտք ու ոգի բխի քո կերպարից: Սիրում ու հավատում եմ քեզ: Հպարտ եմ քո պանծալի ու լուսավոր ներկայով, իմ հայ զինվոր:

Մարիամ ԱՅԴԻՆՅԱՆ, լրագրող, 19 տ.

- Մեր թանկագին զինվորներին մաղթում եմ առողջություն, անփորձանք և հակառակորդին խաղաղություն պարտադրող մասնագիտական պատրաստվածություն, անձնական և ընտանեկան երջանկություն, կամք և կորով դժվարությունների հաղթահարման գործում, նաև ուրախ ու հաճելի ծառայություն: Հպարտ ենք ձեզնով:

Վարդուհի ՄԻՐԶՈՅԱՆ, հոգեբան, 25 տ.

- Շնորհավորում եմ ձեզ, Հայոց բանակի հարգելի սպաներ, ենթասպաներ, ավագներ և զինվորներ: Ձեր ծանրաբեռնվածության շնորհիվ այսօր մենք ունենք կազմակերպված և կայուն Զինված ուժեր, որը հստակ և բարեխղճորեն է իրականացնում իր առջև դրված մարտական բոլոր առաջադրանքները: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ: Զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն և գեղեցիկ հուշերով վերադարձ հայրական օջախներ:

Թամարա ՇԱՌՅԱՆ, ապագա թարգմանչուհի, 18 տ.

- Շնորհավորում եմ ձեզ, մեր սիրելի զինվորներ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Մաղթում անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Հավատում ենք, եղբայրներ, ձեր հաղթ բազկի ուժին և մեր մեծ Աստծուն, որ խաղաղություն կտիրի մեր երկրում: Խաղաղություն, որ երաշխիքն է մեր մեծ ապագայի ու երջանկության: Թող մեր աղոթքները ձեզ պաշտպան լինեն, և հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարած` տուն վերադառնաք:

Նանե Հարությունյան, իրավաբան, 22 տ.

- Ես ցանկանում եմ հայ զինվորին, հայ երիտասարդին խորը հայրենասիրություն, որպեսզի զինվորական ծառայությանը վերաբերվեն ոչ թե որպես սոսկ պարտականություն, այլ որպես պատիվ, ոչ թե պարտադրված ծառայեն, այլ հոգով: Այդ դեպքում ծառայությունն ավելի թեթև կլինի, դժվարություններն ավելի հեշտ կհաղթահարվեն: Ցանկանում եմ մաղթանքներս հղել հատկապես սահմանապահ զինվորներին: Սիրելի զինվոր, երբ զենքը ձեռքիդ կանգնած ես խրամատում, միշտ հիշիր ու գիտակցիր` դու մենակ չես, քո թիկունքը դատարկ չէ: Թանկագին զինվոր, ես գիտեմ` մարտական հենակետում կանգնելով` դու քո կյանքն ես վտանգում` հանուն մեր հայրենիքի, ուստի ցանկանում եմ, որ այն մարդկային վախն ու անհանգստությունը, որ ապրում ես` կանգնած հակառակորդին դեմ հանդիման, երբեք չզգան քո զավակները: Թող մեր հաղթանակած բանակի շնորհիվ է´լ ավելի ամուր ու հուսալիորեն պաշտպանված լինեն մեր սահմանները: Ձեզ ամուր կամք, համառություն, որպեսզի հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ հաղթահարեք բոլոր դժվարությունները և գերազանց կատարեք ձեր առաքելությունը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ