Ֆլորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.

«ԻՄ ԵՐԳՈՎ ՊԻՏԻ ԱՇԽԱՐՀԸ ԾՆԿԻ ԲԵՐԵՄ»


 

Հարցազրույց, որը պետք է տպագրվեր տոնական համարում, բայց ո՞վ կմտածեր, որ ինքը չի հասցնի կարդալ այն

Մեկ ամսից ավել է` արդեն չկա Ֆլորա Մարտիրոսյանը: Այս հարցազրույցը պատրաստել էինք նրա Երևանում գտնվելու ընթացքում, սակայն երգչուհու հետ պայմանավորվել էինք, որ պետք է տեղ գտներ մեր թերթի տարեմուտի համարում: Մենք մեր խոստումը կատարում ենք` սակայն այլևս առանց նրա: Վերջին անգամ հեռախոսազրույց ունեցանք հիվանդանոց գնալուց երկու օր առաջ: Խոստացավ, որ տպագրվելուց հետո հարցազրույցը կառաջարկի «Համայնապատկեր» հանդեսին… Գուցե երգչուհու այս ցանկությունն էլ կատարվի, եթե մեր լավ բարեկամ Սարո Գյոդակյանը կամենա վերատպել այն…

- Սիրելի Ֆլորա, քեզ հետ հաճախ ենք զրուցել, և կարծես այլևս շատ քիչ հարցեր կան, որոնց պատասխանները չենք ստացել: Անհնար է չխոսել այն մեծ նախաձեռնության մասին, որով դու հանդես ես գալիս: Խոսքը վերաբերում է Ցեղասպանութան 100-ամյակին նվիրված քո նախաձեռնությանը:

- «Արթիսթս Ֆոր Փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկն եմ ես: Մեր հիմնադրամը նախաձեռնել է «Այլևս երբեք» համերգաշարը, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում: Այս համերգների շարքը շարունակվելու է մինչև 2015 թվականը: Առաջիկայում համերգներ են նախատեսվում Ռուսաստանում, Եվրոպայում, ինչպես նաև արևելյան երկրներում, իսկ 2015-ին` Հայաստանում: Համերգների նպատակն է` մեկ անգամ ևս Ցեղասպանության վրա ուշադրություն սևեռել ու համայն աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել: Իմ այս նախաձեռնությանը միացել են հոլիվուդյան գերաստղեր, Սթիվ Ուանդերը, Շերոն Սթոունի եղբայրը` բանաստեղծ Մայքլ Սթոունը, ուրիշներ: Ասեմ, որ երբ նա մասնակցեց մեր առաջին հավաքին, ուրախությամբ ասաց. «Արվեստի դերը մեծ է նման դեպքում: Հատկապես երգի և երաժշտության միջոցով կարող ենք բարձրաձայնել շատ բանի մասին, ասել այն, ինչը այլ պայմաններում անհնար է արտահայտել, սրտիդ ու հոգուդ խոսքը իրավամբ ուղղել մարդկությանը»:

- Առիթը ողբերգության ճանաչումն ու դատապարտումն է, սակայն լավ է, որ այս մտահղացումը չի պարփակվել հայկական շրջանակներում, դարձել է բոլորինը: Ինչո՞վ էր պայմանավորված Սթիվ Ուանդերի մասնակցությունը:

- Սթիվը իմ ու շատ հայերի լավագույն բարեկամն է: Առհասարակ, մեր շատ հայրենակիցներ, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, մի քիչ հեռու են ամերիկյան կյանքից, արվեստի նշանավոր գործիչներից: Շատերին թվում է, թե նրանք խիստ անհասանելի են: Սակայն շատերս բարեկամություն ենք հաստատել, ընկերություն ենք անում: Շերոն Սթոունը, Սթիվ Ուանդերը, Ալ Պաչինոն, մյուսները հայկական շրջանակների հետ հաճախ են շփվում: Երբ Սթիվին ծանոթացրեցի մտահղացման հետ, ասաց. «Աստծո կողմից ինձ շնորհված ամեն օր արթնանալիս աղոթում եմ, որ նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն: Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության և արդարության համար»: Ես ցնցված էի նրա այս խոսքից: Գիտեի, որ Սթիվը միշտ հանդես է եկել Ցեղասպանության դատապարտմամբ, բայց չէի կարծում, թե նա այդքան հուզականորեն կարձագանքի…

- Կարո՞ղ եմ քեզ էլ յուրատեսակ Ժաննա դ&undefined;Արկ անվանել...

- Գիտեմ, որ կատակում ես, բայց չես կարող, որովհետև Ժաննան իր ուժով էր գնում մարտադաշտ, նրա կռիվն ուրիշ ուժերի դեմ էր: Ես երգչուհի եմ, իմ զենքը երգն է, իսկ հակառակորդս էլ պատմական կեղծարարությունն է: Դրա համար էլ երգով պիտի կռվեմ:

- Բայց մի՞թե երգն ի զորու է արթնացնել քնած ուղեղները, ստիպել ուղղել պատմական սխալները, պարտադրել ներողություն խնդրել միլիոնավոր զոհերի համար:

- Երգն ամեն ինչ էլ կարող է: Շատերը երգի զորությունը դեռ չգիտեն: Ղարսեցի մի հարևանուհի ունեինք, Եղիսաբեթ մամը: Անցել էր կոտորածների միջով, փախեփախին Ղարսից Գյումրի էր հասել: Պատմում էր, որ երբ թուրքերը վրա են տվել իրենց գյուղին, ինքը 13-14 տարեկան աղջիկ է եղել, բարձրացել է տան կտուրն ու սկսել է երգել: Այդպես է արել, որպեսզի թուրքերի ուշադրությունը շեղեր, տնեցիները կարողանային դուրս գալ բակի հակառակ կողմից: Աղջիկը երգել է, իսկ թուրք զինվորները զմայլված լսել են նրան: Դարդիման երգ է երգել, սիրտ ու թոք կտրատող երգ: Տնեցիները դուրս են եկել ու մի կածանով իջել ձորը: Երբ զգացել է, որ վտանգն անցել է` ինքն էլ մի կերպ փախել ու միացել է տնեցիներին: Հետո շշմած թուրքերն ուշքի են եկել, մտել բակ… Հեռվից Եղիսաբեթ մամը տեսել է իրենց այրվող տունը… Եթե Եղիսաբեթ-աղջնակին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել թուրքերին, ապա ինձ էլ կհաջողվի մեր երգերի միջոցով մեր պատմությունը ներկայացնել, մեր ցավերը ներկայացնել…

- «Դլե յամանը» սիրո երգ է` կարոտի ու սիրուց ծնունդ առած տառապանքի մասին: Բայց քո կատարմամբ էլ այդ երգը եղերական մեծ հնչողություն է ստացել: Ու շատերին թվում է, թե այդ երգը Եղեռնի մասին է...

- Ճիշտ ես, սիրո մասին է երգը: Բայց երգի հերոսները վանեցիներ են, արևն ելել է Սիփան սարին, սիրածը կարոտ է մնացել յարին… Բայց հիշենք, որ Վանում է ծնվել այս երգը, Վանը հիմա թուրքերինն է: Ուրեմն, կարոտի մեջ մեր մեծ կորստի ցավն էլ կա: Դրա համար էլ բոլորն այս երգը երգում ու մեկնաբանում են իբրև ողբերգական երգ, իբրև կորստի մասին պատմող երգ: Ախր, մեր որ երգը ուզում եմ երգել` մեջը ցավ ու վիշտ կա: Այնքան քիչ են հարսանեկան, ուրախ երգերը: Կարծես իմ ձայնն ու տոնայնությունն էլ արդեն վարժվել են տխուր երգերին ու դուդուկին: Նվագախմբի հետ քիչ եմ հանդես գալիս, հիմնականում ինձ դուդուկներն են ուղեկցում, որովհետև դուդուկն էլ առաջին հերթին ցավ ու վիշտ արտահայտող գործիք է դարձել: Մենք ենք դարձրել, որովհետև ուրախանալու և խնդալու առիթ շատ քիչ ենք ունեցել:

- Հույս ունեմ, որ 2015 թվականից հետո ուրախ երգեր ես երգելու:

- Իհարկե, կերգեմ: Միայն այն բանից հետո, երբ Ցեղասպանության ճանաչումը կդառնա համընդհանուր: Ես մեկ-մեկ զարմանում եմ, թե մեզ նման տաղանդավոր ու շինբարար ազգին ինչու՞ են կոտորել, ինչու՞ են իրենց ձեռքերով իրենց աչքերը հանել, քանի որ Թուրքիան հայերն են շենացրել: Ստամբուլում որ կողմը նայում ես` հայ ճարտարապետների ձեռքի գործն է: Շինարարին, հաց ստեղծող շինականին չեն կոտորում, այլ գլխի վրա են պահում: Եթե այդքանը հասկանային, հիմա աշխարհի քաղաքակիրթ ազգերի ցանկում կլինեին… Ամերիկացիները տեսնելով աշխատավոր հայերին` ուղղակի զարմանում են, հիանում են: Նրանք սիրում են հայերին, որովհետև մենք մասնակցում ենք այդ երկրի շենացմանը…

- Վստահ եմ, որ արտագաղթը չես քաջալերում, չես գովազդում:

- Բա ես արտագաղթ գովազդողի նմա՞ն եմ: Իմ մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Ամերիկայում: Գնում եմ, որովհետև դպրոցներ եմ ստեղծել, որովհետև ուզում եմ ամերիկացի ներին էլ մասնակից դարձնել մեր ծրագրերին: Հայկական երաժշտություն եմ սովորեցնում, հայկական երգեր եմ երգում, որպեսզի օտարության մեջ ապրող հայը միշտ հիշի, որ հայրենիք ունի ու մի օր պիտի հետ դառնա: Արտագաղթից վատ բան չկա աշխարհում:

- Շուտով Նոր տարի է, ի մի ենք բերելու մեր անցածը, մեր կուտակածը: Ի՞նչ բարեմաղթանքներ ունես Հայաստանին, աշխարհի հայությանը:

- Մի բարեմաղթանքն արդեն հնչեցրեցի` պատգամի նման. արտագաղթը վատ բան է, դա հայրենիքի տունը քանդող աղետներից մեկն է: Այդ պատճառով էլ մաղթում եմ, որ Նոր տարում արտագաղթողների թիվը կրճատվի, շատ լինի հայրենիք եկողների թիվը: Մյուս բարեմաղթանքս էլ այն է, որ միշտ մոտ լինենք մեր արմատներին ու մեր երգին: Նոր տարում ավելի շատ մեր երգերը երգենք, ավելի շատ երգեր գրենք: Իսկ աշխարհին թող խաղաղություն լինի, որպեսզի իմ նախաձեռնության նման ակցիաներ չլինեն… Մի խոսքով, թող բարի և խաղաղ Ամանոր լինի…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ