Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ


 

Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՀՀ և Լատվիայի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ

Ճիշտ է ասել բանաստեղծը, որ Նոր տարվա հետ պետք է նորանալ, ամեն ինչ թողնել հին տարվա մեջ ու վստահ գալ դեպի նորը: Ամեն մի նոր մեծ հույսեր է ծնում, մեծ հույսեր արթնացնում: Ի վերջո, ամեն մի նոր պարտադրում է նորովի անցնել արդեն անցած ճանապարհն ու գալ դեպի նոր հանգրվաններ: Ես բավական երկար կյանք եմ ապրել, բավական շատ Նոր տարիներ եմ դիմավորել: Ամեն անգամ ինքս ինձ ներշնչել եմ, որ հնից պետք է վերցնել միայն լավագույնը, այն ամենը, ինչն իր մեջ դասեր է պարունակում…

Հիմա էլ նույն զգացողությամբ եմ հրաժեշտ տալիս հին տարուն և սպասում նորին: Անցնող տարում շատ լավ գործեր են արվել, շատ լավ հիշողություններ ունեմ: Անցնող տարում իմ աշակերտներից շատերը մեծ հաջողությունների հասան, և ես ուզում եմ, որ արդեն 2013-ին այդ հաջողությունները բազմապատկվեն, լինեն նոր ձեռքբերումներ: Հին տարվա մեջ ես թողնում եմ իմ ամենօրյա աշխատանքը և գալիս դեպի նոր սկիզբը: Այսինքն, նորից ու նորից նորանալով…

Ուզում եմ իմ այս զգացողությունը փոխանցել բոլորին, նաև «Ավանգարդ» թերթի ընթերցողներին, ովքեր թերթի հետ հանդիպման շատ լավ առիթներ են ունեցել: Այդ առիթները թող դառնան լավ հիշողություններ, և ապրենք` նորանալով ու նորի հետ շփվելու մեծ ցանկությամբ: