Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


 

Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ

ԱՄԵՆԱԼԱՎԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծության հիման վրա տարիներ առաջ երգ եմ գրել: Ամենալավը բանաստեղծուհին ուզում էր տալ իր սիրած էակին: Ինձ համար այսօր ամենասիրածը մեր ժողովուրդն է, հայաստանցիներն են, ովքեր երբեք չեն կորցնում հոգու կորովը: Ուզում եմ, որ աշխարհում ամենալավը բաժին հասնի մեր ժողովրդին, որը նվաճել է լավ ապրելու իրավունքը:

Միշտ լավատես ու խաղաղասեր լինելով, միշտ ձգտելով մարդասիրական գաղափարների հաստատմանը, ցավոք, մենք հաճախ չարության և անարդարության ենք հանդիպել: Անցնող տարում էլ անարդարության փաստեր տեսանք, տեսանք, թե ինչպես բոլորիս աչքի առջև հանցագործն արդարացվեց: Բայց դարձյալ չվհատվեցինք, որովհետև ի սկզբանե մենք ձևավորվել ենք որպես պայքարող և մաքառող, արդարություն հաստատող: Ես ուզում եմ, որ գալիք տարում ևս չկորցնենք պայքարելու մեր կարողությունը և միշտ առաջ գնանք: Առանց պայքարի չկա առաջընթաց: Իսկ

մեզ առաջընթացներ են պետք: Գիտեմ ու համոզված եմ, որ Նոր տարում առաջընթացը մեզ հետ ու մեր կողքին է լինելու: Այդ համոզմունքով եմ փակում հաշիվներս հին տարվա հետ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի հայրենակիցներ: